Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արա Բաբլոյանը ողջունել է Մեքսիկայի հավասարակշված դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում

Արա Բաբլոյանը ողջունել է Մեքսիկայի հավասարակշված դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը փետրվարի 2-ին ընդունել է Հայաստանում Մեքսիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Նորմա Պենսադո Մորենոյին (նստավայրը՝  Մոսկվա): Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արա Բաբլոյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ եւ հույս հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի հայ-մեքսիկական բարեկամության խորացմանը:

ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ երկու ժողովուրդների հարաբերությունները ջերմ ու բարեկամական են՝ անկախ երկրների հեռավորությունից: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը կարեւորել է միջխորհրդարանական կապերի խորացմանն ուղղված քայլերը՝  ընդգծելով երկու խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի աշխատանքը: 

Արա Բաբլոյանը ողջունել է Մեքսիկայի հավասարակշռված մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: 

«Արցախյան հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Մեր միակ զենքը ժողովրդավարությունն է. նման հարցերը պետք չէ լուծել զենքով»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը:

Նա անդրադարձել է վերջերս մեքսիկացի խորհրդարանականների Հայաստան եւ Արցախ կատարած այցելություններին՝ կարեւորելով փոխադարձ այցերի նշանակությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը կարեւորել է Մեքսիկայի եւ Հայաստանի միջեւ բարեկամական հարաբերությունների խորացումը՝ դրանում արժեւորելով միջխորհրդարանական կապերի դերը:  «Խորհրդարանական դիվանագիտությունն ավանդական դիվանագիտության կարեւորագույն բաղադրիչներից է, եւ մենք բարձր ենք գնահատում մեքսիկացի եւ հայ խորհրդարանականների փոխայցելությունները»,- նշել է Նորմա Պենսադո Մորենոն: 

Դեսպանն Արա Բաբլոյանին ներկայացրել է Մեքսիկայում առաջիկա խորհրդարանական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ կապված իրադրությունը՝ վստահություն հայտնելով, որ Մեքսիկայի նորընտիր խորհրդարանում եւս կձեւավորվի ու արդյունավետ գործունեություն կծավալի Հայաստանի Ազգային ժողովի հետ բարեկամական խումբը: Դեսպանը պատրաստակամություն է հայտնել ամենայնս աջակցելու երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցությանը: 

Հանդիպման ավարտին Արա Բաբլոյանը հաջողություն է մաղթել դեսպանին առաքելության իրականացման ընթացքում եւ պատրաստակամություն հայտնել աջակցելու երկու երկրների միջեւ առկա կապերի առավել խորացմանն ու ամրապնդմանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am