Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արմեն Սարգսյանը շրջայց կատարեց Երևանի ֆիզմաթ, «Այբ» դպրոցներում և «Հայաստան» համահայկական հիմնադրամում

Արմեն Սարգսյանը շրջայց կատարեց Երևանի ֆիզմաթ, «Այբ» դպրոցներում և 
«Հայաստան» համահայկական հիմնադրամում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված, Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումները հասարակական, կրթական, քաղաքական և գիտական տարբեր շրջանակների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  փետրվարի 12-ին Արմեն Սարգսյանը շրջայց կատարեց Երևանի ֆիզմաթ դպրոցում, Այբ դպրոցում և «Հայաստան» համահայկական հիմնադրամում:

Ֆիզմաթ դպրոցում Արմեն Սարգսյանը եղավ մի շարք լսարաններում, շփվեց դպրոցի սաների հետ, խոստացավ մեկ ամիս հետո ևս այցելել և տեսնել նրանց աշխատանքի արդյունքները: Այնուհետև լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ մտահոգիչ է այն հանգամանքը, որ դպրոցի սաների մեծ մասը նախընտրում են կրթությունը շարունակել արտերկրում:

«Սա 1980-ականների լավագույն դպրոցներից մեկն է, որը հիմնվել Երևանի պետական համալսարանի կողմից և միշտ համալսարանին փայլուն սերունդ է տվել: Դրա համար հրաշալի կլինի, եթե երեխաները դպրոցում ուսումն ավարտելուց հետո ցանկալի կլինի, որ երեխաները իրենց ուսումը շարունակեն Հայաստանի բուհերում, ոչ թե արտերկրում: Ես որևէ ձևով չեմ ցանկանում նսեմացնել աշխարհի լավագույն համալսարանները, սակայն իմ անձնական փորձը բերեմ´ ես սկսել եմ Երևանի պետական համալսարանից , ես էլ եմ մասնակցել օլիմպիադաների, պաշտպանել եմ իմ առաջին դիսերտացիան, իսկ հետո, երբ մեկնել եմ արտասահման´ Գերմանիա, Բրիտանիա, ԱՄՆ կամ այլ երկրներ, միշտ հպարտությամբ եմ ասել, թե որտեղից եմ գալիս: Մեզ մոտ դպրոցական և համալսարանական կրթության մակարդակը եղել է շատ բարձր»,- ընդգծեց Սարգսյանը:

Նա վստահ է, որ հարկավոր է ամեն ինչ անել Հայաստանում երեխաների համար կրթական լավագույն պայմաններն ապահովելու համար, որպեսզի նրանք դպրոցն ավարտելուց հետո ցանկություն ունենան հենց Հայաստանի բուհերում շարունակել կրթությունը: Արմեն Սարգսյանը նշեց, որ նախագահ ընտրվելու պարագայում փորձելու է իր ներդրումն ունենալ կրթության ոլորտը զարգացնելու գործում:

Այնուհետև Արմեն Սարգսյանն այցելեց «Այբ» դպրոց, որտեղ նույնպես շրջեց մի քանի լսարաններում, զրուցեց երեխաների հետ, ծանոթացավ դպրոցի ուսումնական ծրագրերին:

«Հայաստան» համահայկական հիմնադրամում Արմեն Սարգսյանը շփվեց բաժիններով, ծանոթացավ հիմնադրամի առօրյային: Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը նրան ներկայացրեց հիմնադրամի բազմամյա գործունեությունը նշելով, որ Արցախում և Հայաստանում իրականացվել է ավելի քան 50 հազար ծրագիր, այդ ամենի համար ներդրվել է ավելի քան 350 միլիոն դոլար:

Արմեն Սարգսյանի հետ առանձնազրույցում Արա Վարդանյանը քննարկել է Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման, գործունեության արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելու հարցերը: Արա Վարդանյանն անդրադարձել է նաև հիմնադրամի ընթացիկ ծրագրերին, ներկայացրել ամենամյա դրամահավաքի արդյունքում կատարվող աշխատանքները:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]