Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Դեկտեմբեր

«Զարթոնք»-ում աշխատանքի անցնելը մեծ բախտավորություն էր ինձ համար. Թալալ Խրայիս


ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զարթոնք». իմ պատմություն, իմ կիրք ու իմ շարունակականություն: 1968 թվականից առ այսօր, երբ լսում եմ «Զարթոնք» բառը, ակամայից հիշում եմ թանաքի, թղթի հոտը, զգում իմ երջանկահիշատակ տնօրեն Նազարեթ Տոբակյանի ծխամորճի ծուխը: Այդ մարդու մասին հիշողությունը մշտապես վառ է իմ մեջ:

Ես շատ երիտասարդ էի, երբ ստիպված էի թողնել դպրոցն ու աշխատանքի անցել  «Զարթոնք»-ի խմբագրությունում: «Զարթոնք»-ում աշխատանքի անցնելը մեծ բախտավորություն էր ինձ համար: Սկզբնական շրջանում լրագրողական հոդվածներն էի տանում տպագրատուն: Միջավայրը շատ հարազատ էր, եւ իմ կյանքն ամբողջովին փոխվեց հենց այնտեղ՝ հենց Նազարեթի շնորհիվ: Այդ անսահման բարի մարդը մի օր կանչեց հայրիկիս ու խնդրեց, որ ես վերադառնամ դպրոց: Ես սկսեցի հաճախել երեկոյան դպրոց: Նազարեթ Տոբակյանի բարոյական եւ ֆինանսական օգնության շնորհիվ էլ ես համ շարունակեցի կիսատ թողած ուսումս, համ էլ հնարավորություն ունեցած շարունակել աշխատանքս օրաթերթում, ինչն իմ կյանքի կիրքն ու սերն էր:

1970-ականներին, երբ Բուլղարիում բժշկագիտություն էի ուսանում, օրերից մի օր ստացա  «Զարթոնք»-ի օրինակներից մեկը: Նազարեթ Տոբակյանի խմբագրական սյունակը նվիրված էր ինձ՝ օրաթերթում եւ Վահան Թեքեյան կենտրոնում ունեցած իմ գործունեության: Ես երբեք չեմ մոռանա «Զարթոնք»-ի այդ համարը եւ Նազարեթ Տոբակյանի խոսքերը:

Ավելի ուշ հասկացա, որ բժիշկ դառնալն իմ կյանքի ճիշտ որոշումը չէր եւ մի քանի տարի անց, փաստորեն, վերադարձա իմ իրական կոչմանը՝ լրագրությանը: Հռոմում, ավարտելով Քաղաքագիտութան ֆակուլտետը, ես դարձա գրող ու լրագրող:

Այսօր ես հպարտ եմ, որ Հռոմում «Արմենպրես»-ի թղթակիցն եմ ու թղթակցում եմ կամավորության սկզբունքով ու մեծագույն սիրով: Ուրախ եմ, որ ունեմ Արամ Անանյանի նման տնօրեն, հպարտ եմ, որ շարունակում եմ կապ պահել իմ «Զարթոնք»-ի եւ իմ նոր տնօրեն Սեւակ Հակոբյանի հետ: Ես սիրում եմ հայ ժողովրդին, նրա պայքարը, ես սիրում եմ այս անվերջ շարունակվող քաղաքական եւ մշակութային հանձնառությունը:

Ես հուսով եմ, որ ողորմած Աստված ինձ երկար տարիների կյանք կպարգեւի ու ես կկարողանամ շարունակել ու ներդրում անել հայ դատի գործում:

Չգիտեմ էլ, թե ինչու, բայց ակամայից հիշեցի մեծագույն գրող Վիլիամ Սարոյանի խոսքերը՝ Կործանե՛ք Հայաստանը։ Տեսեք՝ կստացվի՞։ Տնահան արեք ուղարկեք անապատները։ Թողեք առանց հացուջրի։ Հրդեհեք տներն ու եկեղեցիները։ Տեսեք՝ նորից չե՞ն խնդա, երգի եւ աղոթի։ Քանի որ երբ նրանցից երկու հոգի հանդիպեն աշխարհի որեւէ մի վայրում, տեսե՛ք, թե ինչպես են ստեղծելու նոր Հայաստան։

Ես էթնիկ հայ չեմ, բայց ես ընտրությամբ եմ հայ ու պատրաստ եմ լինել այդ երկու հայից մեկը:

Զարթոնք. իմ պատմություն. իմ կիրք, իմ շարունակականություն:

Թալալ Խրայիս

Լրագրող

Իտալա-արաբական «Ասսադակահ» կենտրոնի արտաքին հարցերով պատասխանատու




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ