Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բիզնես-հրեշտակները ներդրումներ կկատարեն գիտության և տեխնոլոգիաների հայաստանյան ստարտափերում

Բիզնես-հրեշտակները ներդրումներ կկատարեն գիտության և տեխնոլոգիաների 
հայաստանյան ստարտափերում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավելի բիզնես-հրեշտակները ներդրում կկատարեն գիտության և տեխնոլոգիաների ոլորտի հայաստանյան ստարտափերում: Փետրվարի 5-ին տրվեց Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում ներդրողների ոչ ֆորմալ (STAN) ցանցի գործունեության մեկնարկը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  ցանցը համախմբել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Կիպրոսի 18 ձեռնարկատերերի, ովքեր պատրաստվում են ֆինանսական միջոցներից զատ ցուցաբերել նաև խորհրդատվական օժանդակություն, հանդես գալ որպես մենթոր և ուղղորդել անհրաժեշտ կապերի հաստատման հարցում: Ոչ ֆորմալ ցանցը ստեղծվել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) նախաձեռնությամբ: «Մենք ցանկանում ենք Հայաստանում ստեղծել մթնոլորտ, որտեղ գաղափար ունեցող երիտասարդ ձեռնարկատերը կգտնի ֆինանսավորում: Մենք կարող ենք նրանց օգնել ոչ միայն ֆինանսական միջոցներով, այլև մեր գիտելիքներով: Այդ 18 անձինք հարուստ փորձ ունեն ներդրումների, բանկային գործունեության և բիզնեսի մեջ»,-ասաց ցանցի (STAN) համահիմնադիր Իգոր Խալաթյանը:

Բիզնես-հրեշտակների ցանցի ուշադրության կենտրոնում կլինեն տվյալների գիտության, արհեստական բանականության և մեքենաների ուսուցման, կենսատեխնոլոգիաների, միկրոէլեկտրոնիկայի ուղղությունների ներքո գործող ստարտափերը: Բայց ինչպես պնդեց Իգոր Խալաթյանը՝ եթե լինեն գաղափարներ այլ ոլորտներից, որոնք հեռանկարային են, ևս կարող են ֆինանսավորում ակնկալել;

Ներդրողների ցանցի մեկ այլ համահիմնադրի՝ Ռուբեն Հարությունյանի խոսքով՝ բիզնես-հրեշտակները ներդրումները կատարում են ընկերության սկզբնական փուլերում, երբ հեռանկարային գաղափար ունեցող նորաստեղծ ընկերությունը բախվում է որոշակի մարտահրավերների: «Բանկերը դրանք չեն ֆինանսավորում, քանի որ նորաստեղծ ընկերությունները մեծ ռիսկայնության են, և չկան բավականաչափ ակտիվներ: Եվ հենց այստեղ է, որ անհրաժեշտ են հրեշտակները, ովքեր ներդրումներ կկատարեն այդ գաղափարների իրագործման համար: Մենք ոչ միայն գումար ենք ներդնում, այլև մեր գիտելիքն ու ժամանակը, կիսվում ենք մեր հաջողություններով, մեր փորձով»,-հավելեց բիզնես-հրեշտակը:

«Ֆասթ»-ի համահիմնադիր Արմեն Օրուջյանի խոսքով՝ տարեկան երեք-հինգ ձեռնարկատեր կստանա աջակցություն, հույս ունեն հետագա տարիներին այդ թիվը նշանակալիորեն մեծացնել:

Արթուր Ալավերդյանը, ով ևս բիզնես-հրեշտակ է և «Ֆասթ» հիմնադրամի համահիմնադիր, նշեց, որ այս նախաձեռնությամբ իրենք կնպաստեն գիտության և տեխնոլոգիաների զարգացմանը Հայաստանում, ինչը տնտեսական օգուտներ կբերի երկրին: «Ցանցը կօգնի ստարտափերին հեշտացնել իրենց զարգացման ուղին և դառնալ տնտեսության մի լուրջ մասնիկը: Հուսով եմ, որ մեր մեկնարկը հաջող կլինի, և ցանցը կընդլայնվի»,- ասաց Արթուր Ալավերդյանը:

Հրեշտակները ստարտափերի հետ աշխատանքի առումով կաշկանդված չեն լինի, գործընկերության ձևաչափը կընտրեն միասին: Բիզնես-հրեշտակները պնդում են, որ ստարտափերի հետ կաշխատեն այնքան ժամանակ, մինչև նրանք ձևավորվեն որպես ընկերություն, ինչից հետո կարող են դիմել ավելի մեծ վենչուրային հիմնադրամների:

Ցանցի գործունեության առաջին չորս տարվա համար տարեկան նվազագույն ներդրումը նախատեսվում է 10 հազար ԱՄՆ դոլար: Հինգերորդ տարուց սկսած տարեկան նվազագույն ներդրումը յուրաքանչյուր անդամի համար նախատեսվում է սահմանել 20 հազար ԱՄՆ դոլար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]