Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Երևանյան բեսթսելեր 4/97. «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» ամենավաճառվածներից է

Երևանյան բեսթսելեր 4/97. «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» ամենավաճառվածներից է

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը նորից գլխավորում է Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» գիրքը, որում ընդգրկված են հեղինակի «Ապրած և չապրած տարիներ» վիպակը և 1970 թվականին հրատարակված նույնանուն գրքում զետեղված «Ինչո՞ւ են շուտ մեռնում ծաղիկները» պատմվածաշարը: Այս հրատարակության համար հիմք է ծառայել 1983-ին՝ Վարդգես Պետրոսյանի 85-ամյակի կապակցությամբ լույս տեսած երկհատորյակը: Կազմել և խմբագրել է Աշոտ Գաբրիելյանը:

Մեր ցանկ է վերադարձել և երկրորդ հորիզոնականը զբաղեցրել գերմանացի գրող Ռիչարդ Բախի ամենահայտնի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» ստեղծագործությունը: Գրողը ներկայացնում է` ինչպես են հասարակ ճայերն ուզում իմանալ ծովափից սննդի աղբյուր գտնելու ճանապարհը: Նրանց համար կյանքի իմաստը ոչ թե թռչելու, այլ սնվելու մեջ է: Սակայն Ջոնաթան Լիվինգսթոնը հասարակ ճայ չէ, նա անվերապահորեն չի հետևում մյուս ճայերին, այլ համառորեն սովորում է ինքնուրույն թռչել: Հասարակ ճայերը չեն կիսում նրա հետաքրքրությունը թռչելու նկատմամբ, ծնողներն էլ փորձում են սիրելի զավակին ճիշտ ուղու վրա դնել, բայց ոչինչ չի կարող կանգնեցնել Ջոնաթանին: Թարգմանել է Նաիրա Հարությունյանը:

Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» վեպը կրկին երրորդն է: Ստեղծագործությունում նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակում է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր հայ լինելու լուրը թյուրիմացություն է: Գիրքը խմբագրել է Հովհաննես Այվազյանը:

Իր դիրքերը զիջել և չորրորդ հորիզոնականում է հայտնվել Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն: Այն մարդկային բարդ հարաբերությունների՝ սիրո, ընկերության, դավաճանության մասին է: Հեղինակը փորձել է անդրադառնալ նաև հարցերի, որոնք դուրս են բուն սիրային հարաբերություններից: Գրքի խմբագիրն է Դավիթ Գյուրջինյանը:

Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» վեպը հինգերորդն է: Այն  պատմություն է պատերազմի հետքերն իրենց վրա կրող երիտասարդների մասին: Ռոբերտ Լոհքամփի, Օտտո Քյոսթերի և Գոթֆրիդ Լենցի ընկերությունը կոփվել է պատերազմի դաշտում: Կորցնելով շատ հարազատ մարդկանց, տեսնելով մահը, կյանքի համար պայքարը, ցավը, զգալով վախն իր գերագույն արտահայտությամբ՝ այս ընկերները ամուր կառչած են իրարից, նրանց հիշողությունները, տառապանքները և ճակատագրերը շատ նման են իրար: Գիրքը համաշխարհային գրականության գլուխգործոցներից է: Գերմաներենից թարգմանել է Վանուհի Բաղմանյանը, խմբագրել է Լուսինե Համբարյանը:

Ստեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ» գիրքը մի քանի հորիզոնականով բարելավել է իր դիրքերը և վեցերորդն է: Ժողովածուն ընդգրկում է նշանավոր գրողի մի շարք լավագույն նորավեպեր` Արա Առաքելյանի և Մարգարիտ Առաքելյանի թարգմանությամբ: Երկերի սյուժեի բանաստեղծական խորհրդատվություն, դրամատիկ կառուցվածք, կերպարների ամբողջականություն, բնավորությունների հոգեբանական խոր վերլուծություն, հյութեղ լեզու. այս ամենի և այլ արժանիքների շնորհիվ Ստեֆան Ցվայգը դարձել է ամենապահանջված հեղինակներից մեկը: Գիրքը խմբագրել է Հովհաննես Այվազյանը:

Երեք հորիզոնականով վեր է բարձրացել Ջորջ Օրուելի «1984» ստեղծագործությունը` գրավելով յոթերորդ տեղը: Հեղինակի 1949 թվականին հրատարակված հանրահայտ վեպը նախկին ԽՍՀՄ տարածքում առաջին անգամ լույս տեսավ միայն 1988-ին: Տարբեր ժամանակներում, տարբեր երկրներում վեպը պարբերաբար արգելվել է՝ երբեմն ծիծաղելի պատճառաբանություններով: Հայերեն լույս է տեսել առաջին անգամ: Անգլերենից թարգմանել է Աստղիկ Աթաբեկյանը, խմբագրել՝ Ներսես Աթաբեկյանը:

Երկարատև բացակայությունից հետո մեր ցանկ է վերադարձել և ութերորդ հորիզոնականում հայտնվել Օսկար Ուայլդի հանրահայտ «Դորիան Գրեյի դիմանկարը» առեղծվածային ստեղծագործությունը: Այն Ուայլդի միակ հրատարակված վեպն է և աշխարհում ամենաընթերցվող գրքերից է։ Առաջին անգամ լույս է տեսել 1890 թվականի հուլիսին անգլիական թերթերից մեկում։ Անգլերենից թարգմանել է Ռիմա Խաչատրյանը, խմբագրել Աշոտ Գաբրիելյանը:

Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» գիրքը իններորդն է: Այս խորաթափանց, համարձակ, հանդուգն և սուր գիրքը Ջոն Գրինի թերևս ամենահավակնոտ եւ սրտաճմլիկ երկն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ եւ սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ եւ ողբերգական գործընթացը: Թարգմանել է Ալինա Միրզոյանը, խմբագիրն է Հովիկ Վարդումյանը:

Մեր ցանկն այս շաբաթ եզրափակում է բրազիլացի հանրահայտ գրող Պաուլու Կոելյուի լավագույն ստեղծագործություններից մեկը` «Ալքիմիկոսը»: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ: Գիրքը թարգմանել է Աննա Մարությանը, խմբագիրն է Արքմենիկ Նիկողոսյանը:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (23-26-49) գրախանութների ցանցերը: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Վարդգես Պետրոսյան

«Ապրած և չապրած տարիներ»

Դարակ 56
2 *

Ռիչարդ Բախ

«Ջոնաթան Լիվինգսթոն ճայը»

Անտարես 40
3 0

Մարկ Արեն

«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»

Բուկինիստ 26
4 -2

Էդգար Հարությունյան

«Չգտնվախ երիցուկներ»

Անտարես 18
5 -1

Էրիխ Մարիա Ռեմարկ

«Երեք ընկեր»

Էդիթ Պրինտ 17
6 +3

Ստեֆան Ցվայգ

«Ընտիր նովելներ»

Բուկինիստ 12
7 +3

Ջորջ Օրուել

«1984»

Անտարես 11
8 *

Օսկար Ուայլդ

«Դորիան Գրեյի դիմանկարը»

Էդիթ Պրինտ 11
9 *

Ջոն Գրին

«Աստղերն են մեղավոր»

Էդիթ Պրինտ 10
10 -5

Պաուլու Կոելյու

«Ալքիմիկոսը»

Անտարես 9

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]