Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Փետրվար

Ընթացիկ տարում Հայաստանում կգործարկվի 8 համակարգային արևային կայան


ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ընթացիկ տարում Հայաստանում կգործարկվի 8 համակարգային արևային կայան: Ինչպես «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը, 2017 թվականին Հայաստանում գործարկվել է 3 համակարգային արևային կայան գումարային 2.5 ՄգՎտ  հզորությամբ: Կայանները գործում են Կոտայքի, Արմավիրի, Արագածոտնի մարզերում:

«Հայտարարված է մրցույթ Մասրիկում 55 ՄգՎտ հզորությամբ կայանի կառուցման համար: Այն ներդրողը, որը կառաջարկի նվազագույն սակագինը, կստանա իրավունք այդտեղ 55 ՄգՎտ հզորությամբ կայան կառուցելու համար: Եթե խնդիրներ չառաջանան, կարծում եմ, որ մեկ, երկու ամսվա ընթացքում մրցույթի աշխատանքները կավարտենք, կներկայացնենք արդյունքները:  Ասեմ, որ դիմողները շատ են, փաթեթը վերցրել էին 60-ից ավելի կազմակերպություն, նախաորակավորման փուլի համար դիմել էր 20 կազմակերպություն, որից 10-ն անցել էր այդ շեմը: Բոլորը միջազգային հեղինակավոր լուրջ ընկերություններ են, համապատասխանում են մեր կողմից նշված չափանիշներին: Ընկերությունները ներկայացնում են Կորեան, Հնդկաստանը, Եվրամիություն, ԱՄՆ-ն»,-ասաց Հայկ Հարությունյանը:

Անդրադառնալով հողմային էներգետիկայի ոլորտում առկա զարգացումներին` Հայկ Հարությունյանը նշեց, որ նախորդ տարի տրվեց երկու խոշոր ներդումային ծրագրի մեկնարկ:  «Աքսիոնա Էներգիա Գլոբալ Էս. Էլ.» իսպանական ընկերության կողմից Գեղարքունիքում տեղադրել է չափիչ կայան, որի նմանը  Հայաստանում չի եղել: Փոխնախարարի խոսքով, ռեսուրսի չափման դրական արդյունքի դեպքում կկառուցվի մինչև 150 Մգվտ կայան: Այս ոլորտում հաջորդ ծրագիրն իրականացվում է էմիրաթական «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ» ընկերության կողմից: Ներկայում տեղադրվել է մեկ աշտարակ, ապրիլին ևս երկրորդ  կայանի տեղադրումն է սպասվում: Նշված ընկերության կողմից Գեղարքունիքի մարզում նախատեսում է 100 ՄգՎտ հզորությամբ կայանի կառուցում: Հայկ Հարությունյանը տեղեկացրեց, որ 1 ՄգՎտ-ի համար պահանջվում է 1-1.3 մլն եվրոյի չափով ներդրում: Առնվազն 150 մլն եվրո ներդրում է ակնկալվում 150 ՄգՎտ հզորությամբ կայանի կառուցման դեպքում:




Մրցույթ

«Մեկ անգամ Հայաստանում»

Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ