Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Արագածոտնի մարզում պաշտոնեական դիրքի չարաշահման կրկնակի աճ է գրանցվել. մարզի դատախազ Վիգեն Միլիտոնյանի հարցազրույցը

Արագածոտնի մարզում պաշտոնեական դիրքի չարաշահման կրկնակի աճ է գրանցվել. 
մարզի դատախազ Վիգեն Միլիտոնյանի հարցազրույցը

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզում գրանցվել է պաշտոնեական լիազորություններն անցնելու կամ չարաշահելու, կեղծիք կատարելու 15 դեպք նախորդ տարվա 7-ի դիմաց: Բոլոր դեպքերով հարուցվել են քրեական գործեր և կատարվել նախաքննություն:  Մարզում հանցավորության վիճակի, պաշտոնական դիրքի չարաշահման, Բյուրականում հրդեհի գործով զարգացումների, արդարադատությունից խուսափող անձանց հայտնաբերման աշխատանքների, 2018 թվականի ծրագրերի և այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է Արագածոտնի մարզի դատախազ Վիգեն Միլիտոնյանի հետ:

-Պարոն Միլիտոնյան 2017 թվականին Արագածոտնի մարզում հանցագործության քանի դեպք է գրանցվել: Գրանցված դեպքերից, որոնք են բացահայտվել: Նախորդ տարիների համեմատությամբ հանցագործությունների բացահայտման ինչպիսի դինամիկա է առկա, մասնավորապես որ տեսակի հանցագործություններն են ավելի շատ գրանցվել և ինչ քայլեր են ձեռնարկվում դրանք նվազեցնելու ուղղությամբ:

-2017 թվականի ընթացքում Արագածոտնի մարզում արձանագրվել է հանցագործության 738 դեպք` նախորդ տարվա 655 դեպքի դիմաց, աճել է 83 դեպքով կամ 12.7%-ով: Բացահայտումը կազմում է 90.2%, նախորդ տարվա 86,7% դիմաց, որը բարձր է  հանրապետական միջին ցուցանիշից 7.1 %-ով:

Հանցավորության վիճակի ընթացիկ վերլուծությունը ցույց է տալիս, որ չնայած 2017 թվականին  մարզում  մարդու դեմ ուղղված հանցագործություններն, ընդհանուր առմամբ, նախորդ տարուց նվազել  են 12-ով կամ 6.6%-ով, որը պայմանավորված է հիմնականում մասնավոր մեղադրանքի գործերով, սակայն մտահոգիչ է  սպանությունների և սպանության փորձի աճը՝ արձանագրվել  է սպանության 3 դեպք նախորդ տարվա 1-ի դիմաց և սպանության փորձի մեկ դեպք: Սպանության երեք դեպքերն ել բացահայտվել են, իսկ սպանության փորձինը՝ դեռևս ոչ: Առողջությանը ծանր վնաս պատճառելու  և  ավազակության դեպքերի նվազում կամ աճ մարզում չի արձանագրվել:

Էապես բարձր է եղել սեփականության դեմ ուղղված հանցագործությունների՝ անձնական գույքի հափշտակությունները՝ բնակարանային (19` նախորդ տարվա 16) և անասնագողության հանցագործությունների տեսակարար կշիռը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ գողությունների մեծ մասը կատարվել են գիշերային ժամերին, բազմաբնակարան շենքերում, գյուղական համայնքներում:

Իմ կողմից միջնորդություն է ներկայացվել Արագածոտնի ոստիկանության մարզային վարչության պետին, բնակավայրերում ոստիկանության աշխատակիցների գիշերային շրջագայությունների երթուղիներն ավելացնելու, հանցագործությունների նկատմամբ հակում ունեցող անձանց մշտապես օպերատիվ տեսադաշտում պահելու, նրանց հետ պարբերաբար բացատրական աշխատանքներ կատարելու ուղղությամբ, ինչպես նաև բացատրական աշխատանքներ տանել բնակչության շրջանում՝ գույքի ապահովման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ: Բացի այդ,  կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու նպատակով համապատասխան միջնորդություն է  ներկայացվել Արագածոտնի մարզպետին՝ մարզի  համայնքների չլուսավորվող փողոցների լուսավորումը վերականգնելու, առավել մեծ համայնքների փողոցները տեսանկարահանող սարքերով ապահովելու համար:

Մարզում աճել են նաև ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերը: Այս բնույթի հանցագործությունների կանխարգելումն ու բացահայտումը մեր մշտական ուշադրության կենտրոնում է (58-ը՝ նախորդ տարվա 42-ի դիմաց, որից մահվան ելքով 10-ը՝ նախորդ տարվա 7-ի դիմաց): Չնայած սրան, բոլորը բացահայտված են:

Մարզի դատախազության կողմից ուսումնասիրվել են ավտոճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերով հարուցված քրեական գործերը, նախապատրաստված նյութերը, ինչպես նաև հանցագործությունների վերաբերյալ ամենօրյա հաղորդագրությունները: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ վթարների պատճառներ են հանդիսացել մարզի բնակլիմայական պայմանները վարորդների կողմից հաշվի չառնելը, արագության գերազանցումը, վարորդների կողմից ոգելից խմիչք օգտագործած վիճակում ավտոմեքենա վարելը:

 Դեպքերի վայրերի ուսումնասիրություններով պարզվել են ավտոճանապարհատրանսպորտային պատահարների բարձր հաճախականություն ունեցող տեղամասերը՝ Երևան-Գյումրի մայրուղու՝ Աշտարակ-Ուջան, Թալին-Մաստարա, Աշտարակ-Ապարան, ինչպես նաև Աշտարակ-Արագած ավտոճանապարհային հատվածները և իմ կողմից համապատասխան հաղորդում է ուղարկվել ճանապարհային ոստիկանությանը՝ ավտոճանապարհատրանսպորտային պատահարների կրկնվող տեղանքներում ուժեղացնել ծառայությունը:

Պետք է նշեմ, որ ՃԵԿ խախտման դեպքերի աճը, ի թիվս այլ գործոնների, պայմանավորված է նաև շահագործվող տրանսպորտային միջոցների քանակի աճով:

-Մարզում պաշտոնեական դիրքի չարաշահման ինչ դեպքեր են գրանցվել: Կարող եք դեպքերից մի քանիսը առանձնացնել:

- Այս բնագավառում ունենք հանցագործությունների կրկնակի աճ, 2017 թվականին գրանցվել է պաշտոնեական լիազորություններն անցնելու կամ չարաշահելու, կեղծիք կատարելու 15 դեպք նախորդ տարվա 7-ի դիմաց: Բոլոր դեպքերով հարուցվել են քրեական գործեր և կատարվել նախաքննություն: Քրեական գործերի վերլուծության արդյունքներով  պարզվել է, որ մարզում կոռուպցիոն հանցագործությունների՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահողների  և պաշտոնեական կեղծիք կատարողների մեծ մասը համայնքների ղեկավարներ ու համայնքային դպրոցի տնօրեններն են:

Քրեական գործերի ուսումնասիրության և վերլուծության արդյունքում պարզվել է, որ  համայնքի ղեկավարների և դպրոցի տնօրենների կողմից կատարված գրեթե բոլոր հանցանքները կատարվել են նախկին տարիներին, մասնավորապես՝ տրամադրվել են կեղծ փաստաթղթեր, ավարտական վկայականներ, աշխատանքի չհաճախող աշխատակցին վարձատրել են, արոտավայրերը տրամադրել են նախատեսված արժեքից ցածր կամ բարձր գումարով, սակայն հանցագործությունները բացահայտվել են 2017 թվականի ընթացքում: Բերեմ մեկ օրինակ: Ծաղկահովիտ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որ նա, օգտագործելով  իր պաշտոնեական դիրքը, հափշտակություն կատարելու դիտավորությամբ 2013-2016 թվականների ընթացքում համայնքի մի խումբ բնակիչների անվամբ  լրացված դիմումներով համայնքի բյուջեից դուրս է գրել 350000 ՀՀ դրամ գումար և յուրացրել: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Փաստ է, որ նմանատիպ հանցագործությունները լատենտային բնույթ են կրել, իսկ 2017 թվականի բացահայտումները վկայում են դատախազության վերահսկողության ներքո՝ իրավապահ մարմինների համակարգային  համագործակցված  դրական աշխատանքի մասին:

-Բյուրականում տեղի ունեցած հրդեհի դեպքով ՀՀ գլխավոր դատախազությունը նյութեր էր նախապատրաստել: Ներկայումս ինչ փուլում է գտնվում սույն գործը:

 -Բյուրականի անտառում տեղի ունեցած հրդեհի դեպքի առթիվ 2017թ. սեպտեմբերի 13-ին ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում՝ ՀՀ քր. օր-ի 297-րդ հոդվածի 1-ին մասով և 186-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է թիվ 29104317 քրեական գործը: Նշանակվել է դատահրդեհատեխնիկական փորձաքննություն, պարզելու հրդեհի առաջացման պատճառները, դատաապրանքագիկական փորձաքննություն, պարզելու հրդեհի հետևանքով անտառին պատճառված նյութական վնասի չափը, որոնց եզրակացությունները դեռ չեն ստացվել:

 -2017 թվականին քանի արդարացման դատավճիռներ են գրանցվել: Որոնք են այդ դեպքերը: Արդյոք բողոքարկվել են վերադաս ատյաններ:

-2017 թվականին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 1 գործով 1 ամբաստանյալ նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ: ՔԿ Արագածոտնի մարզի վարչության  քննիչի կողմից քրեական գործով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Դատարանն ամբաստանյալին այդ մեղադրանքով ճանաչել է անմեղ և արդարացրել՝ կատարված հանցագործությանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ:

Ականատես վկան, ով նախաքննության ընթացքում ցուցմունք էր տվել, թե ինչպես է մեղադրյալը հրազենով կրակել տուժողի ոտքին, մինչև մեղադրյալի հատնաբերումը (հետախուզում էր հայտարարվել), լքել էր ՀՀ տարածքը, հետևաբար ոչ նախաքննության, ոչ էլ դատաքննության ընթացքում հնարավոր չեղավ նրան ներկայացնել մեղադրյալի հետ առերեսման, չնայած այն հանգամանքին, որ մեղադրողի կողմից արվեցին ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայով ամրագրված բոլոր միջոցառումները մեղադրյալին հայտնաբերելու և հակընդդեմ հարցումն ապահովելու ուղղությամբ:

Չնայած դրան իմ կարծիքով քրեական գործում առկա են բավարար ապացույցներ մեղադրական դատավճիռ կայացնելու համար և այդ պատճառով դատական ակտը մարզի դատախազության կողմից բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որը դեռ որոշում չի կայացրել:

Հարկ եմ համարում նշել, որ 2016 թվականի ընթացքում 5 գործով 5 ամբաստանյալ էր արդարացվել:

-Չնայած վերջերս Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունների գործով հրապարակվեցին որոշ մանրամասներ, սակայն հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, ինչ նոր հանգամանքներ կարող եք ներկայացնել:

-Այս քրեական գործը հարուցման պահից քննվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ վարչությունում: Նախաքննության նկատմամբ մարզի դատախազությունը հսկողություն չի իրականացրել, ուստի նոր հանգամանքների մասով տեղեկություն չեմ կարող հայտնել:

 -Նախորդ տարի ՀՀ դատախազությունում հետախուզման գործընթացի խնդիրների քննարկումից հետո կարծես թե ակտիվացան քննությունից և արդարադատությունից խուսափող անձանց հայտնաբերման աշխատանքները: Ինչպիսի՞ն է պատկերը Արագածոտնի մարզում:

-2017 թվականի ընթացքում Արագածոտնի մարզի ոստիկանության բաժինների կողմից հայտնաբերվել է 78 հետախուզվող (2016 թվականին 64):

ՀՀ գլխավոր դատախազի  հանձնարարականի համաձայն՝ 2017 թվականի ընթացքում մարզի դատախազության կողմից ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունից պահանջվել և ստացվել են ՀՀ քր. դատ. օր.-ի 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով վարույթը կասեցված քրեական գործերը, իսկ ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ենթակայության տարածքային ոստիկանության բաժիններից ստացվել է նախաքննության մարմինների և դատարանների կողմից քննությունից խուսափող՝ հետախուզման մեջ գտնվող անձանց վերաբերյալ կազմված հետախուզական գործերը  և դրանք համեմատվել են ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում հաշվառված հետախուզվողների տվյալների հետ:

Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են խախտումներ և բացթողումներ նախորդ տարիներին կազմված հետախուզական գործերում, որոնց վերաբերյալ յուրաքանչյուր հետախուզական գործով անհատական եզրակացություններ են կազմվել դատախազության դատախազների կողմից և ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբին: Ներկայացված  ուսումնասիրության արդյունքները դատախազության կողմից ուղարկվել են ՀՀ ոստիկանապետին, որի հրամանով էլ ծառայողական քննություն է անցկացվում ոստիկանության թերացած աշխատակիցների նկատմամբ:

Հարկ է նշել, որ 2017 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիան ՀՀ գլխավոր դատախազի նախագահությամբ որոշեց  հետախուզական գործունեության ոլորտում ուժեղացնել  քրեական հետապնդման մարմինների համագործակցությունը, ինչպես նաև գլխավոր դատախազության, ոստիկանության  և քննչական կոմիտեի ղեկավարության հետ համատեղ մշակել  հետախուզական գործերի վարման նկատմամբ վերահսկողության գործուն մեխանիզմ: Այն այսօր արդեն իրականություն է:

 -Որոնք են Արագածոտնի մարզի դատախազության 2018 թվականին առաջնային քայլերը լինելու, ինչ ուղղության վրա է աշխատանք տարվելու:

-Կոռուպցիայի դեմ պայքարը շարունակում է որպես առաջնահերթություն մնալ դատախազության գործունեության դիտակետում: Դատախազությունը որպես միասնական համակարգ, որդեգրել է կոռուպցիայի դեմ առավել հետևողական և իսկապես անզիջում պայքարի քաղաքականություն: Ինչպես գիտեք՝ օրենսդիր մարմնի կողմից նախորդ տարի քրեականացվեցին որոշ արարքներ, որոնց կենսաապահովման համար մարզի դատախազությունն օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակում արդյունավետ համագործակցելու է իրավապահ մարմինների հետ: Խոսքը մասնավորապես վերաբերում է կոռուպցիոն բնույթի հանցագործություններ քննելիս հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց դրամական և գույքային շարժի օրինականությունն ու հիմնավորվածությունն ուսումնասիրելուն, ապօրինի հարստացման դեպքերի բացահայտմանը:

Կարևոր եմ համարում նաև մարզի բնակչության շրջանում բացատրական աշխատանքներ տանելը՝ տեղեկացնելու, որ քրեորեն պատժելի են նաև այն անձանց արարքները, ովքեր կոռուպցիոն բնույթի դեպքի վերաբերյալ հաղորդում տվող անձի կամ նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ սպանության, առողջությանը վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքներ են տվել: Այդպիսի դեպքեր հայտնաբերելիս կձեռնարկվեն բոլոր միջոցառումները:

Նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ նախորդ տարվա ընթացքում մարզում աճել է սպանությունների թիվը՝ մեր հիմնական խնդիրն է լինելու հանցագործությունների նախականխմանն ուղղված օպերատիվ աշխատանքների, իսկ քննվող գործերի համատեքստում՝ նաև քննչական գործողությունների արդյունավետության բարձրացումը: Այսինքն` ցանկացած դեպքով քննության առարկա պետք է դարձվի ոչ միայն դրանց մասնակիցների ամբողջական շրջանակի բացահայտումը, այլև նախորդած հանգամանքների, տվյալ հանցագործության հնարավոր պատճառ հանդիսացած գործոնների առկայությունը:

Բնականաբար, հիմնական ուղղություններից մեկը լինելու է կալանքի՝ որպես խափանման միջոցի կիրառման և կալանքի ժամկետների երկարաձգման միջնորդությունների պատշաճ հիմնավորվածության ապահովումը:

Հարցազրույցը` Կարեն Խաչատրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]