1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Խաչատրյանին տեսնելու համար Մոնակոյի արքայազնը կիսատ է թողել իր շրջագայությունը. կոմպոզիտորի հանդիպումներն արքայական ընտանիքների հետ

Խաչատրյանին տեսնելու համար Մոնակոյի արքայազնը կիսատ է թողել իր 
շրջագայությունը. կոմպոզիտորի հանդիպումներն արքայական ընտանիքների հետ

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Խաչատրյանն իր շրջագայությունների ժամանակ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել երկրների առաջին դեմքերի՝ նախագահների հետ, նրանցից ստացել հետաքրքիր առաջարկներ, ինչպես նաև արժեքավոր նվերներ: «Արմենպրես»-ն այս անգամ առանձնացրել է կոմպոզիտորի նշանավոր հանդիպումներն արքայական ընտանիքների հետ:

Հանդիպում Եղիսաբեթ 2-րդ թագուհու հետ

Կոմպոզիտորը համերգային շրջագայությամբ Բելգիայում է եղել 1960-ին: Եղիսաբեթ թագուհին առողջական խնդիրների պատճառով չի կարողացել ներկա գտնվել նրա համերգին, սակայն ավարտից անմիջապես հետո Խաչատրյանին են մոտեցել և թագուհու կողմից հանդիպման հրավեր փոխանցել: Սիրով ընդունելով հրավերը՝ հաջորդ օրը մաեստրոն իր կնոջ հետ հյուրընկալվել է թագուհու դղյակում: «Նրանք ջերմ և շատ հետաքրքիր զրույց են ունեցել: Եղիսաբեթ 2-րդը մեծ ներդրում ուներ արվեստի աշխարհում, ինչի մասին է վկայում նաև նրա անունը կրող միջազգային մրցույթը: Նա նաև նվագել է  ջութակ, դասեր է ստացել հայտնի ջութակահար Էժեն Իզայիից: Այդ է պատճառը, որ թագուհին ու Խաչատրյանը մանրամասն զրուցել են արվեստի, երաժշտական ասպարեզում նորամուծությունների, կոմպոզիտորի ստեղծագործական ուղու, Բրյուսելի սիմֆոնիկ նվագախմբերի մասին: Զրուցել են նաև երաժշտության ասպարեզի իրենց ընդհանուր ծանոթների մասին, որոնց թվում էին աշխարհահռչակ երաժիշտներ»,- պատմում է Ա. Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը:

Թագուհին նաև փոքր-ինչ տիրապետել է ռուսերենին, ինչի մասին վկայում է նրա մակագրությունը հանդիպումից հուշ մնացած լուսանկարի վրա: Հանդիպման լուսանկարներն այժմ պահպանվում են թանգարանի պահոցում:

Հանդիպում Մոնակոյի արքայազնի հետ

1973-ին կոմպոզիտորին հրավիրել են Ֆրանսիա, որտեղ մեծ շուքով նշվել է նրա 70-ամյակը: Հենց այդ շրջագայության ընթացքում նա որոշել է այցելել նաև Մոնակո: Նույն ժամանակ Մոնակոյի արքայազնն իր տիկնոջ՝ աշխարհահռչակ աստղ Գրեյս Քելլի հետ գտնվել է երկրից դուրս, սակայն, կոմպոզիտորի գալստյան մասին լսելով, իր շրջագայությունը կիսատ թողնելով՝ վերադարձել է Լոնդոնից և անմիջապես գնացել այն տունը, որտեղ կանգ էր առել Խաչատրյանը: Արքայազնը ևս շատ արվեստասեր էր, և իր երկրում երկու տարին մեկ կազմակերպել է միջազգային մրցույթներ և փառատոններ՝ նվիրված կոմպոզիտորական արվեստին: 1974-ին կայանալիք հերթական մրցույթ-փառատոնին ոչ միայն հրավիրել է մաեստրոյին, այլ նաև խնդրել նրան գրել մի նոր ստեղծագործություն, որը պիտի հնչեր փառատոնի բացման արարողությանը:

Հանդիպում Պարսից շահի հետ

Կրկին համերգային շրջագայությամբ 1965-ին Իրանում գտնվող կոմպոզիտորի նկատմամբ Պարսից շահն իր համակրանքը ցույց է տվել՝ երկրում շրջագայելու համար տրամադրելով իր անձնական ավտոմեքենաներից մեկը: Շահն իր տիկնոջ հետ ներկա է եղել նաև Խաչատրյանի համերգին, որում հնչել է նրա  Ջութակի կոնցերտը, բալետային սյուիտները: Սովորաբար համերգների ավարտին շահն անմիջապես լքել է համերգասրահը, սակայն այս դեպքն առանձնացել է մյուսներից: Շահն ու տիկինը հոտնկայս ծափահարել են մաեստրոյին, որի արդյունքում 5 բիս է եղել՝ Խաչատրյանը կրկին ու կրկին կատարել է իր ստեղծագործությունները: «Դա բացառիկ երևույթ էր՝ շահի ներկայությամբ այդ քանակի բիսեր դեռ չէին եղել»,- նկատեց Գրիգորյանը:

 Հետո շահն իր տիկնոջ հետ գնացել է ետնաբեմ՝ մաեստրոյի հետ զրուցելու, ինչի մասին վկայում է պահպանվող լուսանկարը: Շահը մաեստրոյին բազմաթիվ նվերներ է տվել, որոնց թվում՝ պարսկական բավականին արժեքավոր երկնագույն գորգ: Խաչատրյանն այն բերել է Մոսկվա՝ զարդարելու իր մոսկովյան բնակարանը:

Հանդիպում Եգիպտոսի նախագահի հետ

1961-ին, երբ կոմպոզիտորն այցելել է Եգիպտոս, հենց օդանավակայանում նրան դիմավորողների շարքում է եղել նախագահ Գամալ Աբդել Նասերը: Նասերը ներկա է եղել Խաչատրյանի համերգին: Մաեստրոյին է հանձնել նաև երկրի բարձրագույն պատվոգրերից մեկը՝ արվեստի ասպարեզում մեծ ներդրման համար առաջին կարգի պատվոգիր: Նույն շրջագայության ժամանակ Խաչատրյանը հանդիպել է նաև Հարավսլավիայի նախագահ Իոսիպ Բրոզ Տիտոյին:

Պատրաստեց Աննա Գրիգորյանը

Լուսանկարները՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի ֆոնդից


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]