Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մարդուն օրգանների փոխպատվաստման կարողությունները Հայաստանում կզարգանան

Մարդուն օրգանների փոխպատվաստման կարողությունները Հայաստանում կզարգանան

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրինագծի ընդունմամբ օրգանների փոխպատվաստման կարողությունները Հայաստանում կզարգանան: Փոխպատվաստում կիրականացվի ոչ միայն մեկ, այլ նաև ուրիշ հիվանդանոցներում: Հստակ կսահմանվի՝ մարդու դոնորական օրգանները շահույթի առարկա չեն կարող դառնալ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:

«Մեր սահմանադրությամբ հստակ նշվում է՝ Հայաստանում եվգենիական փորձերը արգելվում են, և դոնորական օրգանները չեն կարող շահույթի առարկա դառնալ: Այս հասկացությունների համապատասխանեցման նպատակով օրենքում փոփոխություններ ենք իրականացնում: Արգելվում է օրգանները շահույթի առարկա դարձնել: Այսինքն՝ մարդ չի կարող իր օրգանները վաճառել: Փոխպատվաստման համար օրգան տվողները հիմնականում լինում են հիվանդի հարազատները: Օրգան վաճառելու փաստեր Հայաստանում չկան: Սակայն օրենքի կարգավորումը խիստ անհրաժեշտություն է: Երկիրը պետք է պատրաստ լինի և պատժի նման մարդկանց: Այսուհետև վերահսկողությունն ավելի խիստ է լինելու»,-ասաց Խաչատրյանն ու հավելեց, որ փոփոխությամբ իրենք ուզում են նաև օրգանների փոխպատվաստման գործընթացը դարձնել ավելի մեծ կարողություններով և ավելի տարածված:

Ներկայում օրգանների փոխպատվաստում իրականացնում է միայն «Արաբկիր» բժշկական համալիրը: Սակայն դա միայն մեկ հիվանդանոցի խնդիր չէ, հնարավորությունները սահմանափակ են: Օրինակ՝ նախորդ տարի հիվանդանոցն իրականացրել է 10 փոխպատվաստում, այնուամենայնիվ, առաջխաղացում եղել է՝ փոխպատավաստել են նաև երեխաների:  

«Փոխպատվաստումն ավելի լայն և տարածված դարձնելու համար անհրաժեշտ են համակարգային լուրջ փոփոխություններ: Փոխպատվաստման հետ կապ ունեցող մի շարք ծառայությունների՝ ուրոլոգիայի, անեսթեզիոլոգիայի, ինտենսիվ թերապիայի և մի շարք այլ ծառայությունների հզորացումը նախապայման է ստեղծում փոխպատվաստման զարգացման համար: Վիրահատությունից հետո հիվանդների առողջության հետ տեղի ունեցող փոփոխություններին հետևելը բարդ գործընթաց է: Եվ այն փորձն այնքան էլ մեծ չէ մեզ մոտ: Այդ նպատակով ներկայում բանակցություններ ենք վարում ամերիկյան մի համալսարանական կլինիկայի հետ, որը համաշխարհային լիդեր է այս առումով»,-ասաց փոխնախարարը:

Ամերիկացի գործընկերները պատրաստակամ են համագործակցել: Նրանք օգնելու են վերապատրաստումների, փորձի ձեռքբերման հարցում: Ներկայում ընթանում են քննարկումներ: Փոխնախարարի կարծիքով՝ մինչ այս տարվա վերջ նրանք կգան Հայաստան և գնահատումներ կանեն այստեղ: Ներկայում Հայաստանում իրականացվում է միայն երիկամի փոխպատվաստում: «Նախատեսում ենք իրականացնել նաև լյարդի, ենթաստամոքսային գեղձի և այլ փոխպատվաստումներ: Ակնկալվող արդյունքներով թե «Արաբկիր» բժշկական համալիրում օրգանների փոխպատվաստման հնարավորությունները կընդլայնվեն, և թե այլ հիվանդանոցներում կիրականացվեն այդ ծառայությունները»,-եզրափակեց փոխնախարարը:

Օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում լսումներից հետո որոշակի հարցադրումներ են ստացել և ընդունել դրանք: Լրամշակումից հետո այն նորից կուղարկվի ԱԺ:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]