Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Մեր խնդիրը ժամանակակից, լավ կրթական համակարգ ունենալն է. Կարեն Կարապետյանն այցելել է կրթության և գիտության նախարարություն

Մեր խնդիրը ժամանակակից, լավ կրթական համակարգ ունենալն է. Կարեն 
Կարապետյանն այցելել է կրթության և գիտության նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին ու  2018 թ. անելիքներին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը զեկուցել է, որ նախարարության գործունեությունն ուղղված է եղել կրթության որակի և մատչելիության բարելավմանը` համակարգի բովանդակային և մեթոդների արդիականացման, իրավական դաշտի ամրապնդման ու կառավարման արդյունավետության բարձրացման ճանապարհով: Կրթության ոլորտի զարգացման հետագա ուղղությունները նախանշելու նպատակով մշակվել է «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացվելու է Ազգային ժողովի հաստատմանը: «Ամենակարևորն  այն էր, որ այս տարվա ընթացքում մեզ հաջողվեց  և հայեցակարգային, և կոնկրետ գործողությունների տեսքով քարտեզագրել  մեր ամբողջ փաթեթը: Մինչև 2030 թվականի մեր գործողությունների ծրագիրն ունի հայեցակարգային մաս, բայց ավելի կարևոր է երկրորդ հավելվածը, որով փորձեցինք յուրաքանչյուր խնդրի մասով իրականացնել ժամանակացուցային քարտեզագրում, և անելիքները բաշխել գոնե առաջիկա 2-3  տարվա ժամանակահատվածում»,- նշել է նախարար Լևոն Մկրտչյանը:  

Այդ առումով, կարևորվել է Կրթության ազգային ինստիտուտի դերը, որի գործունեությունն ուղղված է լինելու բարեփոխումների մշակմանն ու մասնագիտական տեսանկյունից կրթության զարգացման ուղղությունների ներկայացմանը: Զեկուցվել է, որ 2017-ի ընթացքում ներդրվել է ուսուցիչների վերապատրաստման և տարակարգերի նոր համակարգ: Արդյունքում, վերապատրաստվել է շուրջ 7000 ուսուցիչ, ատեստավորման արդյունքում առաջին աստիճանի տարակարգ է շնորհվել 500 ուսուցչի, իսկ 2-րդ աստիճանի տարակարգ՝ 30 ուսուցչի: Ծրագիրը, որը միտված է ուսուցիչների մասնագիտական պատրաստվածության բարձրացմանը, իրականացվում է Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ: Տեղեկացվել է, որ մարզերի և Արցախի 11 դպրոցներում արդեն իսկ ներդրվել է Արարատյան բակալավրիատի ծրագիրը: Մշակվում է տեխնոլոգիական համալսարանի հայեցակարգը, բանակցություններ են ընթանում դոնոր և միջազգային կազմակերպությունների հետ: Նշվել է, որ 2017-ին կրթության ոլորտում, ընդհանուր առմամբ, իրականացվել են 18 մլն դոլարի ներդրումային ծրագրեր:

«Մեր խնդիրը ժամանակակից, լավ կրթական համակարգ ունենալն է, որպեսզի մեր քաղաքացին սովորական դպրոցում կարողանա ստանալ լավ կրթություն: Համակարգին մոտիվացնելու համար մենք պետք է ունենանք լավ դպրոցների օրինակներ»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ դրանք կարող են դառնալ դպրոցական ընդհանուր համակարգի զարգացման «լոկոմոտիվը»:  Նախարար Մկրտչյանը տեղեկացրել է, որ այդ ուղղությամբ արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում:

Զեկուցվել է, որ վերանայվել են կրթական ծրագրերը` ներառելով ձեռնարկատիրության և ֆինանսական կրթության տարրեր:  2017թ. սեպտեմբերից 13 դպրոցում ներդրվել է փորձնական ծրագիր՝ «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ», «Ես և շրջակա աշխարհը» և «Հասարակագիտություն» առարկաների ուսուցում՝ ֆինանսական կրթության տարրերի ներառմամբ: Ձեռնարկատիրական կրթության ներդրման նպատակով նաև 1247 դպրոցի մեկական 2-րդ և 3-րդ դասարաններում փորձնական ներդրվել է «Տեխնոլոգիա» առարկայի ուսուցում` ձեռնարկատիրական  տարրերի ներառմամբ: 227 դպրոցի մեկական 10-րդ դասարաններում ներդրվել է փորձնական ծրագիր՝ «Ձեռնարկատիրություն» առարկայի ուսուցմամբ: Նախատեսվում է մինչ 2019 թվականը նշված առարկան ներդնել հանրապետության բոլոր դպրոցներում: Ի պատասխան վարչապետի հարցին՝ տեղեկացվել է, որ առարկան դասավանդող ուսուցիչների համար վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվել: 

Տեղեկացվել է, որ 2017-ի ընթացքում հանրապետության դպրոցների 70 տոկոսում ներդրվել է պարտադիր երրորդ օտար լեզվի առարկան, պիլոտային ծրագրով արդեն իսկ տարբեր համայնքներում հիմնվել են օտար լեզուների ուղղվածությայմբ խորացված դպրոցներ: «Մենք՝ հայերս, դատապարտված ենք իմանալու երեք լեզու: Եթե մենք երեք լեզու չիմանանք՝ ժամանակակից չենք լինելու, մենք փիլիսոփայության, ֆիզիկայի գրքերը չենք կարողանալու թարգմանել հայերեն, իսկ այսօր յուրաքանչյուր օր տեղի են ունենում փոփոխություններ»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը՝ հանձնարարելով մշակել օտար լեզուների դասավանդման  մեթոդոլոգիայի նոր համակարգ:

Վարչապետը կարևորել է նաև դպրոցներում ֆիզիկական կուլտուրա առարկայի դասավանդումը և հորդորել այդ ուղղությամբ լինել խիստ հետևողական:

Տեղեկացվել է, որ մշակվել է «Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների ներդրման ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը: Վերանայվել է «ՀՀ պետական համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը, խմբերի խտությունը, նորմատիվները  հաստատելու մասին» ՀՀ ԿԳ նախարարի հրամանը: Դրա շրջանակում վերանայվել է նախադպրոցական կրթության ոլորտում առկա հաստիքացուցակը, ինչի արդյունքում կանխատեսվում է, որ կտնտեսվի 122 մլն դրամ:  

Միաժամանակ, տեղեկացվել է, որ կրթության համակարգում 2017-ին իրականացված օպտիմալացման արդյունքում տնտեսվել է 266 մլն դրամ. օպտիմալացվել է 15 դպրոց, ազատվել է 24377 հազար քմ տարածք: 2018-ին ևս օպտիմալացման ծրագիրը կրելու է շարունակական բնույթ: «Մենք ինքնանպատակ տարածք տնտեսելու ցանկություն չունենք, մենք նպատակ ունենք ստեղծել նորմալ, լավ կրթական համակարգ, որպեսզի ոչ արդյունավետ գումար չծախսենք»,- շեշտել է Կարեն Կարապետյանը:

Պատասխանատուները տեղեկացրել են նաև, որ մշակվել է «Բարձրագույն  կրթության մասին» ՀՀ  նոր օրենքի նախագիծը: Ներկայումս սկսված են բարձրագույն կրթության զարգացման ռազմավարության մշակման աշխատանքները: Շարունակվում է իրականացվել սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցում՝ 50-100%-ի չափով: Նշվել է, որ նոր օրենքի արդյունքում կհստակեցվեն բուհերի կառավարման և գիտական խորհուրդների գործառույթները, կփոքրացվի կառավարման խորհրդի անդամների թվաքանակը և կբացառվի քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց ներառումը բուհեր, կամրագրվի վարչական և պրոֆեսորադասախոսական պաշտոններում տարիքային սահմանափակումը, կներդրվի բուհերի ռեկտորների հաշվետվողականության  համակարգ, կբարձրացվի ուսանողների ֆինանսավորման հասցեականության մակարդակը: Ակնկալվում է նաև բարձրացնել բուհեր-աշխատաշուկա համագործակցության մակարդակը:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև գիտության ոլորտի ներկայիս վիճակին, առկա խնդիրներին և հնարավորություններին: Վարչապետը կարևորել է ոլորտի զարգացումը՝ ընդգծելով, որ պատասխանատուներից ակնկալում է հստակ ծրագիր, որը կմատնանշի գիտության տարբեր ճյուղերի զարգացման հեռանկարները, կգնահատի դրանց կիրառական նշանակությունն ու արդյունավետությունը:   

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]