Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սփյուռքի նախարարությունում կայացել է Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական 4-րդ համաժողովին նվիրված տեսաժողով

Սփյուռքի նախարարությունում կայացել է Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական 4-րդ համաժողովին նվիրված տեսաժողով

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարությունում փետրվարի 9-ին տեղի է ունեցել տեսաժողով նախարարության և Ճարտարապետների ու ճարտարագետների համահայկական ընկերակցության մասնաճյուղերի ներկայացուցիչների միջև: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Հայաստանից տեսաժողովին մասնակցում էին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը, ՃՃՀԱ համանախագահ Գոհար Թութունջյանը, գործադիր տնօրեն Արփինե Դանիելյանը, նախարարության աշխատակիցներ:

Քննարկմանը տեսակապով միացել էին ընկերակցության Թուքիայի մասնաճյուղի համակարգող Ժան Գավրիլոֆը և Ռուսաստանի մասնաճյուղի համակարգող  Տելեմակ Անանյանը:

Ողջունելով մասնակիցներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց ընկերակցության ու նրա մասնաճյուղերի աշխատանքը և նշեց, որ դեռևս 2009 թվականին նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված ճարտարապետների համահայկական առաջին համաժողովը դարձավ մասնագիտական քննարկումների լուրջ հարթակ: «Եվ ահա այս տարի հոկտեմբերին՝ առաջին համաժողովից 10 տարի անց, մենք անցկացնելու ենք ճարտարապետների և ճարտարագետների համահայկական չորրորդ համաժողովը, որը, վստահ եմ, լինելու է ավելի կազմակերպված և արդյունավետ: Ընկերակցության սփյուռքյան մասնաճյուղերի ակտիվ աշխատանքի շնորհիվ մենք պետք է ընդլայնենք համաժողովի մասնակիցների աշխարհագրությունը, չէ որ համաժողովը հաջորդելու է Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման և Սարդարապատի հերոսամարտերի 100, Երևանի 2800 ամյակների տոնակատարություններին, Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին: Ճարտարապետների ու ճարտարագետների այս համաժողովը պետք է իրոք լինի տպավորիչ և պատշաճ կերպով եզրափակի տարին»,- ընդգծեց Հրանուշ Հակոբյանը:

Նախարարը կարևորեց նաև մասնագիտական հայրենադարձության խթանումը, մասնագիտական ցանցերի ստեղծումն ու ընդլայնումը, նրանց միջև սերտ համագործակցությունը, ինչը թույլ կտա և՛ նպաստել սեփական մասնագիտական որակների զարգացմանը, և՛ Հայրենիքի բարօրությանը:

Նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը տեսաժողովի մասնակիցներին ներկայացրեց համաժողովի օրակարգի նախնական տարբերակը և նշեց, որ համաժողովին ակնկալվում է մոտ 250 ճարտարագետների, ճարտարապետների, շինարարության ոլորտի մասնագետների մասնակցությունը:

ՃՃՀԱ համանախագահ Գոհար Թութունջյանը, խոսելով համաժողովի հիմնական նպատակների մասին, դարձյալ առանձնացրեց մասնագիտական հայրենադրձության խթանումը, հայկական ճարտարապետական ներուժի բացահայտումը, մասնագիտական տուրիզմի զարգացումը, պատմամշակութային հուշարձանների պահպանումը, հայաստանյան անշարժ գույքի շուկայի, նոր ճարտարապետական նախագծերի, կառույցների ներկայացումը  և այլն:

Ընկերակցության Թուքիայի մասնաճյուղի համակարգող Ժան Գավրիլոֆը ներկայացրեց կատարված աշխատանքները և տեղեկացրեց, որ արդեն իսկ համագործակցում են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ: Նա նաև նշեց, որ ուսումնասիրվում են թուրքական արխիվներ, բազմաթիվ այլ նյութեր, որոնք ներկայացնում են հայ ճարտարապետների ներդրումը թուրքական ճարտարապետության պատմության և զարգացման մեջ:

Նախարար Հրանուշ Հակոբյանն առաջարկեց համաժողովի շրջանակներում մեկ նիստ կամ հուշ-երեկո նվիրել ճարտարապետ Պալյանների ընտանիքի գործունեությանն ու թողած ժառանգությանը, համալսարաններում կազմակերպել նրանց նվիրված դասընթացներ, նկարահանել և հեռարձակել Պալյանների գերդաստանի մասին պատմող ֆիլմ: «Մեր նախնիիների հետքը պետք է սերունդներին փոխանցենք»,-հավելեց նախարարը:

Ընկերակցության Ռուսաստանի մասնաճյուղի համակարգող Տելեմակ Անանյանը կարևորեց հայ ճարտարապետության մասին համացանցում օտարալեզու տեղեկատվության բազմազանության խնդիրը, առաջարկեց համաժողովներում հնչող բոլոր ելույթները թվայանցնել, ստեղծել հատուկ պորտալ, որը թույլ կտա հայ ճարտարապետներին աշխարհի տարբեր ծայրերից մուտք գործել և վերբեռնել իրենց հոդվածները, հետազոտությունները, գիտական աշխատանքները: Մասնակիցներն առաջարկեցին նաև հայկական ճարտարապետության մասին տարաբնույթ նյութերով համալրել wikiart.org կայքը: Տելեմակ Անանյանն առաջարկեց նաև համաժողովի նախագծի 2-րդ՝ «Գիտության հիմնախնդիրները ճարտարապետության և ճարտարագիտության ոլորտում» ուղղությունում ավելացնել գիտական հետազոտություններին և ուսումնասիրություններին նվիրված նիստ: Ռուսաստանի մասնաճյուղի համակարգողը նշեց, որ ավելի նպատակահարմար կլինի համաժողովին նաև միջազգային գիտական կարգավիճակ տալ, ինչը կնպաստի երիտասարդ մասնագետների և դասախոսների ներգրավմանը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]