1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մարինա Գրիգորյանը Սումգայիթի դեպքերի ավելի խորը և հանգամանալից ուսումնասիրության անհրաժեշտություն է տեսնում

Մարինա Գրիգորյանը Սումգայիթի դեպքերի ավելի խորը և հանգամանալից 
ուսումնասիրության անհրաժեշտություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը գտնում է, որ Սումգայիթի ողբերգության վերաբերյալ ուսումնասիրությունները պետք է շարունակվեն և լինեն ավելի խորը ու հանգամանալից: «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը Մարինա Գրիգորյանն ընդգծեց, որ Սումգայիթում տեղի ունեցած վայրագությունները փաստաթղթավորված են` շեշտելով, այդ փաստաթղթերը ոչ միայն ականատեսների վկայություններն են, որ իրենք շարունակում են հավաքագրել, այլ նաև պաշտոնական փաստաթղթեր, այսինքն` քննչական նյութեր, դատական նյութեր, տեսագրություններ, ջարդերի ժամանակ արված տեսանյութեր և լուսանկարներ:

«Այս ուսումնասիրությունների արդյունքում մենք եկել ենք շատ հստակ եզրակացությունների, որոնցից առաջինն այն էր, որ Սումգայիթում առաջին անգամ դրսևորվեցին մի շարք օրինաչափություններ, որոնք այս երեսուն տարիների ընթացքում կրկին ի հայտ եկան և ցույց տվեցին, որ Ադրբեջանում անցած 3 տասնամյակների ընթացքում հայերի նկատմամբ իրականացվել է ցեղասպան քաղաքականություն` առաջին հերթին խաղաղ բնակչության նկատմամբ»,- ասաց Գրիգորյանը:

Նա շեշտեց` փաստերը հստակ ցույց են տալիս,  որ Սումգայիթի հանցագործությունը կազմակերպված է եղել Ադրբեջանի իշխանությունների կողմից` Խորհրդային իշխանության սպասողական վիճակի պայմաններում: «Մենք ունենք բազմաթիվ վկայություններ: Մենք վերցնում ենք ոչ միայն Սումգայիթի ազգությամբ հայ բնակիչների, այլ առաջին հերթին ադրբեջանցի վկաների ցուցմունքները, դատական և քննչական նյութերը: Այսօր Ադրբեջանում կան հասարակական կամ քաղաքական գործիչներ, ովքեր իրենց երկրի մասին ժամանակ առ ժամանակ բացահայտումներ են անում, վերցնում ենք նաև այդ նյութերը»,- նշեց «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավարը:

Նա մանրամասնեց, որ Ադրբեջանում Զարդուշտ Ալիզադե անունով քաղաքական գործիչ կա, ով իր «Երկրորդ հանրապետության վերջը» գրքում գրում է, որ փետրվարի 26-ին Սումգայիթ են ժամանել Ադրբեջանի առաջին դեմքերը. նրանք անցկացրել են խորհրդակցություններ, որից հետո փետրվարի 27-ին ցույց է եղել Սումգայիթի գլխավոր հրապարակում, իսկ դրանից հետո սկսվել են ջարդերը: «Այսինքն` Ադրբեջանի իշխանությունների ներկայության պայմաններում Սումգայիթում սկսվել են հայերի դեմ ուղղված այդ ցեղասպան գործողությունները: Սումգայիթի այն ժամանակվա գործկոմի ղեկավար Էմինբելին խոստովանել է, որ նույնիսկ փետրվարի 28-ին առավոտյան անց են կացվել հանրահավաքներ, որոնց մասնակցել է քաղաքի ղեկավարությունը, այնտեղ հնչել են հակահայկական կոչեր, իսկ դրանից հետո ջարդերը կրկին շարունակվել են»,- ասաց Մարինա Գրիգորյանը:

Նա հավելեց, որ կան բազմաթիվ տեսագրություններ, որտեղ երևում է, թե ինչպես են Ադրբեջանի հատուկ ծառայությունները ղեկավարում ջարդերը: Դրանք շատ բաց ցույց են տալիս, թե ինչպես են Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակիցները  մեքենայում նստած տեսագրում այդ ջարդերը և ցուցումներ են տալիս, թե ցուցարարներն ուր գնան և ինչ անեն: «Սումգայիթի ջարդերն Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված լինելու ևս մեկ ապացույց է այն, որ գործադիր մարմնի աշխատակիցների խոստովանությունն է, որ Բաքվից ջարդերի հետևանքները ոչնչացնելու հրահանգ են ստացել»,- ընդգծեց Գրիգորյանը:

Եզրափակելով խոսքը` Մարինա Գրիգորյանը հիշեցրեց, որ Սումգայիթի կոտորածներին զոհ գնացած հայերի թիվը պաշտոնապես 27 է, սակայն շեշտեց, որ իրենց ունեցած տվյալներով այդ վայրագությունների հետևանքով զոհված հայերի թիվն ավելի մեծ է: Նա նշեց, որ ունեն լուսանկարներ Բաքվի և Սումգայիթի դիահերձարաններից, որտեղ կան սպանվածների մարմիններ, որոնց անունները պաշտոնական ցուցակում նշված չեն: Նաև այդ օրերին իրենց հարազատներին դիահերձարաններ տարած հայերն են վկայել, որ դիահերձարաններում տեսել են բազմաթիվ անճանաչելի դիակներ, որոնք խոշտանգված և վառված են եղել:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]