Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Մայիս 2022

Իգնատի Առաքելյանը Նիդերլանդների դեսպանի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Իգնատի Առաքելյանը Նիդերլանդների դեսպանի հետ քննարկել է համագործակցության 
հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը փետրվարի 7-ին ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դաումային` հայ-հոլանդական համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով:Հանդիպմանը ներկա էր նաև ՌԴ-ում Նիդերլանդների Թագավորության  դեսպանության գյուղատնտեսության հարցերով խորհրդական Մեուվես Բրաուվերը:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպման սկզբում նախարար Իգնատի Առաքելյանը բարձր է գնահատել գյուղատնտեսության բնագավառում, այդ թվում` նաև կարտոֆիլագործության ոլորտում, երկու երկրների միջև ձևավորված փոխհարաբերությունները։

Այնուհետև ՀՀ գյուղատնտեսության նախարարը համառոտ ներկայացրել է Հայաստանում գյուղատնտեսության զարգացման տեսլականը` ընդգծելով, որ ոլորտի առաջնահերթությունների թվում է անասնապահության խթանումը, գյուղատնտեսական հումքի վերամշակման կենտրոնների հիմնումը, կաթի մթերման կայանների ստեղծումը: Ընդգծելով, որ բարձր արդյունքների հասնելու համար անհրաժեշտ են ներդրումներ և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառում` նախարար Իգնատի Առաքելյանն առաջարկել է հոլանդական կողմին ուսումնասիել այս ոլորտներում ներդրումների ներգրավման հնարավորությունը:

Հոլանդացի պոտենցիալ ներդրողների համար Հայաստանը գրավիչ դարձնելու համար նախարարը միաժամանակ կարևորել է մեր երկրի մասին նրանց տեղեկացվածության մակարդակի բարձրացումը:

Հայ-հոլանդական համագործակցությունը գործնական հենքի վրա դնելու նպատակով  հոլանդական կողմին առաջարկվել է քննարկել PPP (պետություն-մասնավոր հատված գործընկերություն) ձևաչափով համատեղ ծրագրի մշակման և իրականացման հնարավորությունը:

Տեղեկացնելով, որ այժմ Հայաստանում ընթացքի մեջ է կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման սուբսիդավորման ծրագիրը, իսկ հետագայում նախատեսվում է միջոցներ ձեռնարկել անձրևային ոռոգման համակարգի ներդրման ուղղությամբ` Իգնատի Առաքելյանը հնարավոր է համարել նաև այս հարցում հոլանդական մասնավոր ընկերությունների հետ համագործակցությունը:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ուսուցման և փորձարկման կենտրոնի ստեղծման գործում հոլանդացի մասնագետնմերի փորձի փոխանակման հարցին:

Կարևորելով երկկողմ համագործակցությունը հատկապես կաթի արտադրության և վերամշակման բնագավառում` կողմերը նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել հանգամանորեն վերլուծել տեղական կաթնամթերքի շուկան` Հայաստանում բիզնես ծրագրեր սկսելու համար հոլանդացի հնարավոր ներդրողներին ներկայացնելու նպատակով:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]