Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Օգոստոս

Հայաստանում արևային ջրատաքացուցիչներից օգտվողների թիվն ամեն տարի աճում է

Հայաստանում արևային ջրատաքացուցիչներից օգտվողների թիվն ամեն տարի աճում է

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում արևային ջրատաքացուցիչներից օգտվողների թիվն ամեն տարի աճում է: Ինչպես «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը, արդյունքները բավական գոհացուցիչ են:

«Չգազիֆիկացված համայնքներում նախորդ տարի մենք իրականացրեցինք բավական լայնածավալ աշխատանք: Լեռնամերձ համայնքն ամբողջությամբ հելիոֆիկացվել է, տեղադրվել են արևային վահանակներ բոլոր տների տանիքներին: Այդ ծրագրի դրական արդյունքներից ելնելով` մենք մշակեցինք նոր ծրագիր չգազիֆիկացված համայնքների համար: Տարվա ընթացքում տեսանք, որ 310 հավելյալ տեղադրումներ կատարվեցին հատուկ ծրագրի շրջանակներում: 300-ից ավելի էլ տեղադրումներ եղան  տարբեր վարկային ծրագրերով: Մեր հաշվարկներով ներկայում կա 2 հազար ֆիզիկական և իրավաբանական անձ, ով օգտվում է արևային ջրատաքացուցիչներից և 252` արևային ֆոտովոլտային կայաններից օգտվողներ: Երբ նայում ենք դինամիկան, տեսնում ենք, որ 2014 թվականից ի վեր արևային ջրատաքացուցիչների թիվն ամեն տարի կրկնապատկվում է»,-ասաց Հայկ Հարությունյանը:

Խոսելով արևային վահանակների արտադրության մասին` Հայկ Հարությունյանը նշեց, որ 2017 թվականին գործարկվեց առաջին արևային վահանակների արտադրությունը Հայաստանում` «Սոլարոն» ընկերության կողմից: Փոխնախարարը նշեց, որ այդ ընկերությունը բավական ակտիվ աշխատում է:

«Ընկերության ամենախոշոր կայանը բացվեց Տավուշի մարզում: Ես պարբերաբար հետևում եմ այդ կայանի արտադրանքին, կարող եմ ասել, որ բավական զարմացնող արդյունքներ է տալիս: Դրվածքային հզորությունը եղել է 147.8 կՎտ, այս տաք ձմեռային եղանակի պայմաններում, օր է եղել, որ մինչև 153 կՎտ է արտադրել, այսինքն` նախագծայինից ավելի: Սա հուսադրող է մի քանի ուղղություններով: Տավուշի մարզում մեր ուսումնասիրությունները ցույց  էին տալիս, որ ռեսուրսները համեմատած այլ շրջանների այդքան լավը չեն, բայց այս ծրագիրը ցույց տվեց, որ այստեղ ունենք տնտեսապես շահավետ ռեսուրս: Հաջորդն այն է, որ մեր տեղական արտադրանքի վահանակներն իրականում իրենց շատ լավ են դրսևորում»,-ասաց նա:

Փոխնախարարը նշեց, որ այս տարի նախատեսվում է ևս մեկ ներդրումային ծրագրի իրականացում, որի մեկնարկը տրվեց 2017-ին, խոսքը նման վահանակների արտադրության մասին է: Կառավարությունը տվել է մաքսային, հարկային արտոնություն սարքավորումների ներմուծման և  ներդրման փուլում: Ծրագրի գործարկումը կլինի Կոտայքի մարզում` «Մուլտիսոլար» ընկերության կողմից:

Հայկ Հարությունը տեղեկացրեց, որ մի շարք այլ ներդրումային ծրագրեր ևս կան, որոնք քննարկման փուլում են, շոշափելի հստակեցումների դեպքում կներկայացվեն հանրությանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ