Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Փոփոխություններ հաշմանդամներին վերականգնողական պարագաներ և օժանդակ միջոցներ տրամադրելու գործընթացում

Փոփոխություններ հաշմանդամներին վերականգնողական պարագաներ և օժանդակ 
միջոցներ տրամադրելու գործընթացում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական պարագաներ և օժանդակ միջոցներ տրամադրելու գործընթացում կատարվում են փոփոխություններ:

Ինչպես «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանը, փուլ առ փուլ անցում է կատարվում հավաստագրման գործընթացին:

«Սկզբնական շրջանում հավաստագրերով տրամադրվում են սայլակներ, լսողական սարքեր: Նախկինում մրցութային կարգով հաղթող կազմակերպությունը ներկայացնում էր 6-7 տեսակ ապրանք: Հաշմանդամություն ունեցող անձը ընտրություն էր կատարում այդ 6-7-ից: 2017 թվականից փոխվեց կարգն ամբողջությամբ: Այժմ նախարարությունը պայմանագիր է կնքել 5 կազմակերպության հետ, և հաշմանդամություն ունեցող անձը հնարավորություն ունի ընտրություն կատարել 63 տեսակի պարագաներից: Դա նշանակում է, որ անձը կարող է ընտրել այն սայլակը, որն իր կարիքներին հարմար է»,-ասաց Արթուր Կեսոյանը:

Հաշմանդամություն ունեցող անձին տրվում է հավաստագիրը, որի հետ նաև այն կազմակերպությունների ցանկը, որոնք պայմանագրեր ունեն նախարարության հետ: Անձն այցելում է տվյալ կազմակերպություն և ընտրում իրեն հարմար օժանդակ պարագաներ: Արթուր Կեսոյանը տեղեկացրեց, որ տվյալ կազմակերպությունները պարտադիր պետք է ունենան համապատասխան որակավորում անցած մասնագետներ, որոնք նաև հաշմանդամություն ունեցող անձին ուղղություն կտան պարագաներն ընտրելու հարցում:

Նախարարությունը պարտադիր պայման է սահմանել, ըստ որի, պայմանագիր կնքող կազմակերպությունը պետք է մարզերում ունենա ներկայացուցչություն կամ սպասարկման կետ: Նպատակն այն է, որ ծառայությունները լինեն ավելի որակյալ, հասցեական և հասանելի:

Հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության գլխավոր մասնագետ Հայկ Մկրտչյանը նշեց, որ կազմակերպությունների հետ կնքվող պայմանագրում պարտադիր պայման է նաև նրանց մատչելիությունը:

«Պայմանագրային պարտադիր կետ դարձավ տվյալ կազմակերպությունների շենքային պայմանների մատչելիությունը: Աշխատանքները տարվում են այն ուղղությամբ, որ հաշմանդամություն ունեցող անձն ինքն ընտրի իրեն անհրաժեշտ պարագան` լինի սայլակ, թե լսողական սարք: Այսինքն` հնարավորություն ունենա անձամբ լինել այդ կազմակերպությունում, ինքնուրույն ընտրել պարագան, հասկանալ ինչն է իրեն հարմար, ինչը՝ ոչ»,-ասաց նա:

Մշակվել են նաև հուշաթերթիկներ, որոնք վերաբերում են հաշմանդամի սայլակների տեսակներին և դրանց ընտրության ցուցումներին: Հաշմանդամություն ունեցող անձը, հավաստագրից բացի, նաև ստանում է այդ հուշաթերթիկը՝ հասկանալու համար, թե ի՞նչ տիպի սայլակներ կան, ո՞ր միջավայրում են դրանք ավելի լավ օգտագործվում և այլն: Առաջիկայում հավաստագրերով այլ պարագաներ ստանալու գործընթացը շարունակվելու է:

Նշենք, որ վերականգնողական պարագաներ և օժանդակ միջոցներ տրամադրվում են պետական բյուջեի հաշվին, տարեկան 12-13 հազար հատ` 6-7 հազար  հաշմանդամություն ունեցող անձի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]