1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Պատրիարքական ընտրության շուրջ ստեղծված իրավիճակի գլխավոր մեղավորն Աթեշյանն է. «Ակոս»-ի սյունակագրի անդրադարձը

 Պատրիարքական ընտրության շուրջ ստեղծված իրավիճակի գլխավոր մեղավորն 
Աթեշյանն է. «Ակոս»-ի սյունակագրի անդրադարձը

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի նահանգապետարանի միջոցով Թուրքիայի ներքին գործերի նախարարությունից Պոլսո Հայոց պատրիարքարան ուղղված նամակում պատրիարքական տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի մասին արված «այսպես կոչված» ձևակերպումը համայնքի շատ անդամների մոտ լուրջ դժգոհություն է առաջացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայկական «Ակոս» պարբերականի սյունակագիր Օհաննես Քըլըչդաղըն անդրադարձել է նամակի բովանդակությանն ու մասնավորապես արված ձևակերպմանը «Այսպես կոչված պատրիարքական փոխանորդը» խորագրով հոդվածում:

Հեղինակը հիշեցրել է, որ նամակում ներքին գործերի նախարարությունից հայտնում էին, որ քանի դեռ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը ողջ է, պատրիարքական աթոռը թափուր չէ և փաստորեն նոր պատրիարքական ընտրություններ չեն կարող անցկացվել: Բացի այդ, նշվում էր, որ պատրիարքի բացակայության պայմաններում միակ պաշտոնական ներկայացուցիչը շարունակում է մնալ պատրիարքական փոխանորդը՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Իսկ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի կողմից պատրիարքական տեղապահ ընտրվելը և դրանից հետո ընդունած բոլոր որոշումներն անվավեր են: Նամակում մասնավորապես տեղ էր գտել «այսպես կոչված պատրիարքական տեղապահ» ձևակերպումը (Թուրքիայում «այսպես կոչված» ձևակերպումն ընդունված է օգտագործել Հայոց ցեղասպանության մասին խոսելիս):

«Մարդիկ, ովքեր մտածում են, թե այդ ձևակերպումը պատահաբար է գրվել, սխալվում են: Այս ձևակերպումը Թուրքիայի հայերը շատ լավ գիտեն: Տասնյակ տարիներ ի վեր այն վերածվել է նրանց վրա խորհրդանշական ճնշման գործիքի: Սակայն եթե ստեղծված իրադրությունում «այսպես կոչվածի» պիտակավորմանն արժանի պաշտոն կա, ապա դա «պատրիարքական փոխանորդի» պաշտոնն է: Սա բացարձակապես հորինված, Աթեշյանի համար ստեղծված պաշտոն է»,- նշում է Քըլըչդաղըն` հավելելով, որ ներկայում ստեղծված իրադրության գլխավոր մեղավորը հենց նա է:

Անդրադառնալով Մութաֆյանի առողջական վիճակի վերաբերյալ ՆԳՆ արած հայտարարությանը՝ հեղինակը գրում է. «Առողջական խնդիրները ողջ աշխարհում պաշտոնը թափուր համարելու ամենահստակ և գործող պատճառներից են: Նախարարությունը մի իրադրությունում է, որը հերքում է բացարձակ և տրամաբանական ճշմարտությունը: Մասնավորապես, այստեղ խոսք է գնում ծանր նևրոլոգիական հիվանդության մասին և դժբախտաբար, Մեսրոպ Մութաֆյանը տարիներ ի վեր կոմայի մեջ է: Ինչպե՞ս կարելի է ասել, որ այս իրավիճակը պատճառ չէ պաշտոնը թափուր համարելու համար: Գոյություն ունի տրամաբանություն: Ներկայում փաստացիորեն ի՞նչ տարբերություն կա մահացած անձի և Մութաֆյանի իրավիճակի միջև»:

Հեղինակն արդարացիորեն ընդգծում է, որ եթե նրա վիճակի մեջ որևէ խնդիր չկա, ապա ինչու էին Թուրքիայի իշխանությունները կողմ պատրիարքական փոխանորդի պաշտոնին, որում նշանակվել էր Աթեշյանը: «Եթե գործնականում պատրիարքի պաշտոնը թափուր չէ, ապա փոխանորդի կարիք էլ չկա: Իսկ եթե թափուր է, ապա միայն ժողովրդի քվեարկությամբ պետք է զբաղեցվի: Ստացվում է, որ նախարարության նամակն ինքնին ասում է, որ Մութաֆյանը դադարեցրել է պատրիարքարանի ղեկավարումը»,- գրում է Քըլըչդաղըն:

Հոդվածի վերջում նա հիշեցնում է, որ փետրվարի 7-ին Ստամբուլի նահանգապետարանում հայկական համայնքի ներկայացուցիչները հրավիրված են հանդիպմանը, որին հնարավոր է ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուի մասնակցությունը: Նա համոզմունք է հայտնել, որ հանդիպման մասնակիցները չեն քաշվի և կբարձրաձայնեն պատրիարք ընտրելու իրենց ցանկության մասին: «Եվ ինչո՞ւ պետք է քաշվեն: Այդտեղ որևէ անարդար, անիրավ կամ անհարգալից պահանջ չկա: Պատրիարք ընտրելու ցանկության մեջ թե նրանց, թե ցանկացած հայի գլուխը բարձր է, իսկ ճակատը՝ պարզ (երևի թե բացառությամբ մեկ-երկուսի): Կարծում եմ, որ հանդիպման մասնակիցները և իրենց, և մեր դեմքը գետնով չեն տա»,- եզրափակել է հեղինակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]