Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Փետրվար

Թուրքիայի նախագահը սպառնացել է Հունաստանին


ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  կոշտ  անդրադարձ է կատարել հույների կողմից Կիպրոսում նավթ արդյունահանելու փորձերին և  Էգեյան ծովի կղզիներում Հունաստանի ծավալած գործունեությանը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Արդարություն և զարգացում կուսակցության խմբակցության նիստի ժամանակ դիմելով Հունաստանին՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է, որ թուրքական ռազմական ուժերը կարող են ցանկացած պահի քայլեր կատարել:

«Մեր ռազմանավերը, օդուժը և մյուս անվտանգության միավորումները այս պահին ուշադիր հետևում են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և լիազորված են իրականացնելու ցանկացած միջամտություն»,- նշել է Էրդողանը:

Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը փետրվարի 12-ին հայտարարել է, որ Թուրքիան խախտում է միջազգային իրավունքը եւ Կիպրոսի սուվերեն իրավունքները՝  խանգարելով հորատմանը Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում: Թուրքական նավատորմի նավերը փետրվարի 9-ից շրջափակել են Saipem 12000 հորատման լողացող կայանքը, որը Կիպրոսի ԲՏԳ-ում հորատում է իրականացնում ENI իտալական նավթային ընկերության համար, եւ նրան թույլ չեն տալիս անցնել ԲՏԳ-ի թիվ 3 բլոկ եւ սկսել աշխատանքը: Մինչ այդ ENI իտալական նավթային ընկերությունը, ֆրանսիական Total-ի հետ, հորատման աշխատանքներ էր կատարում Կիպրոսի ԲՏԳ-ի թիվ 6 տեղամասում, եւ փետրվարի 8-ին նրանք հաստատել են գազի պաշարների առկայությունը «Կալիպսո-1» հանքավայրում: Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը փետրվարի 11-ին հայտարարել էր, որ Թուրքիան շարունակում է սադրանքները կիպրական ԲՏԳ-ում եւ նշել, որ Նիկոսիան մտադիր է հասնել Անկարայի կողմից միջազգային իրավունքի խախտումների դադարեցմանը: Հունաստանի ԱԳ նախարարությունը անօրինական է որակել Թուրքիայի գործողությունները:

 




Մրցույթ

«Մեկ անգամ Հայաստանում»

Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ