Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վարչապետի մոտ քննարկվել են Երևանում խցանումների նվազեցմանը վերաբերող հարցեր

Վարչապետի մոտ քննարկվել են Երևանում խցանումների նվազեցմանը վերաբերող հարցեր
ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Երևան քաղաքում խցանումների նվազեցման, ճանապարհային երթևեկության արդյունավետ կազմակերպման և բեռնաթափման հնարավորությունները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է վարչապետի հանձնարարականի հիման վրա կատարված ուսումնասիրությունների արդյունքները և շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ մշակված առաջարկությունները, որոնք վերաբերում են Երևանի ճանապարհային ցանցի թողունակության բարձրացմանը, որոշ հատվածներում ավտոկայանատեղիների սահմանափակմանը, ճանապարհային երթևեկության կազմակերպմանը և հսկողության խստացմանը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, ինչպես նաև այլընտրանքային երթուղիների կառուցմանը:

Անդրադառնալով ընթացիկ աշխատանքներին՝ ՀՀ ԿԱ ոստիկանապետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը զեկուցել է, որ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը շարունակում է երթևեկության կազմակերպման փոփոխություններ իրականացնել Երևանի խաչմերուկներում. որոշ խաչմերուկներում երթևեկությունը դարձել է շրջանաձև, և այս միջոցառումը շարունակական է, տրանսպորտային միջոցների կուտակումների և հապաղումների կանխման, խաչմերուկների արագ բեռնաթափման նպատակով կատարվել են կրկնակի հոծ գծանշման տեղափոխություն, աջ սեկցիայով լուսացույցների աշխատանքային ռեժիմների փոփոխություններ և այլն: Շարունակվում է խաչմերուկների ավտոմատ կառավարման գործընթացը. 50 խաչմերուկ կառավարվում է էլեկտրոնային համակարգի միջոցով, նախատեսվում է ևս 60 խաչմերուկի կարգավորում:

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ բավական արդյունավետ է թարթող լուսացույցների տեղադրման միջոցով հետիոտնային անցումների ձևավորումը, և Երևանում 110 կետերում նմանատիպ լուսացույցների տեղադրումը ևս կնպաստի ճանապարհային հոսքերի կարգավորման խնդրի լուծմանը: Վարչապետն առաջարկել է Երևանի քաղաքապետին՝ շարունակել աշխատանքներն այդ ուղղությամբ:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին՝ որպես կարճաժամկետ լուծումներ դիտարկել և համատեղ աշխատել փողոցի հատումը կարգավորող լուսացույցների թվի ավելացման, հարակից ճանապարհահատվածներում երկրորդ երթևեկելի գոտում կայանման նկատմամբ վերահսկողության խստացման, կայանման ժամերի սահմանափակման,  Երևանում միջպետական և միջմարզային սկզբնակետերի արդյունավետ տեղաբաշխման  և այլ ուղղություններով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]