Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան այցի արդյունքներով հայտարարություն են տարածել

Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան այցի արդյունքներով 
հայտարարություն են տարածել

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) տարածաշրջան կատարած այցի արդյունքներով հայտարարություն են տարածել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ գրասենյակից, հայտարարության մեջ համանախագահները հիշեցրել են, որ փետրվարի 7-ին այցելել են Բաքու՝ հանդիպելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, իսկ փետրվարի 9-ին Երևան՝ հանդիպելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Համանախագահները հանդիպել են նաև երկու երկրի արտաքին գործերի նախարարների հետ, այնուհետև փետրվարի 9-11-ն այցելել Լեռնային Ղարաբաղ՝ հանդիպելու դե-ֆակտո իշխանությունների հետ, եղել Զանգելանի (Կովսական), Կուբաթլուի, Աղդամի (Ակնա), Լաչինի (Բերձոր) և Քելբաջարի (Քարվաճառ) շրջաններում: Հանդիպումներին ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

«Համանախագահներն ընդգծել են 2017 թվականի հոկտեմբերին Ժնևի, իսկ ավելի վաղ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում ձեռք բերված բոլոր հանձնառությունների իրականացման կարևորությունը:

Համանախագահներն արտահայտել են իրենց խորը մտահոգությունը շփման գծում մահվան վերջին դեպքերի առնչությամբ: Համանախագահները կոչ են անում կողմերին ձեռնարկել հավելյալ քայլեր լարվածության թուլացման նպատակով՝ ինչի վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել Ժնևում, ինչպես նաև հարգել հրադադարի ռեժիմը»,- ասվում է համանախագահների հայտարարության մեջ: Նրանք հորդորել են կողմերին զերծ մնալ սադրիչ հայտարարություններից և գործողություններից:

Մինսկի խմբի համանախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ օգնելու կողմերին գտնել հակամարտության խաղաղ կարգավորումը՝ հիմնված Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների վրա, որն իր մեջ ներառում է ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը և ժողովուրդների հավասար իրավունքներն ու ինքնորոշման իրավունքը:

«Համանախագահները ողջունել են կողմերի արտահայտած մտադրությունը՝ շարունակելու ինտենսիվ բանակցությունները՝ հաշվի առնելով ներկայիս ընտրական ժամանակաշրջանը»,- ասվում է հայտարարության եզրափակիչ հատվածում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]