Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Խաչատրյանական երաժշտությունը Հեմինգուեյին օգնել է ճանաչել Հայաստանը. կոմպոզիտորի նշանավոր հանդիպումները Հարավային Ամերիկայում

Խաչատրյանական երաժշտությունը Հեմինգուեյին օգնել է ճանաչել Հայաստանը. 
կոմպոզիտորի նշանավոր հանդիպումները Հարավային Ամերիկայում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը համերգային շրջագայություններով բազմիցս է եղել Հարավային Ամերիկայում: Կոմպոզիտորի հետ հանդիպման առաջարկներն այս անգամ էլ քիչ չեն եղել: «Արմենպրես»-ն առանձնացրել է Հարավային Ամերիկայում Խաչատրյանի նշանակալի հանդիպումները:

Հանդիպում Հեմինգուեյի հետ

1960-ին Խաչատրյանը հրավիրված է եղել հեղինակային համերգներով հանդես գալու Կուբայում՝ ղեկավարելու Հավանայի սիմֆոնիկ նվագախումբը: Հյուրանոցի նախասրահում էլ պատահաբար հանդիպել է գրող Հեմինգուեյին, վերջինս էլ բաց չի թողել Խաչատրյանին՝ տիկնոջ հետ իր առանձնատուն հրավիրելու հնարավորությունը: Խաչատրյանը, լինելով Հեմինգուեյի մեծ երկրպագուն, իհարկե, առաջարկը սիրով ընդունել է: Հանդիպումից նա հետագայում հիշել է, որ  Հեմինգուեյը խոր հոգեբան է, ով հայացքից ու առաջին խոսքից կարողանում է հասկանալ, թե ինչպիսի մարդ է իր առջև կանգնած: Հեմինգուեյն ասել է, որ Խաչատրյանի երաժշտության միջոցով փորձում է ճանաչել Հայաստանը: Եվ նրա երաժշտությունից ենթադրել է, որ Հայաստանը աշխարհի գեղեցկագույն երկրներից է:

«Հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում: Երկար զրույցից պարզ է դարձել, որ ոչ միայն Խաչատրյանն է երկրպագել Հեմինգուեյին, այլ նաև Հեմինգուեյը՝ Խաչատրյանին: Հանդիպման անմիջականության մասին փաստում է մի դրվագ: Հյուրասիրած սնկով ապուրը Խաչատրյանի կինը՝ Նինա Մակարովան շատ է հավանել, Հեմինգուեյն առաջարկել է երկրորդ բաժինը: Սակայն պարզվել է, որ ապուրն արդեն վերջացել է, Հեմինգուեյն էլ իր ափսեի ապուրը լցրել է Խաչատրյանի կնոջ ափսեի մեջ»,-պատմում է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը:

Հանդիպմանը Խաչատրյանը նշանավոր գրողին Խորհրդային Միությունում հյուրընկալվելու հրավեր է արել, որը նա սիրով ընդունել է, սակայն չի հասցրել գալ: Նրանց հանդիպման լուսանկարը ներկայացված է ինչպես Խաչատրյանի տուն-թանգարանում, այնպես էլ Կուբայում Հեմինգուեյի թանգարանում:

Հեմինգուեյը, ցավոք, ներկա չի գտնվել Խաչատրյանի համերգին,  քանի որ ավարտին է հասցնելիս եղել իր գրքերից մեկը: Փոխարենը ներկա է եղել Հեմինգուեյի կինը՝ Մերին: Համերգից հետո Խաչատրյանին փոքրիկ երկտող է ուղարկել, որում  նշել է, որ այդ երեկո երկու հրաշք է տեղի ունեցել Հավանայում, առաջինը՝ Խաչատրյանի ղեկավարությամբ բոլորովին այլ կերպ հնչող Հավանայի սիմֆոնիկ նվագախումբը, իսկ երկրորդը՝ Խաչատրյանի «Երկրորդ սիմֆոնիա»-ն:  Համերգին ներկա է եղել նաև երկրի նախագահ Ֆիդել Կաստրոն, նաև Չե Գեվարան:

Հանդիպում Արգենտինայում հայտնի հայ ընտանիքների հետ

1957-ին, երբ Խաչատրյանը շրջագայության է մեկնել Հարավային Ամերիկա, այցելել է նաև Բուենոս Այրես: Ինչպես հայտնի է՝ այնտեղ շատ մեծ հայկական համայնք կա, և, իհարկե, շատերն են ուզել կոմպոզիտորին հանդիպել: Հետաքրքիր հանդիպումներից մեկը կապված է մեծահարուստ և ճանաչված Արզումանյանների ընտանիքի հետ: Նրանք, նախապես իմանալով Խաչատրյանի Բուենոս Այրես այցի մասին, գնել են 1911 թվականի եզակի ռոյալ: Այն պատրաստված է եղել ընկույզի փայտից, ստեղնաշարը եղել է փղոսկրյա, իսկ կափարիչին եղել է Անրի Բոնիսի «Ունդինա» կտավի բնօրինակը:  Արզումանյանները մտածել են, որ այդպիսի գործիքի է միայն մաեստրոն արժանի: Խաչատրյանը սիրով ընդունել է այդ հրավերը և նվագել շքեղ ռոյալով: Արզումանյանների դուստրը 2003-ին Խաչատրյանի 100-ամյա հոբելյանի առթիվ ռոյալը նվիրել է Խաչատրյանի տուն-թանգարանին:

Բրազիլահայ Տիրան Մոստիջյանի տանը

Նմանատիպ պատմություն տեղի է ունեցել նաև Բրազիլիայում: Նույն շրջագայության ժամանակ նա հյուրընկալվել է Բրազիլիայում ճանաչված Տիրան Մոստիջյանի տանը: Մոստիջյանը ևս եզակի դաշնամուր է ունեցել, որը, փակվելով, պահարանի տեսք է ստացել: Հյուրասիրությունից հետո Խաչատրյանը նվագել է, որից հետո տանտերը մեխը ձեռքին մոտեցել է մաեստրոյին և խնդրել, որ իր ստորագրությունը թողնի այդ դաշնամուրի կափարիչին: Խաչատրյանն, իհարկե, վրդովվել է, սակայն երկարատև խնդրանքներից  հետո ստորագրել է մեխով: «Դրանից հետո գործիքը դարձել է տանտիրոջ աղջկա օժիտի մի մասը և տեղափոխվել Արգենտինա: Իսկ այնտեղից 80-ականների սկզբին այն որպես նվեր ուղարկել են Երևան՝ Խաչատրյանի տուն-թանգարան: Եվ արդեն տարիներ շարունակ դաշնամուրը ներկայացված է տուն-թանգարանի ցուցասրահներից մեկում»,-եզրափակեց Գրիգորյանը:

Աննա Գրիգորյան

Լուսանկարները՝ Արամ-Խաչատրյանի տուն-թանգարանի ֆոնդից

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]