Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Մայիս 2022

Ալիևն արտահերթ ընտրություններով խուսափում է ներքին խմորումներից. Իսկանդարյան  

Ալիևն արտահերթ ընտրություններով խուսափում է ներքին խմորումներից. 
Իսկանդարյան

 

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, արտահերթ ընտրություններ անցկացնելով, միանգամից լուծում է մի քանի խնդիր: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով` Ալիևը դա անում է առաջին հերթին ընտրություններից առաջ քաղաքական և  տնտեսական խնդիրներից խուսափելու համար:

«Ալիևն առաջին հերթին ներքին քաղաքական հակասություններն է լուծում, որոնք Ադրբեջանում սովորաբար աննկատ են մնում հասարակության աչքերից: Դա միայն երևում է Ադրբեջանի իշխանությունների կողմից բարձրաստիճան պաշտոնյաներին պաշտոնանկ անելով: Փաշաևների ընտանիքը, որոնք նախկինում տնտեսական ոլորտում էին իշխում, ներկայումս քաղաքական դաշտում են ակտիվանում: Այսպիսով, ներքին խմորումներից խուսափելու համար Ալիևը ցանկանում է շուտ անցնել ընտրությունների փուլը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 13-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Իսկանդարյանը:

Քաղաքագետի կարծիքով` Ալիևը, ընտրություններ շուտ անցկացնելով, խուսափում է նաև ընտրությունից առաջ հասարակությունում սոցիալ-տնտեսական դժգոհություններից, որոնք, հնարավոր է, հասունանան նավթի գների անկմամբ: 

«Բացի այդ, Ալիևի կողմից որոշում կայացնելու «սխեմա»-ն դեգրադացվում է: Դա հաճախ լինում է իշխանությունում երկար մնացող առաջնորդների մոտ, իսկ հայր և որդի Ալիևները արդեն կես դար իշխում են Ադրբեջանում»,- ասաց Իսկանդարյանը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` «Երևանը ադրբեջանական քաղաք դարձնելու» վերաբերյալ հայտարարությունները, քաղաքագետի համար պարզ են և հասկանալի:

« Ի վերջո ընտրություններ են մոտենում, պետք է ինչ-որ ձևով ուժ ցույց տալ: Ադրբեջանի քաղաքական էլիտան կարծում է, որ ներքին լսարանը կլանելու է այդ հայտարարությունները: Ընդհանրապես` Ղարաբաղյան հակամարտությունը Ադրբեջանի քաղաքական էլիտան օգտագործում է շատ վաղուց: Դա կարելի է ասել ադրբեջանական իշխանության հիմնական քարն է, որի վրա միավորում է հասարակությունը»,- ասաց Իսկանդարյանը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]