Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս

Կարեն Կարապետյանը և Բրիջիթ Բրինքն ընդգծել են Վաշինգտոնում կայանալիք Հայ- ամերիկյան խորհրդի երկրորդ նիստի կարևորությունը


ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 9-ին ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը ողջունել է տիկին Բրինքի այցը Հայաստան և կարևորել բարձրաստիճան պաշտոնական փոխայցերը՝ հայ-ամերիկյան գործընկերային հարաբերությունների օրակարգը քննարկելու և զարգացման հեռանկարները նախանշելու առումով: Կարեն Կարապետյանն արդյունավետ է գնահատել այսօր կառավարությունում ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչների հետ Հայաստանում իրականացվող ծրագրերի վերաբերյալ կազմակերպված շնորհանդես-քննարկումը: Վարչապետ Կարապետյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը շարունակելու է բոլոր ոլորտներում սկսված բարեփոխումները՝ հստակ պատկերացնելով երկրի տնտեսական զարգացման և առաջընթացի տեսլականը:

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը ողջունել է ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումները՝ նշելով, որ այսօր գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ արդեն իսկ շատ դրական արձագանքներ է լսել հարկային ու մաքսային վարչարարության ոլորտում կատարվող փոփոխությունների և առաջընթացի վերաբերյալ: Բրիջիթ Բրինքն ընդգծել է, որ ԱՄՆ-ն ակտիվ աշխատում է հայաստանյան գործընկերների հետ՝ համագործակցության օրակարգն ընդլայնելու և տնտեսական կապերն առավել խորացնելու շուրջ:

Անդրադառնալով երկկողմ տնտեսական կապերի զարգացման հեռանկարներին՝ զրուցակիցները կարևորել են համատեղ հարթակների՝ Առևտրի և ներդրումների համաձայնագրի (TIFA) շրջանակում ստեղծված Հայ-ամերիկյան խորհրդի և Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը: Վարչապետն առաջարկել է դիտարկել մի շարք ոլորտներում (ՏՏ, գյուղատնտեսություն և այլն) բիզնես ծրագրերի իրականացման հնարավորությունները՝ գոհունակություն հայտնելով էներգետիկայի, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության բնագավառներում ընթացիկ գործակցությունից:

Երկուստեք կարևորվել է այս տարվա մարտին Վաշինգտոնում Հայ-ամերիկյան խորհրդի երկրորդ նիստի անցկացումը: Բրիջիթ Բրինքն ընդգծել է, որ «հանդիպումից ակնկալում ենք հստակ գաղափարներ մեր տնտեսական գործընկերությունն առաջ մղելու ուղիների վերաբերյալ»:

Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերի համատեքստում ՀՀ վարչապետը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը մտքեր են փոխանակել դատաիրավական ոլորտի, պետական կառավարման համակարգի բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում իրականացվող միջոցառումների, երկկողմ տնտեսական գործակցության զարգացման հեռանկարների շուրջ:

Զրուցակիցները վերահաստատել են արդյունավետ համագործակցությունը զարգացնելու և սերտացնելու պատրաստակամությունը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ