Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

Լևոն Ջուլֆալակյանն ամփոփել է ըմբշամարտի Հայաստանի առաջնության արդյունքները


ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն ամփոփել է ազգային առաջնության արդյունքները:

«Անցած տարվա համեմատ մասնակիցների քանակն ավելացել է: 2017 թվականին ազգային առաջնությանը մասնակցում էին 68 մարզիկ, այս տարի՝ 85: Անգամ այս դեպքում եմ ես դժգոհ: Մեր առաջնությունում ես ցանկանում եմ տեսնել 140-150 մասնակից, բայց որակով, այլ ոչ թե՝ պարզապես մասնակից: Ինձ շատ է մտահոգում որակը: Միշտ էլ եղել են թերություններ, որոնք աշխատանքի շնորհիվ շտկվել են: Երկար տարիներ է գլխավորում եմ հավաքականը և ամեն տարի հաջողվել է մեդալներ նվաճել, սակայն մեզ համար անհամեմատ ավելի հեշտ կլիներ հավաքականում աշխատել ավելի լավ պատրաստված, բարձրակարգ ըմբիշների հետ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մասնագետի խոսքը մեջբերում է ըմբշամարտի ֆեդերացիան:

Մասնագետը խոսել է նաև հանդիսականների պահվածքի մասին, մասնավորապես փաստելով. «Ես դժգոհ եմ հանդիսատեսի պահվածքից: Տպավորություն էր, որ մենք ուրիշ երկրում էինք մասնակցում առաջնության և գոտեմարտում էինք իրենց ըմբիշների դեմ: Համենայն դեպս ներկաները չպետք է իրենց այդպես պահեին այն մարզիկների նկատմամբ, ովքեր իրենց հաղթանակներով տարիներ շարունակ Հայաստանին մեծ պատիվ են բերել: Մի բան պարզ է. դահլիճում կային անկիրթ, իրենցից ոչինչ չներկայացնող հանդիսականներ, պարզապես՝ ոչնչություններ: Ընդհանուր առաջնության մրցավարությունն ինձ չգոհացրեց: Սակայն ես ինձ թույլ չտվեցի խառնվել նրանց գործողություններին: Մեզ մոտ ընդունված կարգ կա և այն ուժի մեջ է. եթե մի քաշային կարգում որակներով իրար հավասար կամ իրար մոտ ըմբիշներ կան նրանք փորձարկումներ են անցնում նաև միջազգային գորգում: Փորձը ցույց է տալիս, որ շատ ըմբիշներ, որոնք հաղթում են ներքին առաջնությունում, միջազգային գորգում իրենց դրսևորել չեն կարողանում: Արսեն Ջուլֆալակյանն իր անցած ճանապարհով ապացուցել է, որ կայացած ըմբիշ է: Կարապետ Չալյանը երիտասարդ, խոստումնալից ըմբիշ է: Սակայն մեծահասակների առաջնություններում դեռ միայն մեկ բրոնզե մեդալ ունի և մի շարք սայթաքումներ: Կոնկրետ այս քաշային կարգում՝ Կիևի միջազգային մրցաշարին կմասնակցեն երկու ըմբիշներն էլ: Այնտեղ կլինեն անկախ մրցավարներ, անկախ հանդիսատես և կորոշվի ուժեղագույնը, ով էլ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը»:

Ընդամենը մեկօրյա պայքարում հայտնի դարձան Հայաստանի չեմպիոնները: 55 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն դարձավ Նորայր Հախոյանը, 60 կգ՝ Արմեն Մելիքյանը, 63 կգ Սլավիկ Գալստյանը, 67 կգ Կարեն Ասլանյանը, 72 կգ Արման Բաղդասարյանը, 77 կգ Կարապետ Չալյանը, 82 կգ Էդուարդ Սարգսյանը, 87 կգ Մաքսիմ Մանուկյանը, 97 կգ Վաղինակ Մինասյանը, 130 կգ Էդգար Խաչատրյանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ