Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Դեկտեմբեր

Դավիթ Բաբայանն արտահերթ ընտրություններ անցկացնելու Ալիևի քայլը սեփական ժողովրդի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է համարում


ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտահերթ ընտրություններ անցկացնելու Ադրբեջանի նախագահի քայլն անհարգալից վերաբերմունք է սեփական ժողովրդի նկատմամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

«Որքան ուշ լինեն ընտրություններն, այդքան նախագահը պետք է ստիպված լիներ կարգավորել որոշ հարցեր ` կապված համաներման հետ, գիտեք, եվրոպական կառույցներն են ստիպում, լուծել ներքին խնդիրներ: Հետևաբար, սա բարդություններից խուսափելու, իրավիճակը քողարկելու քայլ է»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Ինչ վերաբերում է սահմանին հնարավոր սադրանքներին, ապա Դավիթ Բաբայանը նշեց, որ բնական է, որ այս պարագայում շատերն են այդ մասին մտածում, սակայն չի կարծում, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու քայլը կապված է հնարավոր սադրանքներ հետ:

«Նախ և առաջ բոլորի համար պարզ է, որ Ալիևն ինքն իրեն անցկացնելու է այդ ընտրություններում: Մենք գիտենք, որ անկախ նրանից երբ և ինչպես են անցկացվելու ընտրությունները Ալիևից կարելի է սպասել ամեն ինչ, հետևաբար մեր պատրաստվածության աստիճանը միշտ բարձր է: Եթե այդ քայլն ուղղված լիներ ինչ-որ սադրանքներ իրականացնելուն, ապա այդ դեպքում ինքը կորցնում է անակնկալի բերելու գործոնը, որը կարևոր է ագրեսորի համար: Հետևաբար` կարծում եմ, այստեղ այլ հաշվարկներ են»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Նա ընդգծեց, որ անկախ ամեն ինչից, թե ինչ իրավիճակ է, ինչ փոփոխությունն են, Պաշտպանության բանակը պատրաստվածությունը միշտ ամենաբարձր մակարդակի վրա է: «Ի դեմ Ադրբեջանի, մենք գործ ունենք ահաբեկչական պետության հետ, որից ամեն ինչ սպասելի է: Հետևաբար` մենք միշտ պատրաստ ենք»,-հավելեց Դավիթ Բաբայանը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է հրամանագիր երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունները նշանակվել են 2018 թվականի ապրիլի 11-ին: 2018 թվականին լրանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնավարման ժամկետը: Նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային հոկտեմբերի 17-ին: Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովին հանձնարարվել է ապահովել ընտրությունների անցկացումը՝ համաձայն Ընտրական օրենսգրքի:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ