Երևանում՝ 11:07,   3 Մարտ 2024

Գիտնականներն Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը բարձրացրել են իրենց սոցիալական խնդիրների հետ կապված հարցեր

Գիտնականներն Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը բարձրացրել են իրենց սոցիալական խնդիրների հետ կապված հարցեր

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում իշխող քաղաքական ուժի` ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը գիտնականները բարձրացրել են իրենց սոցիալական վիճակի հետ կապված հարցեր: Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

«Որպեսզի երիտասարդները գիտությամբ զբաղվելու ճանապարհով գնան, նրանք պետք է համոզմունք ունենան, որ սոցիալապես ապահով կլինեն, կունենան նորմալ աշխատավարձ: Ցավոք սրտի, այսօր երիտասարդների մոտ նման համոզմունք չկա, դրա համար էլ հատկապես բնական գիտությունների ուղղությամբ գիտությամբ զբաղվելու ցանկացողներ գրեթե չկան: Մենք այս հարցն ենք բարձրացրել հանդիպման ընթացքում, որովհետև այս հարցը կապված է երկու կարևոր հանգամանքի հետ: Առաջինը երիտասարդները ընտրում են գիտությունը, եթե այդտեղ իրեն սոցիալապես ապահով է զգում, ստանում է նորմալ աշխատավարձ, կարողանում է ընտանիք  կազմել, մյուս կողմից աշխատանքը նրանց համար պետք է գրավիչ լինի: Այսինքն, առաջին հերթին պետք է լինի այնպիսի աշխատանք, որ նրանց դուր գա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Մարտիրոսյանը:

Նրա խոսքով` այն միջոցները, որոնք այսօր պետական բյուջեից տրամադրվում են գիտությանը, բավարար չեն առկա բոլոր խնդիրներին լուծում տալու համար, սակայն եղած սուղ միջոցներով, ինչպես նաև արտասահմանյան տարբեր կազմակերպությունների տրամադրած դրամաշնորհների միջոցով արվում է հնարավոր ամեն բան գիտությունն առաջ մղելու համար:

Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը հավելեց, որ հանդիպման ընթացքում խոսել են նաև արտագաղթի, Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարների մասին: «Պարոն Սարգսյանը շատ կարևորեց այն հանգամանքը, որ Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, կարողացել է համագործակցության համաձայնագիր ստորագրել Եվրոպական Միության հետ: Նա ասաց, որ դա հնարավորություն է տալիս լայնացնել մեր շուկան»,- ասաց Ռադիկ Մարտիրոսյանը:

Գիտնականների հետ հանդիպմանն Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանը պետք է կարողանա լավագույնս օգտագործել մտավոր ռեսուրսը, քանի որ երկիրը նյութական մեծ ռեսուրսներ չունի: «Հետևաբար, նա ընդգծեց, որ երկրի ղեկավարության կողմից պետք է մեծ ուշադրություն լինի գիտության, կրթության ոլորտի նկատմամբ»,- մանրամասնեց գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը:

Եզրափակելով խոսքը` Ռադիկ Մարտիրոսյանը կարծիք հայտնեց, որ այս պահին չկա որևէ լուրջ պատճառ, որ Արմեն Սարգսյանը չընդունի Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջարկը` ՀՀ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու վերաբերյալ:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]