1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Եվրոպայի Հայ դատի գրասենյակը 2018-ին շարունակելու է կազմակերպել եվրոպացի գործիչների այցն Արցախ

Եվրոպայի Հայ դատի գրասենյակը 2018-ին շարունակելու է կազմակերպել եվրոպացի 
գործիչների այցն Արցախ

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի Հայ դատի գրասենյակը 2018-ին շարունակելու է կազմակերպել եվրոպացի հասարակական, քաղաքական գործիչների այցն Արցախ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության և հանրության հետ կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանը: Նրա խոսքով, այսօր Արցախի աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսին է, որ Սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայ դառնում է Արցախի մեկ դեսպանը:

«Այն, ինչ մենք գիտենք Արցախի պետականության, ժողովրդի եւ դժվարությունների մասին, պետք է փոխանցել օտարներին: Եվրոպայի Հայ դատի գրասենյակը, կապի մեջ լինելով եվրոպացի շատ պատգամավորների հետ, նրանց եւ այլ հասարակական խմբերի այցելությունները դեպի Արցախ համարում է իր առաքելության հիմնական նպատակներից: Այս օրերին արդեն իսկ Հայ դատի գրասենյակը կազմակերպել է Եվրախորհրդարանի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Լարս Ադակտուսսոնի գլխավորած պատվիրակության այցը դեպի Հայաստան եւ Արցախ, որտեղ նա մի շարք քաղաքական հանդիպումներ ունեցավ»,-ասաց Շիրինյանը:

Նրա խոսքով, այս պատվիրակությունների այցը կարևորվում է նրանով, որ այդ գործիչները տեղում են ծանոթանում իրավիճակին, դրանից բացի, այն նպաստում է խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը, որն ինչ-որ տեղ նաև հակազդում է Ադրբեջանի խավիարային դիվանագիտությանը:

«Այսպիսի ձեռնարկների գործնական արդյունքները հնարավոր է միայն  երկարաժամկետ կտրվածքով ստանալ, սակայն անմիջական արդյունքները ևս չեն ուշանում: Մեկ օրինակ կարող եմ ներկայացնել՝ Բելգիայի, Արցախի պատգամավորների բարեկամական խմբի ստեղծումը, որը տեղի ունեցավ 2017 թվականի հոկտեմբերին Հայ Դատի գրասենյակի կազմակերպած՝ Եվրոպահայոց 4-րդ համագումարի շրջանակում Արցախի նախագահի ներկայությամբ: Ի դեպ, նշված բարեկամական խմբի մաս կազմող պատգամավորները նախօրյակին ընդգրկված էին Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ դեպի Արցախ այցելություն իրականացրած պատվիրակություններում:  Պետք է նշել, որ այսպիսի խմբեր նաեւ գոյություն ունեն Եվրախորհրդարանի հետ եւ Ֆրանսիայի ազգային ժողովի հետ»,-ասաց Հարութ Շիրինյանը:

Շարունակելով ներկայացնել ընթացիկ տարվա անելիքները՝ Հարութ Շիրինյանը նշեց, որ ինչպես նախորդ տարի, այս տարի ևս աշխատելու են մի քանի ուղղությամբ՝ Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված արդարության պայքար, Արցախի ժողովրդի իրավունքների պահպանում ու մեկուսացման նվազում:

«Իրականության մեջ, 2017-ին Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանությունները, համայն աշխարհին ցույց տալով իրենց իսկական դեմքը, անգիտակցաբար նպաստեցին Հայ Դատի հանձնախմբերի աշխատանքներին: Թուրքիայում մարդու իրավունքների խախտումները եւ փոքրամասնությունների դեմ հալածանքները հստակ են բոլորին: Նաեւ հստակ են Ադրբեջանի խավիարային դիվանագիտության փաստերը եւ շփման գոտում հարձակողական ոճը: Այստեղ ուզում եմ ընդգծել, որ 2018-ին մեր առաջնահերթություններից մեկը պետք է լինի Եվրոպական քաղաքական դասակարգից պահանջելը, որ ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա սահմանին հրադադարի խախտումների հետաքննական մեխանիզմները տեղադրելու նպատակով»,-ասաց նա:

Ընթացիկ տարում Եվրոպայի Հայ դատի գրասենյակը միջոցառումներ է նախատեսում նաև Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակի առթիվ: Այս տոնը մեծ շուքով նշելու համար ՀՅԴ Արեւմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ մի շարք միջոցառումներ են նախատեսվում Ֆրանսիայում, Բելգիայում եւ Նիդերլանդներում՝ ցուցահանդեսներ, դասախոսություններ, համերգներ և այլն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]