Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Վեդու ջրամբարի շինարարությունը նախատեսվածից վեց ամիս շուտ կավարտվի

Վեդու ջրամբարի շինարարությունը նախատեսվածից վեց ամիս շուտ կավարտվի

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վեդու ջրամբարի շինարարական աշխատանքներն անխափան ընթանում են, փետրվարի 6-ի դրությամբ այնտեղ զբաղված է 200 մարդ, ներգրավված է 100 միավոր տեխնիկա:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը: «Վեդու ջրամբարն այս պահին մեր ամենախոշոր ծրագիրն է: Աշխատանքները շատ լավ են ընթանում, եղանակային պայմանները շինարարներին թույլ են տալիս ձմռանն էլ աշխատել: Ծրագրով նախատեսված էր 29 միլիոն խորանարդ մետր ծավալով ջրամբար կառուցել, բայց առանց հավելյալ ծախսերի` մենք կարող ենք ջրամբարի ծավալը հասցնել մինչև 31 միլիոն խորանարդ մետրի: Սա նախնական  թիվ է, հնարավոր է այն աճի»,-ասաց պաշտոնյան:

Արսեն Հարությունյանը նշեց նաև, որ նվազագույնը վեց ամիս շուտ է ավարտվելու ջրամբարի շինարարությունը: Ավարտը նախատեսված էր 2021 թվականի մայիսին, սակայն, ինչպես Հարությունն ասաց, ջրամբարը պատրաստ կլինի արդեն 2020 թվականի վերջին: «Մայիսից կսկսվի բացառապես պատվարի շինարարությունը, ամբողջական աշխատանքները կավարտվեն, հողի տոփանում կկատարվի, պատվարը սկսվելու է կամաց-կամաց վեր բարձրանալ»,-հավելեց պաշտոնյան:

Նախատեսվում է, որ ջրամբարի իշխման տակ կլինի 3 հազար 200 հա ոռոգելի հողատարածք: Բացի այդ` Վեդու ջրամբարի կառուցման արդյունքում «Վեդի» և «Արարատ» ՋՕԸ-ների  պոմպակայանների իշխման տակ գտնվող շուրջ 2 հազար 900 հա հողատարածքների մեխանիկական ոռոգումը կփոխարինվի ինքնահոս համակարգով, ինչի շնորհիվ հնարավոր կլինի խնայել շուրջ 19 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա, իսկ ոռոգելի հողատարածքները կավելանան ավելի քան 300 հա-ով:

Վեդու ջրամբարի կառուցման արդյունքում Սևանա լճից ոռոգման նպատակով  ջրապահանջարկը կնվազի շուրջ 18 մլն/մ³-ով, իսկ Արտաշատի մայր ջրանցքից իրականացվող ջրառը՝ ավելի քան 11 մլն. մ³-ով , որը կբարձրացնի Արտաշատի մայր ջրանցքից ինքնահոս եղանակով ոռոգվող «Վեդի» ՋՕԸ-ի  սպասարկման տակ գտնվող ևս 2800 հա հողատարածքների ջրապահովման մակարդակը

Այդպիսով, նախատեսվում է, որ ծրագրի ազդեցությունը կտարածվի շուրջ 6000 հա հողատարածքների վրա: Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ծրագիրը ֆինանսավորվում է Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ` 90 մլն եվրո ընդհանուր արժողությամբ:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]