1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կենսաթոշակային կուտակային պարտադիր բաղադրիչն ուժի մեջ մտնելուց հետո համակարգին կմիացնի շուրջ 80 հազար մարդու

Կենսաթոշակային կուտակային պարտադիր բաղադրիչն ուժի մեջ մտնելուց հետո 
համակարգին կմիացնի շուրջ 80 հազար մարդու

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կուտակային հիմնադրամներում 2017 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ կուտակվել է 105.6 մլրդ դրամ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը` ներկայացնելով տեղեկություն հիմնադրամներում կուտակված կենսաթոշակային վճարների, դրանց եկամտաբերության, պարտադիր բաղադրիչի ուժի մեջ մտնելու մասին:

-Խնդրում եմ ներկայացնել տեղեկատվություն մինչ այժմ հիմնադրամներում կուտակված կենսաթոշակային վճարների մասին: Որքա՞ն գումար է կուտակվել, ռեալ եկամտաբերությունը որքա՞ն է կազմել:

-2017 թվականի տվյալները դեռ ամբողջությամբ չեն ամփոփվել, հետևաբար ես ներկայացնեմ նոյեմբերի 30-ի դրությամբ ունեցած տվյալները: Նշված ժամանակահատվածում կուտակային հիմնադրումներում կուտակվել է 105.6 մլրդ դրամ: Միջոցները սկսել են հավաքագրվել 2014 թվականից: Կուտակային եկամտաբերությունը 2014 թվականից ներդրված գումարի համար կազմել է 44 տոկոս: Այսինքն` 2014 թվականին ներդրած 10 հազար դրամն այսօր դարձել է մոտավոր 14 հազար 400 դրամ: 2017 թվականի եկամտաբերությունը կազմել է շուրջ 13 տոկս: Ինչի՞ մասին են խոսում այս տվյալները: Դրանք խոսում են այն մասին, որ քաղաքացու տված գումարը կրկնակի ավելացել է: Օրինակ, քաղաքացին տվել է 25 հազար դրամ, պետությունն ավելացրել է ևս 25 հազար դրամ, 44 տոկոս եկամտաբերության դեպքում շուրջ 22 հազար դրամ ավելացել է: 2014 թվականին տված 25 հազարն այսօր դարձել է 75 հազար դրամ: Իմ կարծիքով, բարեփոխումների տեսանկյունից այս համակարգը լրիվ արդարացված է, մարդիկ շահած են դուրս գալիս:

-Այսինքն` դինամիկան դրական է համարվում:

-Դինամիկան ավելի քան դրական ենք գնահատվում: Այս գրեթե 3.5 տարի համակարգի աշխատանքը բավական գոհացնող է: Մեր ակտիվի խելամիտ կառավարման շնորհիվ որևէ ցնցում չի եղել:

-Քանի՞ մասնակից կա մինչեւ այժմ, որքա՞նն են պետական, որքանը մասնավոր հատվածից:

-Մենք հաշվառում ենք իրականացնում` ըստ ակտիվ և պասիվ մասնակիցների: Իմ նշած ժամանակահատվածի համար արդեն 188 հազար էր ակտիվ մասնակիցների թիվը, որն աճում է: Պասիվների քանակը շուրջ 300 հազար է: Ի՞նչ է նշանակում պասիվ, դա երբ անձը համակարգում հաշվառված է, սակայն, ասենք, այս պահին չի աշխատում, վճարում չի կատարում: Ակտիվ 188 հազար մասնակիցներից 65 հազարը պետական հատվածից է, մնացածը` մասնավոր:

-Հիմնադրամներում կուտակված գումարները որտե՞ղ են ներդրված: Արդյո՞ք այս ընթացքում որևէ խնդիր ծագել է:

-Շուրջ 70 տոկոսը ներդրված է հայկական դրամով, դա նշանակում է, որ գումարները Հայաստանում են: Օրենսդրորեն կա սահմանափակում, որ գումարների 60 տոկոսը ներդրվի դրամով: Ստացվում է ավելին է մնացել Հայաստանում: Գումարները ներդրվել են պետական պարտատոմսերում, բանկային ավանդներում, բորսայում շրջանառվող պարտատոմսերում, բաժնետոմսերում և այլն: Այդ ամենի արդյունքում եկամտաբերությունը կազմել է բավական բարձր տոկոս:

Կուզենայի խոսել նաև մեր ակտիվի կառավարիչների մասին: Ունենք երկու ակտիվի կառավարիչ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» և «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերությունները: Երկուսն էլ եվրոպական են, իրենց մասնաճյուղերը գրանցել են Հայաստանում: Այս կառավարիչները բավական հայտնի են Եվրոպայում, բավական վստահելի են: Մեծ ջանքեր ենք գործադրել, որ գան գործունեություն ծավալեն Հայաստանում:

Այս 3 տարվա ընթացքում գործընթացի, օրենսդրության բավական հղկման աշխատանքներ են կատարվել: Պատրաստ ենք ավելի մեծ ծավալ ընդունել:

-ՀՀ-ում կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը կգործի 2018 թ. հուլիսից: Կխնդրեմ մանրամասնել, այդ պարտադիր բաղադրիչին անցում կատարելը ինչպե՞ս է կատարվելու, ի՞նչ ընթացակարգեր կան նախատեսված:

-Որևէ նոր բան չի լինելու: Նույն գործընթացն է լինելու, պարզապես մասնակիցների քանական է ավելանալու: Թվերը խոսում են այն մասին, որ համակարգն իրեն արդարացրել է: Ինչ-որ առանձնահատուկ ընթացակարգ չկա, դիմում գրելու կարիք չկա: Նրանք, ովքեր 1974 թվականի հունվարի 1-ից հետո են ծնվել ավտոմատ կմիանան համակարգին: Իրենց գործատուներն իրենց մասին կտան հաշվետվություն, կկատարեն վճարումներ: Իրենց անունով կբացվի հաշիվ: Շատ ուրախ կլինենք, որ իրենք գնան ընտրեն իրենց ֆոնդերը, այսինքն, թե որ ուղղությամբ են մտադիր ներդրումներ կատարել` ավելի շատ, ավելի քիչ, միջին ռիսկային: Եթե չեն ընտրում, ապա համակարգն է ավտոմատ ընտրում միջին ռիսկային ֆոնդը:

-Հաշվարկներ կան, թե պարտադիր բաղադրիչն ուժի մեջ մտնելուց հետո որքա՞ն  մասնակից է ավելանալու եղածների թվին:

-Հաշվարկներ, իհարկե, կան: Մոտավոր կգումարվի 70-80 հազար մարդ, խոսքն ակտիվների մասին է:

-Ըստ ձեզ, արդյո՞ք տեղեկացվածության պակաս կա համակարգում ընդգրկված մարդկանց շրջանում և այդ ուղղությամբ ինչ աշխատանքներ են նախատեսված:

-Միգուցե կան: Մեր ռեսուրսները որքան բավարարում են, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Այս տարի ակտիվի կառավարիչները կակտիվանան, կխոսեն ինչ են արել, որքան է կազմել եկամտաբերությունը: Մենք ձգտելու ենք տեղեկանալու ճանապարհները բազմազան դարձնել: Կարող են բանկի միջոցով տեղեկություն ստանալ, եթե այնտեղ հաշիվ կա բացված, էլեկտրոնային նամակներ, հեռախոսներին հաղորդագրություններ ուղարկելու հարցերն են քննարկվում:

-Այս օրերին խոսվում է, որ մի կողմից գնաճ է, որին զուգահեռ աշխատավարձերը չեն բարձրացնում, «Եկամտային հարկի մասին» օրենքում փոփոխություններով պայմանավորված ավելի շատ գումար է գանձվելու, դրան էլ հուլիսի 1-ից գումարվում է կուտակային պարտադիր վճարը որոշ խմբերի համար: Այստեղ սոցիալական խնդիր չե՞ք տեսնում:

-Այդ գումարն իրենց սեփականությունն է, դա ոչ մեկին չեն տալիս: Ինչպես են տանում գումարը ավանդ դնում, սա էլ նման մի բան է: Կենսաթոշակային տարիքում մարդը կարող է հայտնվել աղքատության շեմին: Նորմալ չէ, երբ մարդն աշխատում է, անցնում է թոշակի, ստանում 15, 30 կամ 40 հազար դրամ: Որպեսզի այդ ճեղքը փոքրացվի, ստեղծվել է այդ համակարգը:

Հարցազրույցը` Աննա Գզիրյանի 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]