Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տեղի ունեցավ «Ելք»-ի երթն ընդդեմ գնաճի

Տեղի ունեցավ «Ելք»-ի երթն ընդդեմ գնաճի

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում տեղի ունեցավ «Ելք» խմբակցության երթն ընդդեմ գնաճի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Շառլ Ազնավուրի հրապարակում խմբակցության պատգամավորներ Արամ Սարգսյանը, Էդմոն Մարուքյանը, Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Մանե Թանդիլյանը հանդես եկան ելույթներով: 

Նրանք նշեցին, որ դուրս են եկել երթի հանուն ցածր գների,  ազատ մրցակցության և հավելեցին, որ միայն պայքարի միջոցով է հնարավոր բերել փոփոխություն Հարկային օրենսգրքում:

Արամ Սարգսյանը, մասնավորապես, անդրադարձավ տնտեսության զարգացմանը և ավելացրեց, որ «անհրաժեշտ է հորինել նոր բան»: «Մեզ հրաշք է պետք, այնպիսի հրաշք, ինչպիսին Սինգապուրում, Իսրայելում է»,- ասաց Սարգսյանը:

Երթը մեկնարկեց Շառլ Ազնավուրի հրապարակից և ավարտվեց նույն վայրում: «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ փետրվարի 6-ին կազմակերպելու են Ազգային ժողովի արտահերթ նիստ անցկացնելու ստորագրահավաք,  պատրաստել են փաթեթ և առաջարկում են բենզինի ու սեղմված գազի ակցիզային հարկը, դիզվառելիքի ավելացրած արժեքի հարկը վերադարձնել նախկին մակարդակին, եկամտահարկը նույնպես բերել նախորդ սահմանաչափին:

Նա հայտարարեց, որ այն պահին, երբ նոր երթ անցկացնելու անհրաժեշտություն տեսնեն, այդ մասին կիրազեկեն հանրությանը:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2018 թվականի հունվարին բենզինի, դիզելային վառելիքի և սեղմված բնական գազի գնային բարձրացումները ամբողջությամբ պայմանավորված են 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով նախատեսված փոփոխություններով: ՏՄՊՊՀ մոնիտորինգի համաձայն ընթացիկ տարվա հունվարի մեկից 1 լիտր բենզինը թանկացել է 20, դիզելային վառելիքը 60, իսկ բնական սեղմված գազի 1խմ-ը 20 դրամով:

Հունվարի 23-ին Ազգային ժողովում տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ գնաճի մեղմման հնարավորությունների վերաբերյալ: Լսումները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով նախաձեռնել էր ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]