Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Մայիս

Ուզում ենք մեր պատրիարքին ընտրել. Գարո Փայլան


ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը դեմ է արտահայտվել պատրիարքական փոխանորդի պաշտոնին Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին թողնելու թուրքական իշխանությունների որոշմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորը գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:

«Հայոց պատրիարքարանում հարկադիր կատարողի նշանակելու համար ինտրիգներ են գործի դրվել: Սակայն մենք չենք ընդունում հարկադիր կատարողին: Ուզում ենք մեր պատրիարքին ընտրել»,- գրել է Փայլանը:

Ստամբուլի նահանգապետարանը փետրվարի 5-ին ուշացած պատասխանել էր Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ ամիսներ առաջ հայկական կողմի ուղարկած դիմումին՝ հայտնելով, որ չի ճանաչում Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին որպես պատրիարքական տեղապահ: Ստամբուլի փոխնահանգապետ Իսմայիլ Գյուլթեքինի կողմից ստորագրված նամակում նշվել է, որ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը դեռևս ողջ է և հետևաբար չկան անհրաժեշտ պայմաններ նոր պատրիարքի ընտրության համար: Նույն հայտարարության մեջ ասվում էր, որ թուրքական իշխանությունները շարունակում են ճանաչել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին՝ որպես պատրիարքական փոխանորդ:

Այս հայտարարությունից հետո Պոլսո Հայոց պատրիարքարանի Կրոնական ժողովը փետրվարի 9-ին որոշում է կայացրել այն մասին, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կշարունակի պաշտոնավարել որպես պատրիարքական փոխանորդ:

Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, ով 2017 թվականի մարտի 15-ին Հոգևոր խորհրդի կողմից ընտրվել էր պատրիարքական տեղապահի պաշտոնում, հայտարարել էր Ստամբուլից հեռանալու որոշման մասին:

 

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ