Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Նոյեմբեր

Տյառնընդառաջին երիտասարդության, սիրո, ամուսնության գաղափարները վառ կարտահայտվեն խարույկի շուրջ


ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրակի մաքրագործող զորության հանդեպ ունեցած հավատին առնչվող Հայ Առաքելական  եկեղեցու  տերունական  տոներից  մեկը` Տյառնընդառաջը, իր շուրջ կհամախմբի և’ երեխաների, և’ երիտասարդների, և՛ տարեցների: Այն հանդիսավոր ձևով կնշվի փետրվարի 13-ին «Գառնի»  պատմամշակութային  արգելոց-թանգարանում: 

«Առաջին  անգամ  հուշարձանի  տարածքում   անցկացվող   ամենասիրված  ավանդական  տոներից  մեկն  այդ  օրը  «Գառնի»-ում  կմիավորի  մեր  հայրենակիցներից  շատերին` նորապսակների,  երիտասարդների:  Այն  կսկսվի  Գառնի համայնքի Սուրբ Խաչ  եկեղեցուց:  Ժամերգությունից  հետո  ճրագը  կտարվի  «Գառնի» արգելոց-թանգարան,  որտեղ  էլ  կվառվի  ծիսական խարույկն  ու  կսկսվի  բուն  միջոցառումը»,-«Արմենպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  նշել  է  «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի գիտահետազոտական բաժնի վարիչ, ազգագրագետ Կարինե Բազեյանը:

Կարինե Բազեյանի խոսքով` «Գառնի»-ում այդօրինակ միջոցառման իրականացումնը  նաև  հուշարձանի  հանրահռչակմանն է ուղղված:

Նրա փոխանցմամբ`  տոնն իր նախնական հենքով որոշակի աղերսներ է ունեցել այնպիսի հին աստվածների պաշտամունքի հետ, ինչպիսիք են երազների մեկնիչ և դպրության ու արվեստի պաշտպան Տիրը և, հատկապես, Վահագնը՝  կրակի աստվածը։  Տյառնընդառաջի խարույկի շուրջը տեղի ունեցող բազմազան ծիսական  արարողությունները երիտասարդության, սիրո, ամուսնության  և այլ գաղափարներ են  արտահայտել։

«Այն նաև բնության զարթոնքի տոն էր։ Մեր նախնիները կրակի զորավոր օգնությամբ փորձում էին ազդել ձմռան ցրտաշունչ  եղանակի վրա, գուշակություններ  անել գերդաստանի անդամների և տնտեսության ապագայի վերաբերյալ՝  բարեհաջող ծննդաբերության ու ապաքինման ակնկալիքից մինչև ցանքի և սպասվելիք բերքի առատության ապահովումը»,-իր խոսքը եզրափակել է «Պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի  աշխատակիցը: 

Տոնի  անունը  ստուգաբանվում  է  քրիստոնեական  ավանդությամբ, երբ  Մարիամը  40  օրական  զավակին  տանում  է  տաճար, Աստծուն  նվեր  մատուցելու  և  աղոթելու,  որտեղ  նրան ընդառաջ  է  գալիս  Տիրոջ  գալստյանը սպասող Սիմոն ծերունին: Այդպես էլ  առաջացել է  տոնի  անունը` Տյառընդառաջ,  տիրոջն  ընդառաջ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ