Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս

ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6 տոկոս


ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը փետրվարի 13-ի նիստում  որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, 2018 թ. հունվարին արձանագրվել է 2.7% գնաճ՝ գրեթե նույնքան, որքան նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշն է, որի պարագայում 12-ամսյա գնաճն ամսվա վերջի դրությամբ կազմել է 2.7%, ընդ որում` հարկային և մաքսային փոփոխությունների ուղղակի և անուղղակի ազդեցությունները գտնվել են ԿԲ կողմից գնահատված չափի սահմաններում:

Արտաքին հատվածում փաստացի զարգացումներն հիմնականում արտահայտվել են  համաշխարհային տնտեսության աճի բարելավման շարունակվող միտումներով և միջազգային որոշ ապրանքային շուկաներում պահպանվող գնաճային միջավայրով: Այս պարագայում արտաքին հատվածից ԿԲ խորհուրդը շարունակում է ակնկալել արտաքին պահանջարկի ընդլայնմանը զուգահեռ թույլ գնաճային ազդեցություններ:

Խորհուրդը գնահատում է, որ 2017 թ. չորրորդ եռամսյակում դիտվել է բավականին բարձր տնտեսական ակտիվություն՝ հիմնականում պայմանավորված ծառայությունների և արդյունաբերության ոլորտներում դիտված բարձր աճերով: Բարձր տնտեսական ակտիվությունն ուղեկցվել է ներքին մասնավոր պահանջարկի աճի արագ տեմպերով, որին շարունակում են նպաստել ընդլայնող դրամավարկային քաղաքականությունը և ֆինանսական համակարգի կողմից տնտեսության վարկավորման համեմատաբար բարձր աճը:  Այնուամենայնիվ, պահանջարկի վերականգնման կայունությունը ապահովելու համար դեռևս պահպանվում է դրամավարկային խթանման անհրաժեշտությունը, առավել ևս, որ լրացուցիչ գնաճային սպասումները բավականին թուլացել են:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել դրամավարկային պայմանների ներկա մակարդակը: Միևնույն ժամանակ Խորհուրդը գտնում է, որ կանխատեսված զարգացումների ներքո միջնաժամկետում անհրաժեշտ կլինի դրամավարկային խթանող պայմանների աստիճանական չեզոքացում՝ գնաճի նպատակի իրագործման համար: Արդյունքում ակնկալվում է, որ գնաճը կշարունակի աստիճանաբար ավելանալ, տատանվելով թույլատրելի միջակայքում, հետագայում կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ:

Տնտեսական զարգացման հեռանկարներից և գնաճի վերականգնման հետագծից շեղման ռիսկերի դրսևորման պարագայում ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները:

Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մինչև 2018 թ. փետրվարի 27-ը հրապարակվելիք Գնաճի հաշվետվությունում (Դրամավարկային քաղաքականության 2018 թ. առաջին եռամսյակի ծրագրում):




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ