1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Արմենպրես»-ը կընդլայնի համագործակցությունը Լիբանանի ազգային լրատվական գործակալության հետ

«Արմենպրես»-ը կընդլայնի համագործակցությունը Լիբանանի ազգային լրատվական 
գործակալության հետ

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը և Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA) պատրաստակամ են ամրապնդելու համագործակցությունը մեդիա ոլորտում: Այս մասին Բեյրութում հանդիպման ժամանակ խոսել են լրատվական գործակալությունների տնօրեններ Արամ Անանյանը և Լորա Սլեյմանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Սամվել Մկրտչյանը:

Դեսպանն ընդգծել է, որ հանդիպմանը լիբանանյան ազգային գործակալության հետ նախաձեռնվել է համագործակցության նոր մեկնարկ: «Հուսով ենք, որ մոտ ապագայում մենք կստորագրենք փոխըմբռնման հուշագիր, որտեղ կընդգծվեն NNA-ի և «Արմենպրես»-ի միջև համագործակցության սկզբունքներն ու ձևաչափը: Հավատացած ենք, որ այս հուշագիրը շատ կարևոր է մեկ լրատվական գործակալությունից դեպի մյուսը լուրերի փոխանցումն իրականացնելու տեսանկյունից, ինչն էլ իր հերթին թույլ կտա ցույց տալ ոչ միայն Լիբանանում և Հայաստանում, այլև Մերձավոր Արևելքում ու Կովկասում ու դրանից այն կողմ տեղի ունեցող իրադարձությունները»,- հավելել է Մկրտչյանը: Նա համոզմունք է հայտնել, որ այս համագործակցությունը շատ շուտով կհիմնվի ամենաբարձր մակարդակով: «Մենք ակնկալում ենք շարունակական կերպով ամրապնդել համագործակցությունը՝ մասնավորապես ի շահ հայկական համայնքի, որն իրավունք ունի ավելի լավ ու ճշմարտացիորեն տեղեկացված լինել վերջին զարգացումների վերաբերյալ»,- ասել է ՀՀ դեսպանը:

«Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանն ընդգծել է մեդիա համագործակցության կարևորությունը: «Իմ թիմն ու ես մշտապես մեր աշխատանքն ու գաղափարները նվիրում ենք հանուն լրագրության, լրատվական գործակալությունների ապագայի: Մեր գործընկերներին մեր իսկ կողմից ուղղվող առանցքային ուղերձներից մեկն այն է, որ ազգային գործակալությունների միջև համագործակցությունը լրատվական ինդուստրիայի ավելի լավ ու հաջող ապագայի հիմնաքարերից է: Մեր օրերում լրատվական գործակալությունները ողջ աշխարհում լրատվության ամենամեծ մատակարարներն են»,- ասել է Անանյանը: Նա ընդգծել է լիբանանյան գործընկերների հետ համագործակցության կարևորությունը՝ հաշվի առնելով Հայաստանի և Լիբանանի միջև պատմական և ներկայիս առնչությունները, ինչպես նաև երկու երկրի ժողովուրդների միջև հարաբերությունները:

«Հայաստանում «Արմենպրես»-ը միակ լրատվական գործակալությունն է, որը լուրեր է հաղորդում արաբերենով: Մենք մտադիր ենք ապագայում ընդլայնել այս բաժինը: Լիբանանյան մեր գործընկերոջ հետ համագործակցությունը մեզ ավելի կքաջալերի արագացնելու գործողություններն այս ուղղությամբ»,- նշել է Անանյանը:

NNA-ի և «Արմենպրես»-ի միջև համագործակցությանն ու կայացած հանդիպմանը լայնածավալ  անդրադարձ է արել նաև Լիբանանի ազգային գործակալությունը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]