Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Սեպտեմբեր

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները


ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

Ղարաբաղյան հակամարտություն

ՀՀ ԱԳ Էդվարդ Նալբանդյանն ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։ Համանախագահները տեղեկացրել են  Բաքվում իրենց ունեցած հանդիպումների մասին։ ՀՀ ԱԳ նախարարն ու համանախագահները քննարկեցին հունվարին Կրակովում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման վերաբերյալ ձեռք բերված սկզբունքային համաձայնության հետ կապված հարցեր։ Էդվարդ Նալբանդյանը եռանախագահների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ ի տարբերություն համանախագահների ու Հայաստանի, Բաքուն այդպես էլ մինչ օրս որևէ հայտարարություն չի արել այդ համաձայնության վերաբերյալ և թե երբ է պատրաստ այն իրականացնել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Համանախագահները Նախագահ Սարգսյանին ներկայացրել են Բաքվում իրենց ունեցած հանդիպումների արդյունքները: Նախագահ Սարգսյանը, համանախագահների ուշադրությունը հրավիրելով Բաքվից հնչող վերջին հայտարարությունների վրա, նշել է, որ դրանք ևս մեկ վկայություն են, թե որքան հեռու է Ադրբեջանը Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացն առաջ մղելու պատրաստակամությունից, ինչպես նաև ցույց են տալիս, թե ինչպես է Բաքուն արձագանքում հասարակությունները խաղաղության պատրաստելու եռանախագահների շարունակական կոչերին։ Արցախի Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին։ Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ Արցախի ու Ադրբեջանի սահմաններին տիրող իրավիճակին առնչվող հարցեր: ԱՀ Նախագահը վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ վերստին կարեւորելով բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնման անհրաժեշտությունը եւ Արցախի մասնակցությունը հակամարտության կարգավորման բոլոր հարթություններում:

ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Ռազմիկի Քալանթարյանը: ԱՀ Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Հայկ Քալանթարյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Երևանը ադրբեջանական քաղաք դարձնելու» մասին հայտարարությունները, նրա կողմից Երևանը որպես «պատմական ադրբեջանական քաղաք» ներկայացնելը դառնում է միայն քամահրանքի և ծաղրի առարկա: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց արևելագետ Վարդան Ոսկանյանը: Իլհամ Ալիևը Հայաստանի վրա ճնշում գործադրելու և մի շարք այլ նմանատիպ ամպագոռգոռ հայտարարություններով հանդես է եկել Ադրբեջանում իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության 6-րդ համագումարի ընթացքում: «Ալիևի հորջորջանքները նպատակ ունեն Ադրբեջանի գավառական խավերին հավաստիացնելու, թե այդ երկրի նախագահը կարող է լրջագույն  քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ խնդիրները ուժային մեթոդաբանությամբ կարգավորելու առումով»,- ասել է արևելագետը։ Ադրբեջանի նախագահի հայտարարությունը անգրագետ, անիմաստ ու ծիծաղելի է համարում նաև ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԱԺ փոխխոսնակը նշեց, որ Ալիևի նման հայտարարությունները համեմատելի են նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի հայտարարությունների հետ: Ռուսական Взгляд-ը գրում է, որ նման հռետորաբանությունը կարող է Ալիևի համար օգտակար լինել կենցաղում, սակայն որևէ կերպ չի կարող ազդել իրական կյանքի վրա, այլ զուտ կարող է խթանել անառողջ երևակայություն՝ պատմության մեջ տվյալ երկրի տեղի, քսենոֆոբիայի և կենցաղային ռասիզմի առումով:

Հայոց ցեղասպանության դատապարտում

Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: 

 

ՀՀ-ում Լեհաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։

Թուրք պատմաբան Թաներ Աքչամը  հայտնել է անգլալեզու նոր՝ «Սպանության հրամանները. Թալեաթ փաշայի հեռագրերն ու Հայոց ցեղասպանությունը» գրքի լույս տեսնելու մասին: Նա հայտնել է, որ գրքում ներառված են երկու գլուխներ, որոնք չկան ավելի վաղ թուրքերեն հրատարակված «Նաիմ էֆենդու հուշագրությունները և Թալեաթ Փաշայի հեռագրերը» գրքում՝ հավելելով, որ գրքի անգլալեզու տարբերակում ոչ միայն ներկայացնում է նոր փաստաթղթեր, այլև քննարկում է «կեղծ ստորագրությունների» և «կեղծ ժամանակագրության» հարցը:

Հայաստան և աշխարհ

 ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին վերընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան քաջառողջություն և հաջողություններ նախագահի բարձր առաքելությունն իրականացնելու գործում:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Մալթայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նատաշա Մելի Դոդեյը։ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝ Հանրապետության Նախագահը նշել է, որ բարեկամ Շվեյցարիայից այսպիսի ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան մեկ անգամ ևս վկայում է հայ-շվեյցարական հարաբերությունների բարձր մակարդակի, ինչպես նաև երկու ժողովուրդների փոխադարձ համակրանքի մասին:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և կարևորել փոխայցելություններն ու նման հանդիպումները, որոնք նպաստում են երկկողմ միջպետական կապերի ամրապնդմանը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է խորացնելու Միացյալ Նահանգների հետ փոխգործակցությունը և զարգացնելու երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում: Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել վերընթաց զարգացող հայ-ամերիկյան հարաբերությունների մասին՝ երախտագիտություն հայտնելով ԱՄՆ-ին քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար: 

Հայաստանը թույլ չի տվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ Բելառուսին «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր վաճառել Ադրբեջանին: Այս մասին հայտնում է «Комсомольская правда Беларусь»-ը: «Մենք ցանկանում էինք Ադրբեջանին վաճառել «Պոլոնեզ»-ներ: Սակայն Հայաստանը՝ ՀԱՊԿ-ում մեր գործընկերը, դեմ էր դրան: Գործարքը չկայացավ»,- հայտնել է բելառուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Ալեսինը: Նա հավելել է նաև, որ ամենայն հավանականությամբ Բելառուսը շուտով սկսելու է ոչ մահաբեր զենքի վաճառքը Հայաստանին:

Հայաստանի «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը և Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA) պատրաստակամ են ամրապնդելու համագործակցությունը մեդիա ոլորտում: Այս մասին Բեյրութում հանդիպման ժամանակ խոսել են լրատվական գործակալությունների տնօրեններ Արամ Անանյանը և Լորա Սլեյմանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Սամվել Մկրտչյանը: «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանն ընդգծել է մեդիա համագործակցության կարևորությունը: «Իմ թիմն ու ես մշտապես մեր աշխատանքն ու գաղափարները նվիրում ենք հանուն լրագրության, լրատվական գործակալությունների ապագայի: Մեր գործընկերներին մեր իսկ կողմից ուղղվող առանցքային ուղերձներից մեկն այն է, որ ազգային գործակալությունների միջև համագործակցությունը լրատվական ինդուստրիայի ավելի լավ ու հաջող ապագայի հիմնաքարերից է: Մեր օրերում լրատվական գործակալությունները ողջ աշխարհում լրատվության ամենամեծ մատակարարներն են»,- ասել է Անանյանը:

Աշխարհի խոշորագույն առցանց տաքսի պատվիրելու համակարգը՝ Uber-ը և ռուսական Yandex-ն ավարտին են հասցրել Ռուսաստանում և հարևան երկրներում տաքսի ծառայությունների միաձուլման պայմանագիրը: Uber-ն ու հաճախ «Ռուսաստանի գուգլ» անվանվող Yandex-ը նախորդ տարի հայտարարել էին Ռուսաստանի 127 քաղաքներում, Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում և Ղազախստանում իրենց գործառույթների միավորման մասին:

Ներհայաստանյան զարգացումներ

Օպերատիվ տվյալների համաձայն` 2018թ. հունվարին՝ 2017թ. հունվարի համեմատ, արտահանումն աճել է շուրջ 43 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 55 տոկոսով: Ներկայացնելով նախնական տվյալները՝ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքը և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքը: 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան` մասնակցել բուհի հիմնադրման 95-ամյակի կապակցությամբ կազմակերպված հոբելյանական միջոցառմանը: Կրթության և գիտության բնագավառներում ունեցած վաստակի, ինչպես նաև բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հանրապետության Նախագահը համալսարանի մի խումբ աշխատակիցների բուհի հոբելյանի առթիվ պետական բարձր պարգևներ է հանձնել, շնորհել նաև վաստակավոր մանկավարժի կոչում: Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետի, կրթության և գիտության նախարարի, բուհի ռեկտորի, ՖԻԴԵ-ի նախագահի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջել է հանրապետությունում շախմատի ուսուցիչներ պատրաստող միակ ուսումնական հաստատության՝ մանկավարժական համալսարանի «Շախմատ» գիտահետազոտական նորաբաց ինստիտուտում, ծանոթացել ինստիտուտի գործունեության համար ստեղծված պայմաններին և ծրագրերին։

Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ (ՖԻԴԵ) Կիրսան Իլյումժինովը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանից ռևանշ է խնդրել, արագ շախմատում նրանք համաձայնել են ոչ-ոքիի: Լրագրողների հետ զրույցում խաղի մանրամասները ներկայացրեց ՖԻԴԵ-ի նախագահը, ով Երևանում է և մասնակցում էր Շախմատի գիտահետազոտական ինստիտուտի բացման արարողությանը: Նախագահ Սարգսյանն Իլյումժիմովին հաղթել է 2016թ. մարտին Մոսկվայում՝ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացման  հանդիսավոր արարողությանը մասնակցելուց հետո:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության՝ 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքները, ինչպես նաև 2018 թ. անելիքները: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ բնապահպանության նախարարություն՝ ծանոթանալու 2017թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018թ. անելիքներին: Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ մշակույթի նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ բնապահպանության նախարարություն՝ ծանոթանալու 2017թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018թ. անելիքներին:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վստահեցնում է, որ իր ակնկալած 830-840 միլիոն դոլարի ներդրումները Հայաստանում կատարվել են: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին, վարչապետն ընդգծեց, որ տվյալներն արդեն ամփոփել են և նշեց, որ 856 դոլարի ներդրում Հայաստանում կատարվել է, որից 580 միլիոն դոլարը մասնավոր սեկտորից է:

ՀՅԴ-ն ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությունը չպաշտպանելու որևէ պատճառ չի տեսնում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:  Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը բավարարված է Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից: Խորհրդարանում «Ելք» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ տեղի է ունեցել կառուցողական և բաց հանդիպում: «Շատ բաց, պրոֆեսիոնալ քննարկում ենք ունեցել, միմյանց հարցեր ենք ուղարկել: Ես ինքս ինձ բավարարված եմ զգում այս հանդիպումից: Եվ ասեմ, որ սա միակ հանդիպումը չի լինի: Մենք արդեն պայմանավորվել ենք հետագայում նոր հանդիպումների վերաբերյալ»,-  նշեց Սարգսյանը:

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագիծը և կից նախագծերի փաթեթը, որում ներառված է նաև դատական նիստի ընթացքում փաստաբանների նկատմամբ սանկցիա կիրառելու դրույթը: Հայաստանի բուքմեյքերական գրասենյակներում և խաղատներում անչափահասների կողմից խաղադրույքներ ընդունելու համար այսուհետև խիստ պատիժ կկիրառվի, իսկ անչափահասների՝ խաղատներ մուտքն արգելելը կկարգավորվի օրենքով: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀԿ և «Ելք» խմբակցություններ նախագծերը «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին»: Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքը: Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց աջ ղեկով մեքենաների ներմուծումը ժամանակավորապես արգելող օրենքի նախագիծը:  Հայաստանի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հանրային խորհրդի մասին օրենքի նախագիծը: ՀՀ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ բնապահպանության նախարարության և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։ Հուշագրի համաձայն՝ համատեղ գործողությունները կնպաստեն շրջակա միջավայրի պահպանությանը, բարելավմանը և վերականգնմանը, բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծմանը, էկոտուրիզմի զարգացմանը և վերահսկողության ուժեղացմանը։

Արցախի Պաշտպանության բանակում անցկացվել են մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումներ, որոնց ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ ներգրավվել են ՊԲ-ի, միավորումների և մի շարք զորամասերի վարչակազմերը, ղեկավարման և ապահովման մարմինները: Համաբանակային նշանակության գործընթացներին հետևում էին նաև ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչները՝ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի ղեկավարությամբ: Արդյունքների ամփոփման ժամանակ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարն ու ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը բարձր են գնահատել իրականացված մարտական պատրաստականության միջոցառումները և փաստել, որ ՊԲ-ն ունակ է ժամանակին և համարժեք արձագանքելու օպերատիվ մարտավարական իրադրության զարգացումներին և ըստ այդմ արդյունավետ հակազդել հակառակորդի հավանական գործողություններին:

Արարատի մարզի Մասիսի բժշկական կենտրոնի տնօրենը նույն հիվանդանոցի լաբորատորիայում մեզի անալիզի փոխարեն թեյի գույն է հանձնել և ստացել մեզի անալիզի պատասխան: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում փաստեց հիվանդանոցի տնօրեն Նունե Ավանեսյանը՝ աշխատողներին ստուգելու դրդապատճառ են եղել բազմաթիվ բնակիչների բողոքներ: Նրա խոսքով՝ աշխատողները մինչ այդ էլ բազմիցիս զգուշացում են ստացել: Լաբորատորիայում աշխատում էր 15 բուժաշխատող, ազատման դիմում է ներկայացրել 8-ը: Նրանք եղել են երկար տարիների աշխատողներ:

Սփյուռք

Լիբանանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանը և «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանն այցելել են Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի խմբագրություն: Այցի ընթացքում քննարկվել են հայկական տեղեկատվական դաշտի խնդիրները, Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի առթիվ միասնական միջոցառում՝ ցուցահանդես, խորհրդաժողով կազմակերպելու հնարավորությունները:

Ահաբեկչական խմբավորումներից կողմից Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Բաբ Թումա հայաշատ թաղամասի հրթիռակոծության  հետևանքով վիրավորվել է երկու հայ՝ քույր և եղբայր Լորիս ու Հակոբ Դեմիրճյանները: «Ավետիս Ահարոնյան» կենտրոնի սիրիահայերի ջանքերով վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն առաջադրել է Պատրիկ Հովակիմյանի թեկնածությունն ԱՄՆ արդարադատության նախարարության օտարերկրյա հայցադիմումների հանձնաժողովի անդամի պաշտոնում: 

Ստամբուլի նահանգապետարանն ի վերջո պատասխանել է Պոլսո հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ ամիսներ առաջ հայկական կողմի ուղարկած դիմումին՝ հայտնելով, որ չի ճանաչում Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին որպես պատրիարքական տեղապահ: Ստամբուլի փոխնահանգապետ Իսմայիլ Գյուլթեքինի կողմից ստորագրված նամակում նշվել է, որ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը դեռևս ողջ է և հետևաբար չկան անհրաժեշտ պայմաններ նոր պատրիարքի ընտրության համար: Ստամբուլի նահանգապետարանի միջոցով Թուրքիայի ներքին գործերի նախարարությունից Պոլսո Հայոց պատրիարքարան ուղղված նամակում պատրիարքական տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի մասին արված «այսպես կոչված» ձևակերպումը համայնքի շատ անդամների մոտ լուրջ դժգոհություն է առաջացրել: «Ակոս» պարբերականի սյունակագիր Օհաննես Քըլըչդաղըն անդրադարձել է նամակի բովանդակությանն ու մասնավորապես արված ձևակերպմանը «Այսպես կոչված պատրիարքական փոխանորդը» խորագրով հոդվածում: Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հանդիպել է հայ համայնքի ղեկավարների հետ՝ լսելով Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ հայկական կողմի պահանջները: Հայկական կողմի ելույթներից հետո նախարարը նշել է, որ պետությունը շարժվում է օրենքներով և նրա պարտականությունն է ճանաչել պատրիարքական փոխանորդին: Պոլսո Հայոց պատրիարքարանի Կրոնական ժողովը որոշում է կայացրել այն մասին, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կշարունակի պաշտոնավարել որպես պատրիարքական փոխանորդ:

«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Սփյուռք» կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանը, «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը Բեյրութում հյուրընկալվել են «Արարատ»-ի խմբագրատանը: Հանդիպման ընթացքում արծարծվել են մամուլի զարգացմանն ու ապագային առնչվող թեմաներ, հնչել են տարբեր տեսակետներ, անդրադարձ է կատարվել 2018-ին «Արմենպրես»-ի 100-ամյա հոբելյանին: Լիբանանի տեղեկատվության նախարարության հովանավորությամբ Թեքեյան կենտրոնում մեծ շուքով նշվել է «Զարթոնք» օրաթերթի 80-ամյակը:  ««Զարթոնք»-ը համահայկական լրատվական համապատկերում. մտորումներ ապագայի լրատվության մասին» խորագրով ելույթում Արամ Անանյանն անդրադարձել է ժամանակակից լրատվական մարտահրավերներին դիմակայելու գործում լիբանանահայ լրատվամիջոցի գովելի հետևողական աշխատանքին, ինչպես նաև «Արմենպրես»-ի և սփյուռքում գործող լրատվամիջոցների համագործակցությանը: «Ավելի քան հինգ տասնամյակ առաջ` 1967 թվականին, երբ ստեղծվեց Բեյրութի հետ հեռատիպային կապը, և «Արմենպրես»-ը սկսեց սփյուռքի թերթերին մայրենի լեզվով լուրեր հաղորդել, «Զարթոնքն» այն առաջին պարբերականներից էր, որին Հայաստանի հեռագրական գործակալությունը ամեն օր թարմ տեղեկություններ է տրամադրել թե՛ Հայաստանի, թե՛ աշխարհի անցուդարձից: Առանց չափազանցնելու կարելի է ասել, որ այդ պատմական իրադարձությունը նոր խթան հանդիսացավ Հայաստանի և սփյուռքի լրագրողների համար»,- նշել է տնօրենը:

Միջազգային խճանկար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է հրամանագիր երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։ Դրանք նշանակվել են 2018 թվականի ապրիլի 11-ին: 2018 թվականին լրանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնավարման ժամկետը: Նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային հոկտեմբերի 17-ին: Իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության թեկնածուն կրկին գործող նախագահ Ալիևն էր: Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդական Ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին ասել է, որ այդ քայլով Իլհամ Ալիևը ցանկանում է 4-րդ անգամ նախագահ ընտրվել,  ինչը միանգամայն անընդունելի է ընդդիմության համար: «Իլհամ Ալիևը գիտեր, որ ընդդիմությունը պատրաստվում է երկարաժամկետ քարոզարշավ իրականացնել ըհնտրակեղծիքների դեմ, և արտահերթ ընտրություններ նշանակեց, որպեսզի ընդդիմությանը զրկի բողոք արտահայտելու, թափանցիկ և ժողովրդավարական ընտրությունների պահանջ ձևավորելու հնարավորությունից»,- նշել է Ալի Քերիմլին:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նրա պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հեռախոսազրույցի ընթացքում քննարկելով Սիրիայի իրադրությունը, պայմանավորվել են ուժեղացնել երկու երկրների զինված ուժերի եւ հատուկ ծառայությունների գործողությունների համակարգումը ահաբեկիչների դեմ մղվող պայքարում:

Իտալիայի մայրաքաղաք Հռոմի հայտնի Սուրբ Հրեշտակի ամրոցի տարածքում, որը գտնվում է Վատիկանից 500 մետր  հեռավորության վրա, բողոքի ցույց է կազմակերպվել ընդդեմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ով այդ ժամերին հանդիպման էր Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ: Ինչպես հաղորդել է իտալա-արաբական «Ասսադակահ» կենտրոնի արտաքին հարցերով պատասխանատու, լրագրող Թալալ Խրայիսը, բողոքի ցույցին մասնակցում են ինչպես քրդեր, այնպես էլ իտալացիներ երկրի աջակողմյա և ձախակողմյա կուսակցություններից:

Ամերիկյան Dow Jones Industrial Average արդյունաբերական ինդեքսը 1 175 կետով (4,6 տոկոսով) շեշտակի նվազել է Նյու Յորքի ֆոնդային սակարանում կայացած սակարակությունների արդյունքներով: Դա ռեկորդային միօրյա անկում է ամբողջ պատմության ընթացքում, նշել Է Independent-ը: Բաժնետոմսերի համաշխարհային շուկան երկու շաբաթում միագումար կապիտալիզացիայի 5,2 տրիլիոն դոլար (կամ շուրջ 6 տոկոս) է կորցրել վայրիվերումների պատճառով:

Մշակույթ

Ամերիկաբնակ նկարիչ Միքայել Ջիհանյանի «Վերածնունդ» խորագրով ցուցահանդեսին ներկայացված էին տարիների ընթացքում ստեղծված 106 յուղաներկ և 177 գծանկար աշխատանքներ: Միքայել Ջիհանյանը (Ջիհան) ծնվել է 1934 թվականին Կահիրեում: Որոշ ժամանակ ապրել է Հայաստանում, այնուհետև երկար տարիներ ապրել Ֆրանսիայում, որտեղ մի շարք ցուցահանդեսներ է իրականացրել, արժանացել ոսկե մեդալների: Ներկայումս ապրում և գործունեություն է ծավալում ԱՄՆ-ում:  Մասնագիտությամբ ճարտարապետ է:

Գրականության ասպարեզում 2017 թվականին լավագույնը  ճանաչված ստեղծագործությունների հեղինակները Հայաստանի գրողների միության ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ ստացան իրենց պարգեւները:

«Արմենպրես»-ը շարունակում է ներկայացնել Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ գավաթները: Այս անգամ թանգարանի հնագիտության բաժնի ավագ գիտաշխատող Ջուլիետտա Կարապետյանը ներկայացրեց Սիսիանում 1970թ. բացված դամբարանից պեղված գավաթը (պեղումների ղեկավար՝Ժ. Խաչատրյան): Դամբարանից հայտնաբերված արծաթե գավաթները, թասերը և սկահակները մետաղի գեղարվեստական մշակման յուրօրինակ նմուշներ են: Հայտնաբերված գավաթներից մեկը առանձնանում է իր շքեղ հարդարանքով: Այն թվագրվում է մ.թ.ա. I դարի  կեսով:

Սպորտ

Նախագահ Սերժ Սարգսյանն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է ՖԻՖԱ-ի Աշխարհի առաջնության գավաթի ընդունման հանդիսավոր արարողությանը: Նախագահ Սերժ Սարգսյանը ոսկե գավաթը ընդունել է 1998 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության չեմպիոն Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում հանդես եկած Քրիստիան Կարամբյոյից:

Հարավկորեական Փհենչհան քաղաքում մեկնարկեցին 23-րդ Ձմեռային Оլիմպիական խաղերը:  Օլիմպիական խաղերի 16 օրերի ընթացքում կխաղարկվեն մեդալների 102 հավաքածուներ 15 մարզաձևերում: «Սպիտակ խաղերի» պատմության մեջ առաջին անգամ է, որ խաղարկվում է մեդալների 100-ից ավելի հավաքածու: Ձմեռային խաղերում ամենաշատ մեդալների հավաքածուներ կխաղարկվեն դահուկավազքում (14): Խաղերին մասնակցում են ձմեռային խաղերի համար ռեկորդային շատ մարզիկներ` 2952 մարզիկ աշխարհի 92 երկրից: Այս տարի ամենաշատ մասնակից Խաղերում ունի ԱՄՆ-ը` 242 մարզիկ: 23-րդ Ձմեռային Оլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկների՝ դահուկավազորդներ Միքայել Միքայելյանի ու Կատյա Գալստյանի, լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանի մրցելույթների ժամանակացույցը հայտնի է։ Փհենչհանի Ձմեռային 23-րդ օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը Հայաստանի դրոշակակիրը դահուկորդ Միքայել Միքայելյանն է լինելու. Հայաստանն առաջին պետությունն է աշխարհում, որը ներկայացնող մարզական ընտանիքի երեք անդամներ Օլիմպիական խաղերի պատմության մեջ դառնում են դրոշակակիրներ: Միքայել Միքայելյանից առաջ դրոշակակրի պատիվն ընձեռված է եղել նրա մորն ու եղբորը:

Երեւանում ապրիլի 15-19-ը կանցկացվի սուսերամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:

Երևանում մարտին բասկետբոլային միջազգային մրցաշար կանցկացվի, որին կմասնակցեն Երևանի «Ուրարտու», Թեհրանի «Արարատ», Թբիլիսիի «Հյունդա» և Մոսկվայի «Գազպրոմ» թիմերը:

Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը BBC-ի վարկածով ընդգրկվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: 

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Մոլդովայում տեղի ունեցած միջազգային մրցաշարում նվաճել է 4 ոսկե, 2 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ