Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արտաշատցի դպրոցականներն այցելեցին քառօրյա պատերազմի զինվորներին

Արտաշատցի դպրոցականներն այցելեցին քառօրյա պատերազմի զինվորներին

ԱՐՏԱՇԱՏ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում իրենց բուժումը ստացող ապրիլյան պատերազմում վիրավորված զինվորներին այցելեցին Արտաշատի թիվ 1 դպրոցի 6-րդ դասարանի աշակերտներն՝ իրենց մանկավարժների եւ ծնողների ուղեկցությամբ: Հյուրերի եւ զինվորների միջեւ հանդիպման հենց սկզբից ջերմ եւ անմիջական զրույց ծավալվեց: Արթուր Հախվերդյանը, Դավիթ Հակոբյանը, Ալբերտ Դալլաքյանը, Հայկ Թորոսյանը, Ավետիս Զարգարյանը եւ մյուս զինվորները պատմեցին Մատաղիսում, Թալիշում, Ջաբրայիլում մղած մարտերի մասին:

Ավետիս Զարգարյանն ընկերասիրության, զինվորի վեհ արարքի մասին խոսեց զուսպ, համեստ ու հակիրճ. «Վիրավորվել եմ հրամանատարի մարմինը դուրս բերելու ժամանակ»:Ալբերտ Դալլաքյանն արցախյան պատերազմի մասին տեղեկանալով՝ թողել է բուհական կյանքը եւ մեկնել Արցախ: Նա վերականգնողական բուժումը պետք է շարունակի Գերմանիայում:

Արթուր Հախվերդյանը դիմելով աշակերտներին ասաց. «Մեր արածը հերոսություն չէ: Ով ապրում է Հայաստանում, ով սիրում է իր հորն ու մորը, նա պարտավոր է պաշտպանել ու կռվել հայրենիքի համար, կռվել ու լավատես լինել: Մենք իրավունք չունենք լավատես չլինելու, ու մեր վերջնական հաղթանակին չհավատալու»:

Զինվորների պատմածը ներկաներին մտովի տեղափոխում էր մարտադաշտ: Նրանցից յուրաքանչյուրի մարտական դրվագը պատկառանք, հպարտություն էին ներշնչում աշակերտներին՝ ապագա հայրենիքի պաշտպաններին: Աշակերտները հետաքրքրվում էին զինվորների զենքերով, տանկերով, բանակային կյանքով ու առօրյայով: Նրանք նամակներ հանձնեցին զինվորներին՝ նրանց նվիրված բանաստեղծություններով, աքրոստիկոսներով, զինվոր դառնալու երազանքներով:

Աշակերտները զինվորների համար հանդես եկան իրենց ուժերով կազմակերպած համերգով: Զինվորները համտեսեցին աշակերտների բերած քաղցրավենիքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հյուրերը շրջեցին կենտրոնի բոլոր հարկերով, ծանոթացան պայմաններին, որտեղ արդիական չափանիշներով հագեցած վարժասարքերը, մերսման, թերապիայի եւ մյուս բժշկական բուժսենյակները վկայում էին այն մասին, որ զինվորների առողջությունը վերականգնելու նպատակով արված է ամեն ինչ:

Դասղեկ Էմմա Նալբանդյանի եւ հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Ժենյա Վարժապետյանի խոսքերով աշակերտների համար այս գեղեցիկ եւ նախադեպը չունեցող հանդիպումը մի յուրօրինակ «բաց դաս» էր՝ հերոսական ու հերոսացման դաս:

«Զինվորների պատմածները մինչ օրս ունեցած ֆիլմերի, հեռախոսների, համակարգիչների, դասագրքերի, նկարների պատմածներից մեզ տեղափոխեցին մեկ այլ՝ իրական դաշտ: Այս հանդիպումը եւ այս երիտասարդները միշտ կմնան աշակերտների հիշողություններում: Նրանք իրենց առողջությունը թողեցին մարտադաշտում հանուն սուրբ հողի, հանուն մայր հողի եւ հանուն մեր խաղաղ լուսաբացների»,-ընդգծեցին նրանք:

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]