Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արամ Մանուկյանի անունը կրող մարզառազմական մասնագիտացված դպրոցի սաները այցելեցին նրա շիրիմին

 Արամ Մանուկյանի անունը կրող մարզառազմական մասնագիտացված դպրոցի սաները 
այցելեցին նրա շիրիմին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրեթե մեկ դար՝ 99 տարի առաջ՝ 1919 թվականի հունվարի 29-ին՝ 39 տարեկանում Երևանում իր մահկանացուն կնքեց հայ ականավոր պետական, քաղաքական, ռազմական գործիչ Արամ Մանուկյանը: Հենց Արամ Մանուկյանն է համարվում Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիրը և եղել է առաջին Հանրապետության ներքին գործերի նախարար, Երևանի դիկտատոր, իսկ մինչ այդ՝ Վանի նահանգապետ:

Ականավոր գործչի մահվան տարելիցին Երևանի քաղաքային պանթեոնում նրա շիրիմին այցելեցին ու հարգանքի տուրք մատուցեցին Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոցի սաները՝ դպրոցի տնօրինության, ուսուցչական ու սպայական անձնակազմի հետ: Դպրոցը բոլորովին վերջերս է անվանափոխվել ականավոր գործչի անունով, և այս այցելությունն, այդ համատեքստում, շատ կարևոր ու պատասխանատու էր սաների համար: 

«Արամ Մանուկյանը մեր այն ազգային գործիչներից է, որի կենսագրությանը, որի կատարած ահռելի աշխատանքին, ջանքերին, իմ կարծիքով, պետք է ծանոթ լինեն բոլորը, իսկ նրա անունը կրող մասնագիտացված դպրոցի սաներն՝ առավել ևս: Շատ կարևոր է, որ մեր սաները այցելում են նրա շիրիմին, ինչը ևս մեկ՝ լրացուցիչ առիթ է վերհիշելու թե՛ Արամ Մանուկյանի հերոսական գործունեությունը Վանի ինքնապաշտպանության կազմակերպման ժամանակ, թե՛ նրա ջանքերը՝ Վանի նահանգի ազգաբնակչությանը փրկելու հարցում, թե՛ նրա գործունեությունը, որպես Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր, ներքին գործերի նախարար ու Երևանի դիկտատոր և թե՛ մեկ անգամ ևս վերհիշելու այն գաղափարները, որ Արամ Մանուկյանը  ավանդեց ապագա սերունդներին»,- նշեց դպրոցի տնօրեն Արմեն Թովմասյանը:

Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրի շիրիմին դպրոցի տնօրենի դաստիարակչական գծով տեղակալ, գնդապետ Վարազդատ Բալիկյանը սաներին ներկայացրեց Արամ Մանուկյանի կյանքը, գործունեությունը, անցած ռազմական ու քաղաքական ուղին, հիշեցրեցին այն պատգամներն ու սկզբունքները, որ թողել է Արամ Մանուկյանը: Նրա անունը կրող մարզառազմական մասնագիտացված դպրոցի սաները, ովքեր չնայած իրենց վաղ տարիքին, արդեն իսկ ընտրել են զինվորականի ուղին, ու որոնցից շատերն ապագայում համալրելու են ազգային բանակի սպայական անձնակազմի շարքերը, մեկ անգամ ևս վերհիշեցին ականավոր պետական, ռազմական, քաղաքական գործիչ, մեծ մտածող Արամ Մանուկյանի պատգամը, որով առաջին Հանրապետության հիմնադիրը շեշտում էր՝ «Մենակ ենք և պետք է ապավինենք միայն մեր ուժերին՝ թե՛ ճակատը պաշտպանելու և թե՛ երկրի ներսը կարգ հաստատելու»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]