Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սերժ Սարգսյանն այցելել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան

Սերժ Սարգսյանն այցելել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական 
մանկավարժական համալսարան

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան` մասնակցել բուհի հիմնադրման 95-ամյակի կապակցությամբ կազմակերպված հոբելյանական միջոցառմանը: Կրթության և գիտության բնագավառներում ունեցած վաստակի, ինչպես նաև բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հանրապետության Նախագահը համալսարանի մի խումբ աշխատակիցների բուհի հոբելյանի առթիվ պետական բարձր պարգևներ է հանձնել, շնորհել նաև վաստակավոր մանկավարժի կոչում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահը շնորհավորել է ՀՊՄՀ պրոֆեսորադասախոսական կազմին, ուսանողներին, շրջանավարտներին, ինչպես նաև բուհի ղեկավարությանը համալսարանի հիմնադրման 95-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ և բեղմնավոր աշխատանք: Իր շնորհավորական խոսքում Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է այն կարևոր դերը, որ ունի մանկավարժական կրթական հաստատությունը յուրաքանչյուր երկրի կյանքում:

«Մեկ անգամ ևս ցանկանում եմ սրտանց շնորհավորել այն մարդկանց, ովքեր այժմ պարգևատրվեցին մեր հայրենիքի բարձր պարգևներով: Իհարկե, պարգևները հանձնվեցին իրենց օրինական տերերին, բայց համոզված եղեք, որ սա գնահատական է նաև ամբողջ կոլեկտիվին: Ես խորապես համոզված եմ, որ դուք ամեն ինչ անելու եք, որպեսզի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 100-րդ տարեդարձը բոլորս դիմավորենք շատ մեծ ձեռքբերումներով: Հավատացեք, իրոք, ձեր աշխատանքը չափազանց կարևոր է, և այդ աշխատանքը գնալով է՛լ ավելի մեծ կարևորություն է ստանում ժամանակակից աշխարհում:

Կրկին սրտանց շնորհավորում եմ բոլորիդ համալսարանի 95-րդ տարեդարձի կապակցությամբ: Եվ քանի որ յուրաքանչյուր հոբելյան, յուրաքանչյուր տարեդարձ նոր սկիզբ է առաջիկա ձեռքբերումների համար, բոլորիդ մաղթում եմ բեղմնավոր աշխատանք»,-ասել է Հանրապետության Նախագահը:

Նախագահը այցելել է համալսարանի թանգարան, որտեղ արխիվային նյութերի միջոցով ներկայացված է բուհի ստեղծման պատմությունը, ինչպես նաև համալսարանի ներկայիս գործունեությունը: 

Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետի, կրթության և գիտության նախարարի, բուհի ռեկտորի, ՖԻԴԵ-ի նախագահի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջել է հանրապետությունում շախմատի ուսուցիչներ պատրաստող միակ ուսումնական հաստատության՝ մանկավարժական համալսարանի «Շախմատ» գիտահետազոտական նորաբաց ինստիտուտում, ծանոթացել ինստիտուտի գործունեության համար ստեղծված պայմաններին և ծրագրերին: Ինստիտուտը գործում է ՀՊՄՀ կազմում՝ որպես առանձին ստորաբաժանում: Գիտահետազոտական այս հաստատության կազմում ներգրավված են գիտության տարբեր բնագավառների առաջատար մասնագետներ, ովքեր հետազոտություններ են իրականացնելու շախմատի հոգեբանական, սոցիոլոգիական, կրթական և այլ հիմնախնդիրների շուրջ:

«Որպես Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ուրախ եմ և շնորհակալ, որ դուք հատուկ ուշադրություն եք դարձնում շախմատին և միշտ հանդես եք գալիս նոր նախաձեռնություններով: Եվ պատահական չէ, որ այսօր մեզ հետ է մեր բարեկամ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը, բոլորովին պատահական չէ, որ մեր փորձը հետաքրքրություն է ներկայացնում այլ երկրների համար, իսկ սա առնվազն նշանակում է, որ մենք ճիշտ ճանապարհ ենք բռնել: Ուզում եմ հավատալ, որ սա լինելու է շարունակական»,- Շախմատ» գիտահետազոտական նորաբաց ինստիտուտ այցի կապակցությամբ ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]