Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Փետրվար

Սիրիայի հայ պատգամավորը Սոչիի հանդիպումը երկխոսության սկիզբն է համարում


ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի օդանավակայանում Սոչիից ժամանած ինքնաթիռը հրթիռակոծության թիրախ դարձնելը չի բացառվում, որ կապված լինի Սոչիում կայացած հանդիպման հետ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը, ով եղել է ինքնաթիռում:

«Ինքնաթիռը վայրէջք էր կատարում, երբ հրթիռներ արձակվեցին: Բարեբախտաբար, կարողացանք խուսափել բախումներից: Համապատասխան ուժերը շատ արագ ապահովեցին անհրաժեշտ պայմաններ, և բոլոր ուղևորները դուրս բերվեցին: Ասեմ, որ օդանավում եղած ուղևորների հիմնական մասը Սոչիի հանդիպմանը մասնակցած պատվիրակության անդամներն էին: Ինձ հետ էր նաև Սիրիայի խորհրդարանի մեկ այլ հայազգի պատգամավոր Նորա Արիսյանը: Ընդհանուր առմամբ, մոտ 180 ուղևոր կար: Սա Սոչիի հանդիպման հետ կապված մեր առաջին թռիչքն էր, չի բացառվում, որ հենց այդ համատեքստում է ինքնաթիռը թիրախավորված եղել: Եթե հաջողվեր վնաս հասցնել, կարող էր քարոզչական իրարանցում ստեղծվել: Փառք Աստծո, մարդկային վնաս չկա»,-ասաց Ժիրայր Ռեիսյանը:

Պատգամավորն, անդրադառնալով Սոչիի հանդիպմանը, նշեց, որ այն շատ լավ նախաձեռնություն էր: Կողք կողքի, նույն սրահում, թեկուզ երբեմն բարձր ձայնով, երբեմն հանդարտ, բայց արդեն գործնական քայլերի սկիզբն էր նախանշվում:

«Չենք կարող ասել, որ տեղի ունեցան կոնկրետ իրագործումներ, բայց այս սկիզբն արդեն առաջին հանգրվանն է: Ասեմ, որ Ռուսաստանը, նախաձեռնելով այս հանդիպումը, շատ լավ էր կազմակերպել, հրաշալի պայմաններ էին: Մասնակիցները լսում էին միմյանց, հարցեր էին բարձրացնում: Կարող ենք ասել, որ խաղաղության հաստատման, երկխոսելու պատրաստակամությունը բոլոր կողմերից էր հնչում, բայց դրանք գործնականացնելու հարցում ամեն մեկն իր պատկերացումներն ունի: Սա երկխոսության սկիզբն էր: Սիրիան միշտ էլ երկխոսության պատրաստ է խաղաղության վերականգնման, բնականոն կյանքի վերաաշխուժացման համար»,-ասաց Ժիրայր Ռեիսյանը:  

Սոչիից սիրիական պատվիրակության առաջին խումբը փոխադրող օդանավը փետրվարի 2-ին Դամասկոսի միջազգային օդակայանում վայրէջք կատարելու պահին ահաբեկչական խմբավորումների զինյալների կողմից հրթիռակոծության է ենթարկվել: Օդանավը կարողացել է խուսափել բախումներից, վիրավորներ, զոհեր չկան:

Սիրիայի հարցով ազգային երկխոսության համագումարը կայացել է հունվարի վերջին Սոչիում: ՌԴ ԱԳՆ-ի կողմից հրավիրվել է սիրիական հասարակության 1000-ից ավելի ներկայացուցիչ, ՄԱԿ-ի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային մի շարք գործընկերներ: Մասնակիցները նաեւ հանդես են եկել միասնական բանակի եւ ազատ ընտրությունների անցկացման օգտին, որոնք պետք է որոշեն երկրի ապագան: Կոնգրեսի արդյունքներով դրա մասնակիցները համաձայնության են եկել կազմելու սահմանադրական հանձնաժողով: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել Էր Սիրիայի ժողովուրդների կոնգրեսի ստեղծման գաղափարի մասին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ