1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հաճելի է տեսնել բարեկամ երկրի առաջընթացը. Շվեյցարիայի ԱԽ նախագահը՝ ՀՀ ԱԳ նախարարին

Հաճելի է տեսնել բարեկամ երկրի առաջընթացը. Շվեյցարիայի ԱԽ նախագահը՝ ՀՀ ԱԳ 
նախարարին

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 6-ին հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած ներկայացուցչական պատվիրակության հետ, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Էդվարդ Նալբանդյանը, շնորհավորելով Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահին անցյալ տարվա նոյեմբերին բարձր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, երախտագիտություն հայտնեց Դոմինիկ դը Բյումանին հայ-շվեյցարական կապերի ամրապնդման ուղղությամբ ներդրած հետևողական ջանքերի համար: Նախարար Նալբանդյանը խորհրդանշական համարեց, որ Հայաստան-Շվեյցարիա խորհրդարանական բարեկամության խմբերի ղեկավարներ Արա Բաբլոյանը և Դոմինիկ դը Բյումանն ընտրվել են Հայաստանի և Շվեյցարիայի խորհրդարանների նախագահներ։

Շնորհակալություն հայտնելով Հայաստանում շվեյցարական խորհրդարանի պատվիրակության ջերմ ընդունելության համար` Դոմինիկ դը Բյումանը նշեց, որ սա արդեն իր հինգերորդ այցելությունն է Հայաստան, ու հաճելի է տեսնել բարեկամ երկրի առաջընթացը։ Նա հավելեց, որ այն հանգամանքը, որ Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահն իր առաջին պաշտոնական այցելությունն է կատարում Հայաստան, վկայում է հայ-շվեյցարական հարաբերությունները խորացնելու և առավել ընդլայնելու հետաքրքրության մասին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-շվեյցարական երկկողմ օրակարգին առնչվող հարցեր, անդրադարձ կատարվեց առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը, միջազգային հարթակներում արդյունավետ համագործակցությանը:

Էդվարդ Նալբանդյանը և Դոմինիկ դը Բյումանը գոհունակությամբ նշեցին, որ միջխորհրդարանական ձևաչափում երկու երկրների միջև հաստատվել է արդյունավետ փոխգործակցություն՝ կարևորելով երկու խորհրդարաններում բարեկամական խմբերի գործունեությունը:

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին այս տարի հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ։ Այս համատեքստում Դոմինիկ դը Բյումանը հաջողություն մաղթեց գագաթաժողովի կազմակերպման և անցկացման հարցում:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները, հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]