Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Հոկտեմբեր

«Ելք»-ի պատգամավորները հարցեր են հղել Արմեն Սարգսյանին և պատասխաններն ընդունել ի գիտություն


ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորները իշխող Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը բարձրացրել են իրենց հուզող հարցերի մասին և ստացած պատասխաններն ընդունել են ի գիտություն: Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո նախագահի պաշտոնում նրա թեկնածության վերաբերյալ խմբակցության քաղաքական դիրքորոշումը չի փոխվել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասներ ներկայացնելով Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից:

«Ես կարող եմ ասել, որ հանդիպման հենց սկզբում մենք արձանագրեցինք, որ մենք նախագահի մեր թեկնածուն ունենք, ով այս պահին դե յուրե թեկնածու չի: Նա ասաց, որ ինքն էլ դեռ դե յուրե թեկնածու չէ, և դեռ պետք է որոշում կայացնի: Մենք ասել ենք, որ մեր պատկերացրած նախագահի թեկնածուն Արտակ Զեյնալյանն է: Ես կարող եմ ասել, թե մենք ինչ հարցերի մասին ենք բարձրաձայնել հանդիպման ընթացքում: Նախ նախագահի պաշտոնում իր տեսլականի շուրջ է եղել խոսակցություն: Հետաքրքրվել ենք նրա տեսակետի շուրջ, թե ինչպես է վերաբերվում ներման համակարգի և նախագահի նստավայրի փոփոխությանը, ընտրակաշառքների, մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ իր դիրքորոշման մասին ենք հարցրել, փորձել ենք ճշտել նրա քաղաքացիության հետ կապված խնդիրները, որոնց մասին մամուլում գրվել է:  Նա պատասխանել է մեր հարցերին, մենք այդ պատասխաններն  ընդունել ենք ի գիտություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ այս պահին կոռեկտ չի համարում այդ պատասխանները հրապարակելը:  

Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ հանդիպման ընթացքում խոսակցություն է եղել հետագայում շփվելու, հանդիպումներ և քննարկումներ ունենալու վերաբերյալ: «Մենք ասել ենք, որ ինչպես այս հանդիպման դեպքում մենք հրապարակային հայտարարել ենք, որ պատրաստ ենք հանդիպման և քննարկման, այնպես էլ հետագայում պատրաստ կլինեն հանդիպումների և քննարկումների»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ՀՀ նախագահի պաշտոնում առաջարկել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Արմեն Սարգսյանը առաջարկի մասին մտածելու համար ժամանակ է խնդրել, իսկ այդ ընթացքում հանդիպումներ է ունենում քաղաքական, հասարակական, գիտական շրջանակների հետ: Արմեն Սարգսյանն արդեն հանդիպել է ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի ներկայացուցիչների, ինչպես նաև գիտնականների, շրջանավարտների, Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի անդամների հետ: Հանդիպումներ են կայացել նաև Սփյուռքում:

ՀՀ Նախագահի ընտրությունն Ազգային ժողովում տեղի կունենա մարտի 2-ին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ