Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նոր հյուրանոցային համալիրներ, հանգստյան գոտիներ, փառատոններ. Տավուշը զարկ է տալիս զբոսաշրջության զարգացմանը. մարզպետ

Նոր հյուրանոցային համալիրներ, հանգստյան գոտիներ, փառատոններ. Տավուշը զարկ է 
տալիս զբոսաշրջության զարգացմանը. մարզպետ

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզում 2017 թվականին պետական, միջազգային և այլ դոնոր կազմակերպությունների, մասնավոր ներդրողների կողմից իրականացվել է շուրջ 11 մլրդ 458 մլն 500 հազար դրամի ներդրում: Ըստ վիճակագրության՝ 2017 թվականին Տավուշի մարզում ստեղծվել է  մոտ 3000 աշխատատեղ տեքստիլի, հանքարդյունաբերության, գյուղմթերքների արտադրության ու վերամշակման, զբոսաշրջության, սպասարկման, առևտրի և այլ ոլորտներում: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հետ «Արմենպրես»-ը զրուցել է 2017-թվականի ծրագրերի ու ընթացիկ տարվա աշխատանքների մասին:

-Պարոն Աբովյան 2017 թվականն, ընդհանուր առմամբ, ինչպիսի՞ տարի էր Տավուշի մարզի համար, ի՞նչ կարևոր ձեռքբերումներ կառանձնացնեք:

-Անցած տարին մարզի համար, ընդհանուր առմամբ, կգնահատեի դրական: Բազմաթիվ ձեռքբերումներ ենք ունեցել տարբեր ոլորտներում, մասնավորապես կուզեի առանձնացնել Չորաթանում գործող «Տավուշ տեքստիլ»-ը, որն ընդլայնել է ծավալները. արտադրամասեր են բացվել նաև Բերդում և Մովսեսում: Դիլիջանում հիմնվել է գարեջրի գործարան՝ ապահովելով շուրջ 90 աշխատատեղ, աշխատանքներն է շարունակել «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամը: ՄԱԿ-ի գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրով հիմնվել են ջերմոցներ, ագրոբազաներ, նոր, ժամանակակից, կաթիլային ոռոգմամբ այգիներ: Նշանակալից են ձեռքբերումները զբոսաշրջության և այլընտրանքային էներգետիկայի ոլորտներում: Ընդհանուր առմամբ, 2017 թվականին մարզում պետական, միջազգային և այլ դոնոր կազմակերպությունների, մասնավոր ներդրողների կողմից իրականացվել են շուրջ 11 մլրդ. 458 մլն. 500 հազար դրամի ներդրում: Ըստ վիճակագրության՝ 2017 թվականին Տավուշի մարզում ստեղծվել է  մոտ 3000 աշխատատեղ տեքստիլի, հանքարդյունաբերության, գյուղմթերքների արտադրության ու վերամշակման,  զբոսաշրջության, սպասարկման, առևտրի և այլ ոլորտներում:

 -2018 թվականի համար որո՞նք են մարզպետարանի առաջնահերթությունները:

-2017 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է Տավուշի մարզի 2017-2025 թվականների տարածքային զարգացման  ռազմավարությունը, որը կարևորագույն ուղենիշ է լինելու առաջիկա տարիների գործունեության և զարգացման համար: Մարզի զարգացման գերակա ոլորտներից մեկը զբոսաշրջությունն է: Հաջորդ գերակա ոլորտը գյուղատնտեսությունն է, քանի որ Տավուշի մարզն ավանդաբար գյուղատնտեսությամբ զբաղվող մարզ է: Սա ամրագրված է նաև ռազմավարության մեջ: Ասեմ նաև, որ բացի ռազմավարությունից յուրաքանչյուր տարի  մշակվելու են գործողությունների տարեկան պլաններ /ՏԱՊ/,  որոնք ընկած են լինելու տվյալ տարվա աշխատանքի հիմքում:

- Դեռ նախորդ տարի Տավուշի մարզը ՀՀ կառավարությանը ներկայացրել էր մի շարք ներդրումային ծրագրեր: Ի՞նչ բնույթի ծրագրերի մասին է խոսքը և ի՞նչ ընթացք ստացավ այդ գործընթացը: Արդյո՞ք դրանց կամ այլ ներդրումային ծրագրերի կյանքի կոչմամբ այս տարի մարզում նոր աշխատատեղեր են սպասվում

 -2017 թվականին ներկայացված շուրջ 25 ներդրումային ծրագրերից 12-ը հավանության են արժանացել: Հավանության արժանացած ծրագրերից 2-ը ֆինանսավորվել են: Ֆինանսավորված ծրագրերից մեկը բազմաբերք ելակի ջերմոցի հիմնման ծրագիրն է, մյուսը Կոթիի մսի վերամշակման արտադրամասի ծրագիրն է: Բնականաբար, նոր ներդրվող ծրագրերը իրենց հետ կբերեն նաև նոր աշխատատեղեր:

այտնի է, որ հաճախ հակառակորդի կրակոցներից սահմանային համայնքներում գյուղացիները դժվարանում են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնեն: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում գյուղացիներին ինչ-որ կերպ աջակցելու համար: Արդյո՞ք ընթացիկ տարում անվտանգության միջոցառումներ նախատեսված են սահմանամերձ համայնքներում:

-Տեղեկացնեմ, որ մեր համայնքներից ու բնակավայրերից 27-ը (Նոյեմբերյան, Բաղանիս, Բարեկամավան, Բերդավան, Դովեղ, Կոթի, Ոսկեպար, Ոսկեվան, Այգեհովիտ, Կայան, Այգեձոր, Այգեպար, Արծվաբերդ, Բերքաբեր, Ծաղկավան, Կիրանց Կողբ, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Չորաթան, Պառավաքար, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն, Վերին Կարմիրաղբյուր, Ազատամուտ), այսպես կոչված, սահմանապահ են, գտնվում են հենց սահմանին, ու ցանկացած ոլորտում առաջնահերթությունը տրվում է նրանց: Սահմանամերձի  բնակիչները օգտվում են ՀՀ կառավարության կողմից սահմանված  սոցիալական և հարկային արտոնություններից: Այդ համայնքներում պետությունն է վճարում օգտագործված էլեկտրաէներգիայի և գազի վարձավճարների 50 տոկոսը: Գործում է սահմանամերձ համայնքների խնդիրների լուծմամբ զբաղվող  միջգերատեսչական հանձնաժողով, որի միջոցով նույնպես բավականին աշխատանքներ են կատարվել. խճապատվել են գյուղամիջյան ճանապարհներ, վերանորոգվել են ոռոգման ջրագծեր: Այս հանձնաժողովի ծրագրերից է նաև սահմանամերձ, վտանգավոր հատվածներում ծառատունկ իրականացնելը: Հանձնաժողովի «Կանաչ գոտի» ծրագրի շրջանակներում արդեն հազարավոր ծառեր են տնկվել: Սահմանամերձ համայնքներում ու բնակավայրերում իրականացվել են նաև պատսպարման թաքստոցների, պաշտպանիչ պատերի, ապահով սենյակների կառուցման և դպրոցների նկուղային հարկերի վերանորոգման աշխատանքներ: Ձեռնարկվող անվտանգության նշված միջոցառումները կշարունակվեն նաև ընթացիկ տարում:

-Պարոն մարզպետ, թերևս, բոլոր մարզերում աղբահանության խնդիրը շարունակում է օրակարգային մնալ: «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում նախորդ տարի տարբեր մարզերում, այդ թվում Տավուշում աշխատանքներ են իրականացվել: Ի՞նչ արդյունքների մասին կարող ենք խոսել և այս տարի ի՞նչ աշխատանքներ են նախատեսված

 -2017թ. մարզում բավականին աշխատանքներ են կատարվել աղբահանության խնդիրների  լուծման ուղղությամբ: Գործընթացը շարունակական է: «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի աշխատանքների արդյունավետության բարձրացման, վերահսկման մեխանիզմների ստեղծման և գործընթացների թափանցիկության ապահովման ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել մարզի համայնքներում հատուկ համակարգ ներդնելու նպատակով: Արդյունքում մարզում գույքագրված 190 աղբավայրից վերջնականապես փակվել է 127-ը, 36-ը գործող հիմնական աղբավայրեր են, 27-ը ենթակա են վերջնական փակման: Պայմանագրեր են կնքվել իրավաբանական անձանց հետ: Տնտեսավարման նպատակով հողահատկացման պայմանագրերով իրավաբանական անձինք ստանձնում են պարտավորություններ այդ տարածքներում աղբահանության, սանիտարական մաքրման  և բարեկարգման ուղղությամբ: Համայնքների ավագանիների նիստերում ընդունվել են աղբահանության և սանմաքրման դրույքաչափերի սահմանման համապատասխան որոշումներ: 2018 թ. նախատեսված է առաջնորդվել աղբահանության դրույքաչափերի սակագների՝ ՀՀ ՏԿԶՆ-ի կողմից ներկայացված նոր մեթոդական ուղեցույցով: Աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներն ինքնածախսածածկմամբ կատարելու, անհրաժեշտ մակարդակի գանձումներ ապահովելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու նպատակով համայնքներում իրականացվում են ուսումնասիրություններ և վերլուծություններ՝ որակյալ ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ գումարի չափը որոշելու, այն ապահովելու ռեզերվները բացահայտելու և աշխատանքների ծավալներն ընդլայնելու նպատակով:

- Մարզպետարանն ի՞նչ աշխատանքներ է նախատեսել զբոսաշրջության խթանման և զարգացման նպատակով: Արդյո՞ք ծրագրում եք պայմաններ ստեղծել, որ Դիլիջանից, Իջևանից բացի Տավուշի մարզի այլ վայրեր ևս զբոսաշրջային հետաքրքրությունների շրջանակում լինել:

-Ես արդեն նշեցի, որ զբոսաշրջությունը մարզի գերակա ուղղություններից մեկն է, որն ամրագրված է նաև Տավուշի մարզի զարգացման  ռազմավարության մեջ: Ոլորտի վերաբերյալ կան նաև ՀՀ կառավարության կողմից տրված  բազմաթիվ հանձնարարականներ: Տուրիզմը զարգացնելու կարևոր նախապայմաններից մեկը մարզի ճանաչելիության բարձրացումն է: Համագործակցելով  մի շարք տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ՝ 2017թ. բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվել մարզի տարբեր տարածաշրջաններում: Բերդի տարածաշրջանում կազմակերպվել է «Մեղրի և հատապտուղների» փառատոնը, Ենոքավանում՝ «Հայ բույս»-ը, Զորականում՝ «Հազար տարվա գյուղամեջը»-ը, իսկ Դիլիջանում՝ գորգերի փառատոնը: Ինչպես տեսնում եք, մարզի յուրաքանչյուր տարածաշրջանում մենք ունենք ավանդական դարձած միջոցառումներ, որոնք տարեցտարի ավելի են ընդլայնվում` նպատակ ունենալով բարձրացնել մարզի ճանաչելիությունը և նպաստել   տուրիզմի զարգացմանը: Զբոսաշրջության ոլորտի զարգացմանը կխթանի նաև տեղեկատվական կենտրոնների ստեղծումը, որոնք հիմնականում միտված են գյուղական տուրիզմի զարգացմանը: 2017 թվականին այդպիսի կենտրոններ են հիմնվել  Ենոքավանում՝ USAD-ի հետ համագործակցությամբ և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրով: Նշեմ նաև, որ տարբեր մասնավոր ներդրողների կողմից մարզում շարունակվում են կառուցվել հյուրանոցային համալիրներ, հանգստյան գոտիներ, սպասարկման օբյեկտներ: Զբոսաշրջության պետական կոմիտեի գործընկերների հետ տարվա ընթացքում հաշվառվել են նաև դրանք, թե մարզը քանի հանգստյան տուն  ու հյուրատուն ունի, ինչպիսին են պայմանները,  քանի մարդ միանգամից կարող է հանգստանալ մարզում, մի խոսքով, ճշտվել է  այն ամբողջ տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է իմանալ հյուր ընդունելու և սպասարկման անհրաժեշտ մակարդակ ապահովելու համար: Տուրիզմի զարգացման նպատակով 2018 թ ՄԱԿ-ի զարգացման ծրագրով նախատեսվում է  վերանորոգել Մակարավանք տանող ավտոճանապարհը, Չինչինում հիմնել հյուրատներ, իսկ ոլորտի տարբեր կազմակերպություններ կընդլայնեն իրենց գործունեությունը:

-Պարոն մարզպետ, հաճախ զբոսաշրջիկներից, տուրիստական ընկերություններից դժգոհություն ենք լսում միջհամայնքային ճանապարհների վատ լինելու մասին: Այս տարվա ընթացքում ճանապարհաշինարարական ի՞նչ աշխատանքներ եք իրականացնելու:

 -2018թ. Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության բարելավման» ծրագրով  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պատվիրատվությամբ նախատեսվում է իրականացնել Նորաշեն-Չորաթան 5,6 կմ ճանապարհի և Բերդ-Արծվաբերդ-Չինարի ճանապարհի Արծվաբերդի 4,5 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի բարեգործական ծրագրով կհիմնանորոգվի Խաչարձան համայնքի կենտրոն տանող 1,5 կմ ճանապարհը: Ընթացիկ տարում, դարձյալ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պատվիրատվությամբ, նախատեսվում է իրականացնել Այրում-Դիլիջան ճանապարհի վատ վիճակում գտնվող հատվածների,  իսկ 2018-2019թ.թ. / Ասիական զարգացման բանկի աջակցությամբ/ Արճիս-Բագրատաշեն միջպետական ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներ: 2018թ. շուրջ 60 մլն. դրամի ճանապարհաշինական աշխատանքներ են նախատեսված իրականացնել մարզի համայնքային բյուջեների հաշվին:

- Այս տարվա ընթացքում կրթական հաստատությունների վերանորոգման, նորերի կառուցման ի՞նչ ծրագրեր կան նախատեսված:

   -Այս տարվա ընթացքում նախատեսվում է հրատապ խնդիրների լուծման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված գումարներով մարզի կրթական հաստատություններից վերանորոգման աշխատանքներ իրականացնել Նոյեմբերյան քաղաքի թիվ 2 դպրոցում. կվերանորոգվեն կրթօջախի ճաշարանը և խոհանոցը: Կվերանորոգվեն նաև Կողբ գյուղի թիվ 2 դպրոցի և Գանձաքարի միջնակարգ դպրոցի ճաշարանը և խոհանոցը: 2018թ. ընթացքում կհիմնանորոգվի նաև Խաշթառակի մանկապարտեզի օգտագործվող հատվածի երկրորդ հարկը:

-Տավուշի մարզում խոշորացվել են տասնյակից ավելի համայնքներ: Ի՞նչ արդյունքներ եք ակնկալում համայնքների խոշորացումից: Արդյո՞ք այս ընթացքում խնդիրներ չեն առաջացել:

  -Միանգամից ասեմ, որ մարզում համայնքների խոշորացման հետ կապված խնդիրներ չեն եղել: Բացի Իջևանի տարածաշրջանից, մյուս բոլոր համայնքներն անցել են   խոշորացման գործընթացը: Հիմա ունենք խոշորացված Բերդ համայնք, Դիլիջան համայնք և 3 խոշորացված համայնք Նոյեմբերյանի տարածաշրջանում: Դրանք են Նոյեմբերյան, Կողբ և Այրում համայնքները: Համայնքների խոշորացումը հնարավորություն կտա ապահովել տարածքների համաչափ զարգացում և արդյունավետ կառավարում, ինչպես նաև ֆինանսական միջոցների և այլ ռեսուրսների կենտրոնացում ու նպատակային օգտագործում, որի արդյունքում բնականաբար կբարելավվի նաև բնակչությանը  մատուցվող ծառայությունների որակը: Ավելին, ասեմ, որ արդեն առկա են առաջին դրական արդյունքները: Մասնավորապես, էապես ավելացել է սեփական եկամուտների հավաքագրումը:  Դիլիջան համայնքի նոր ձևավորված բյուջեի միջոցներով իրականացվել են նախկին համայնքների աշխատողների վերջնահաշվարկային բոլոր վճարումները: Մարվել է համայնքների գազիֆիկացման համաֆինանսավորման պարտավորություններից գոյացած  մոտ 29 մլն. դրամը,  ինչպես նաև տարբեր ոլորտներում գոյացած պարտքեր: Վերանորոգվել  և բարեկարգվել են գյուղամիջյան և հանդամասային ճանապարհներ, համայնքային ենթակայության շենք-շինություններ, ձեռք է բերվել տարբեր նշանակության տեխնիկա:

Նոյեմբերյան, Այրում և Կողբ խոշորացված համայնքներում  ներդրվել է համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ)՝ խոշորացված համայնքի համար մշակված տարբերակը, որը հնարավորություն է ընձեռում համայնքի բնակավայրերում վարչական ղեկավարների միջոցով քաղաքացիներին էլեկտրոնային եղանակով մատուցել գրեթե բոլոր այն ծառայությունները, որոնք տրամադրվում են քաղաքացուն համայնքապետարան այցելելու դեպքում:      

Խոշորացման գործընթացն առավել արդյունավետ ու նպատակային դարձնելու համար,  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աջակցությամբ, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից տեղական ինքնակառավարման բարեփոխումների շրջանակներում, Դիլիջան համայնքում ներդրումային ծրագրերի  ֆինանսավորման նպատակով տրամադրվել է  1.739.595 դոլար, Նոյեմբերյանում՝ 1.090.245 դոլար, Այրումում՝ 720.980 դոլար, Կողբում՝ 380.000 դոլար:

Հարցազրույցը` Աննա Գզիրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]