Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Շարմազանովը ռեյտինգային ընտրակարգը խնդրահարույց չի համարում և ԸՕ-ում փոփոխությունների անհրաժեշտություն չի տեսնում

Շարմազանովը ռեյտինգային ընտրակարգը խնդրահարույց չի համարում և ԸՕ-ում 
փոփոխությունների անհրաժեշտություն չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չի կիսում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կարծիքը, թե ռեյտինգային ընտրակարգը վերանայելու անհրաժեշտություն կա: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ չի կիսում կարծիքները, թե ռեյտինգային ընտրակարգը խոչընդոտ է Հայաստանում ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար: «Ավելին՝ վերջին խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ մենք ռեյտինգային ընտրակարգով կարողացանք ապահովել լավագույն խորհրդարանական ընտրությունները մեր նորագույն պատմության մեջ, և որևէ խնդիր ռեյտինգային ընտրակարգի հետ չի եղել: Իմ խորին համոզմամբ՝ ռեյտինգային ընտրակարգն ավելի ժողովրդավարական է, քան կուսակցական փակ ցուցակներով ընտրակարգը, որովհետև ռեյտինգային ընտրակարգով մենք հնարավորություն ենք տալիս, որպեսզի քաղաքացին ինքն ընտրի, թե ցուցակից ով է լինելու իր պատգամավորը, ոչ թե կուսակցության ղեկավարությունը որոշի, որ Պողոս Պողոսյանը պետք է լինի ցուցակում և վերջ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Էդուարդ Շարմազանովը:

Նա հավելեց, որ իրենց նպատակն է եղել կազմակերպել այնպիսի ընտրություններ, որի արդյունքները ոչ իշխանության, ոչ ընդդիմության, ոչ դիտորդների, ոչ էլ հասարակության համար խնդրահարույց չեն լինի: «Մենք կարող ենք մի բան փաստել, որ այս ընտրական օրենսգիրքը խնդրահարույց չէ այս խորհրդարանում ոչ ընդդիմադիր, ոչ իշխանական խաղացողների համար: Նաև միջազգային դիտորդական առաքելության որևէ ներկայացուցիչ չի ասել, որ դա խնդիր է: Հետևաբար, ո՞րն է նպատակը, որ մենք փոխենք: Ես էլ ասում եմ, որ ռեյտինգային ընտրակարգն ավելի ժողովրդավարական է, քան փակ կուսակցական ցուցակներով ընտրակարգը: Ռեյտինգային ընտրակարգը խրախուսում է տարածքային ժողովրդավարությունը, ներկուսակցական մրցակցությունը»,- ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը:

Հարցին՝ կարո՞ղ է այս հարցը իշխանական կոալիցիայի տրոհման պատճառ դառնալ, Շարմազանովը բացասական պատասխան տվեց. «Շատ հարցեր կան, որտեղ մենք ունենք մեր կարծիքը, մեր դաշնակցական գործընկերները՝ իրենց մոտեցումները: Ի վերջո, մենք ազգային պահպանողական ուժ ենք, նրանք ազգային սոցիալիստական ուժ են, բայց մենք հիմնական հարցերում միասնական ենք, ունենք կոալիցիոն հուշագիրը, որը, հուսով եմ, կհասցնենք ավարտին: Շատ ավելի կարևոր հարցեր կան, որտեղ մենք միասնական ենք: Դրանք են  հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ինքնորոշման իրավունքի իրացումը ժխտողականության դեմ պայքարը մեր սփյուռքահայ բարեկամների հետ միասին, տնտեսության առողջացումը, ազատ մրցակցության ապահովումը»,- նշեց Շարմազանովը:

Եզրափակելով խոսքը՝ Շարմազանովն ընդգծեց, որ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների հարց ՀՀԿ-ի օրակարգում չկա՝ վստահեցնելով, որ նման հարց չեն քննարկել:

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունը ներկայացրել է ռեյտինգային ընտրակարգը վերացնելու մասին օրենքի նախագիծ՝ կոչ անելով ՀՅԴ-ին միանալ իրենց նախաձեռնությանը: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ՀՅԴ-ն ռեյտինգային ընտրակարգը վերանայելու անհրաժեշտություն է տեսնում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]