Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետում տեղադրվեց Հրանտ Հակոբյանի կիսանդրին

ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետում տեղադրվեց Հրանտ Հակոբյանի կիսանդրին

ԳԱՎԱՌ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետում տեղադրվեց փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր մանկավարժ, Գավառի պետական համալսարանի հիմնադիր-ռեկտոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի կիսանդրին եւ նրա անունով լսարան անվանակոչվեց։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի պետական համալսարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, լսարանի բացումը կատարեցին Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը եւ ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը։

Արարողությանը մասնակցեցին գերաշնորհ այրեր, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, ՀՀ կառավարության, Գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ, ռեկտորներ, դեկաններ, կրթության, գիտության եւ մշակույթի գործիչներ, Հրանտ Հակոբյանի ընտանիքի անդամներ, գործընկերներ, ուսանողներ։

Միջոցառումը մեկնարկեց ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի աղոթքով, ինչից հետո բանախոսը ներկայացրեց մանկավարժի կենսագրությունն ու գիտական վաստակը: «Հրանտ Հակոբյանը փիլիսոփա էր թե մասնագիտությամբ, թե կոչումով, միաժամանակ, պատմաբան էր ու բանասեր։ Նա 1964-1985 թվականներին դասավանդել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում, 1985-2003 թվականներին եղել է ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի կրոնի պատմության եւ տեսության ամբիոնի վարիչ, իսկ 1993 թվականից՝ Գավառի պետական համալսարանի հիմնադիր-ռեկտոր:

Հրանտ Հակոբյանը ոչ միայն անվանի գիտնական ու մանկավարժ էր, այլեւ մարդ, ով բարության մարմնացում էր: Նա կանգնած է մեր ֆակուլտետի հիմնադրման ակունքներում, ուստի այս լսարանի բացումը մեր երախտագիտությունն է պրոֆեսորին»,- ասաց դեկանը: Ամենայն Հայոց Կաթողիկոս, Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարքի անունից օրհնության խոսք ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

Իրենց ելույթներով Հրանտ Հակոբյանի գիտական, մանկավարժական աշխատանքին, նրա անուրանալի վաստակին անդրադարձան Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոռեկտոր Արեգ Գրիգորյանը, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի կրոնի պատմության եւ տեսության ամբիոնի դասախոս Վարդան Խաչատրյանը, Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան Համլետ Ղաջոյանը։

«Վաստակաշատ պրոֆեսորը՝ որպես մանկավարժ, մասնագետ, գիտնական եւ ավագ ընկեր, հրաշալի անձնավորություն էր: Մարդ, ում մեջ խտացված էին մարդկային եւ մասնագիտական ամենավեհ արժեքները: Նա, հիրավի, վայելում էր իր գործընկերների եւ ուսանողների անկեղծ սերն ու ակնածանքը»,- նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

«Լայնախոհ, արդարամիտ ու մարդասեր այրը անհուն սիրով սիրում էր մայր հայրենիքն ու ժողովրդին։ Նրա համար ազգային անկախ պետականությունը բացարձակ արժեք էր։ Նա դավանում էր ազգային ու քրիստոնեական ճշմարիտ արժեքների, հավատավորն էր հայի ու հայկականի, նվիրյալն էր մայր բուհի եւ իր գործի։ Հենց այս արժեքային կողմնորոշումներով էլ նա դաստիարակել է իր զավակներին ու թոռներին, իր բազում աշակերտներին եւ ուսանողներին»,-նշեց Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան Համլետ Ղաջոյանը։

Հրանտ Հակոբյանի ընտանիքի եւ Գավառի պետական համալսարանի անունից Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանին, Աստվածաբանության ֆակուլտետի դեկանին, վարչական, պրոֆեսորադասախոսական անձնակազմին, բոլոր ներկաներին երախտագիտություն հայտնեց Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը՝ նշելով, որ լսարանի անվանակոչությունը եւ կիսանդրու տեղադրումը յուրօրինակ խնկարկում է Հրանտ Հակոբյանի լուսավոր հիշատակին։ Միջոցառման ավարտին մասնակիցները դիտեցին Հրանտ Հակոբյանի մասին պատմող տեսաֆիլմ։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]