Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱԺ հանձնաժողովը հետաձգեց ռեյտինգային ընտրակարգը վերացնելու նախագիծը

ԱԺ հանձնաժողովը հետաձգեց ռեյտինգային ընտրակարգը վերացնելու նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովը մինչև երկու ամսով հետաձգեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին «Ծառուկյան» խմբակցության ներկայացրած նախագծի քննարկումը, որով առաջարկվում է համապետական ընտրություններն անցկացնել պարզ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով և վերացնել ռեյտինգային ընտրակարգը: Հիմնական զեկուցող, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ իրենք Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ են ներկայացրել, որով առաջարկում են մեկ հիմնական փոփոխություն` ընտրություններն անցկացնել պարզ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով կուսակցության կամ դաշինքի մեկ ընտրական ցուցակով: «Մենք այս նախագիծը ներկայացրել ենք` հաշվի առնելով 2017թ. ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունները, որոնք իրենց բովանդակությամբ քաղաքական չէին, ինչի հիմնական պատճառը այդ ռեյտինգային համակարգն էր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Զոհրաբյանը:

Նա հավելեց, որ նախագծի քննարկումը հետաձգելու պայմանավորվածություն ունեն հանձնաժողովի հետ, քանի  որ  առաջիկայում դրան անդրադառնալու են` հաշվի առնելով նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկները: «Կարծում եմ, որ որևէ մեկը չի վիճարկի, որ ռեյտինգային ընտրակարգը բացարձակապես ապաքաղաքականացրեց ընտրությունը, և սա կարևորագույն լուծումներից մեկը պետք է լինի ընտրական պրոցեսը կրկին քաղաքական դաշտ վերադարձնելու համար: Կրկնում եմ, որ մենք հանձնաժողովի հետ ունենք պայմանավորվածություն, որ կարճ ժամկետներում մենք կրկին կանդրադառնանք այս կարգավորմանը` հաշվի առնելով նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկները: Ես` որպես նախագծի համահեղինակ, մինչև երկու ամսով հետաձգում եմ նախագծի քննարկումը` առաջիկա 10 օրվա ընթացքում դրան կրկին անդրադառնալու պայմանով»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը:

Պետական-իրավական և մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն ընդգծեց, որ կփորձեն որոշակի ձևաչափ գտնել հարցը միասին քննարկելու համար` տեղեկացնելով որ հարցի հետ կապված նաև կառավարությունը որոշակի վերլուծություններ ունի և պատրաստում է նախագիծ: «Ես չեմ բացառում, որ մենք կունենանք մեկ միասնական նախագիծ` անկախ մեր տարբեր դիրքորոշումներից»,- եզրափակեց Թովմասյանը` հայտարարելով, որ հարցի քննարկումը հետաձգվում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]