Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ստամբուլի նահանգապետարանն ուշացած պատասխանել է Պոլսո պատրիարքի ընտրության վերաբերյալ դիմումին

 Ստամբուլի նահանգապետարանն ուշացած պատասխանել է Պոլսո պատրիարքի 
ընտրության վերաբերյալ դիմումին

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի նահանգապետարանն ի վերջո պատասխանել է Պոլսո հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ ամիսներ առաջ հայկական կողմի ուղարկած դիմումին՝ հայտնելով, որ չի ճանաչում Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին որպես պատրիարքական տեղապահ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը:

Ստամբուլի փոխնահանգապետ Իսմայիլ Գյուլթեքինի կողմից ստորագրված նամակում նշվել է, որ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը դեռևս ողջ է և հետևաբար չկան անհրաժեշտ պայմաններ նոր պատրիարքի ընտրության համար:

Ստամբուլի նահանգապետարանից հայտնել են, թե առողջական խնդիրները չեն համարվում պատրիարքական պաշտոնը թափուր ճանաչելու համար բավարար, հետևաբար Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շարունակում է պատրիարքական փոխանորդի պաշտոնը, իսկ Բեքչյանի՝ պատրիարքական տեղապահ ընտրվելու մասին բոլոր գործընթացները անվավեր են ճանաչվում:

Նամակում, որտեղ պատրիարքական տեղապահ Բեքչյանի համար օգտագործվել է «այսպես կոչված» ձևակերպումը, նշվել է, որ տեղապահի ընդունած բոլոր որոշումները ևս անվավեր են:

Ակնկալվում է, որ առաջիկայում այս նամակի առնչությամբ Պոլսո Հայոց պատրիարքարանը հանդես կգա հայտարարությամբ:

Բացի այդ, հայտնի է դարձել, որ Ստամբուլի նահանգապետարանը Թուրքիայի հայ համայնքի ղեկավարներին հրավիրել է հանդիպման, որը կկայանա փետրվարի 7-ին: Հանդիպմանը, ուր քննարկվելու է պատրիարքի ընտրության հարցը, մասնակցելու է նաև ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյուն:

Պատրիարքական ընտրությունների անցկացման վերաբերյալ Նախաձեռնող խումբը դիմել էր ներքին գործերի նախարարությանը, որը, սակայն, սահմանված ժամկետում պատասխան չէր տվել: Դրանից հետո խումբը դիմել էր դատարան՝ դատական գործ հարուցելով նախարարության դեմ:

Նախաձեռնող խմբի այս որոշումը ներքին տարաձայնությունների պատճառ էր դարձել, ինչի արդյունքում խմբի 4 անդամ հրաժարական էր ներկայացրել:

Մեսրոպ Մութաֆյանը Պոլսո Հայոց պատրիարքի պաշտոնը զբաղեցնում էր 1998 թվականից, սակայն 2008 թվականի մայիսից հիվանդության պատճառով այլևս չի շարունակում պաշտոնավարումը: Ներկայում նա շարունակում է ապրել միայն բժշկական սարքերի միջոցով:

Պոլսո Հայոց պատրիարքարանում 2016 թվականի հոկտեմբերի 26-ին կայացած եկեղեցական ժողովի ժամանակ ժողովական հայրերը միաձայն որոշել են «հանգստյան կոչված» համարել Ն. Ա. Տ. Մեսրոպ Բ. Ս. Պատրիարք Հորը և անվանել նրան «ՊԱՏՐԻԱՐՔ Ի ՀԱՆԳՍՏԵԱՆ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]