Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Նոյեմբեր

«Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտը» քննադատել է Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու որոշումը


ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտը» անդրադարձել է Ադրբեջանում ապրիլին տեղի ունենալիք նախագահական արտահերթ ընտրություններին և արձանագրել, որ այդ որոշումը խախտում է մարդու հիմնարար իրավունքները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Ինստիտուտը գտնում է, որ Ադրբեջանում կամարտահայտման և խոսքի արտահայտման ազատության բացակայության պայմաններում անհնար է նման կարճ ժամանակահատվածում կազմակերպել ազատ և անկախ ընտրություններ:

«Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտը» հայտարարության մեջ նշում է, որ ուսումնասիրությունների  արդյունքների համաձայն` այդ երկրում  բոլոր հեռուստաընկերություններն ու ռադիոընկերությունները (պետական, հանրային կամ մասնավոր) գտնվում են իշխանությունների լիակատար վերահսկողության ներքո եւ հանդես են գալիս որպես իշխող ռեժիմի քարոզչության ձայն: Նրանք հետևողականորեն իշխանության օգտին  ձևավորում են հանրային կարծիք:

«Նման  պայմաններում, երբ չկա անկախ տպագիր մամուլ,  անկախ լրատվական կայքերի մեծ մասը դատարանական և արտադատարանական միջոցներով արգելափակված են, և մյուսներն էլ գտնվում են փակման սպառնալիքի տակ, երբ կառավարության քննադատները գտնվում են բանտերում, չկա խոսքի ազատություն, ուրեմն չկան արդար և ազատ ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ պայմաններ»,-նշվում է ինստիտուտի ղեկավար Էմին Հուսեյնովի հայտարարության մեջ:

ԼԱԱԻ-ն ԵԱՀԿ ժողովրդավարական և մարդու իրավունքների ինստիտուտներին, Եվրոպայի խորհրդին և Վենետիկի հանձնաժողովին կոչ է արել հանդես գալ համատեղ հայտարարությամբ և գնահատական տալ Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրություններ կատարելու վերաբերյալ հրամանագրին:

Ինստիտուտը միաժամանակ ԵԽ նախարարների խորհրդին կոչ է արել անհապաղ խորհրդակցություններ իրականացնել, կազմել և Ադրբեջանի կառավարությանը փոխանցել ԵԽ չափանիշներին համապատասխան ընտրություններ իրականացնելու համար անհրաժեշտ առաջարկությունների փաթեթ:

ԼԱԱԻ-ն   նաև կոչ է անում Ադրբեջանի քաղաքացիական հասարակությանը և քաղաքական կուսակցություններին Սահմանադրական դատարանում  վիճարկել արտահերթ նախագահական  ընտրություններ անցկացնելու նախագահական հրամանագիրը :




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ