Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Փետրվար

Հայկոն երաժշտասերներին կներկայացնի «Սիրում եմ» երգի տեսահոլովակը


ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոլոր սիրահարների տոնի՝ Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ, ՀՀ վաստակավոր արտիստ կոմպոզիտոր և երգիչ Հայկոն փետրվարի 14-ին երկրպագուներին կներկայացնի «Սիրում եմ» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:

«Երգը գրել ենք Ավետ Բարսեղյանի հետ, հոլովակի ռեժիսորն իմ ընկեր Ավիկ Սանիչն է Խորվաթիայից: Փորձել ենք ամեն ինչ անել, որ երգն ու տեսահոլովակը յուրահատուկ լինեն: Այն լավ նվեր կարող է լինել Սուրբ Վալենտինի տոնի կապակցությամբ»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց երգիչը:

Հայկոն պատրաստվում է նաև հանրության դատին հանձնել սեպտեմբերին կայացած մենահամերգի աուդիո և վիդեոտարբերակները: Սրանցում երգիչը կենդանի հնչողությամբ ներկայացրել է հին ու սիրված երգեր, նոր կատարումներ: Հնչել է նաև ֆիլմերի համար Հայկոյի հեղինակած երաժշտությունը: 

Տարիներ շարունակ Հայկոն հրաշալի երգեր է գրել հայտնի երգիչ-երգչուհիների՝ Սիրուշոյի, Տիգրան Պետրոսյանի, Հռիփսիմե Հակոբյանի և այլոց համար: Երգահանն ընդգծեց, որ հեռանկարում պատրաստվում է համագործակցել Ռուսաստանում ստեղծագործող երգիչ Գագիկ Եզակյանի հետ: «Նա  հետաքրքիր  երգիչ է և հրաշալի է կատարում Առնո Բաբաջանյանի գործերը»,-ասաց Հայկոն:

Հայկոն (Հայկ Հակոբյան) ծնվել է 1973 թվականի օգոստոսի 25-ին Երևանում: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Տարբեր տարիների Հայկական երաժշտական ամենամյա մրցանակաբաշխությունում արժանացել է «Տարվա լավագույն երգիչ»,  «Տարվա լավագույն նախագիծ», «Տարվա լավագույն ալբոմ», «Տարվա լավագույն տեսասկավառակ» և այլ մրցանակների:

2007 թվականին «Anytime you need» երգով ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում՝ զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը: Հեղինակել է «Մի վախեցիր», «Ոչինչ չի մնա», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը», «Հոբելյանական հաճախորդ», «Վանա ծովուն արշալույսը», «Գարեգին Նժդեհ», «Մեր սրտի տնակը» և այլ ֆիլմերի երաժշտությունը: Թողարկել է «Ռոմանս», «Նորից», «Մի խոսքով», «Ես քեզ սիրահարվել եմ» ձայնասկավառակները, ունի շուրջ 20 տեսահոլովակ: 

Անժելա Համբարձումյան




Մրցույթ

«Մեկ անգամ Հայաստանում»

Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ