Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզում նվազել են հանցագործությունները

Գեղարքունիքի մարզում նվազել են հանցագործությունները

ԳԱՎԱՌ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի դատախազությունում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի, մարզի իրավապահ համակարգի ղեկավարների մասնակցությամբ ամփոփվել են Գեղարքունիքի մարզում 2017 թվականին կատարված աշխատանքները , քննարկվել եւ վերլուծվել կատարված հանցագործությունների շարժընթացում արձանագրված փոփոխություններին, դրանց պատճառներին, հանցավորության դեմ քրեաիրավական պայքարին առնչվող հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, Գեղարքունիքի մարզի դատախազ Սարգիս Մնացականյանը ներկայացրել է արձանագրված հանցագործությունների դեպքերով իրականացված հետաքննության եւ նախաքննության քանակական եւ որակական ցուցանիշները, վերլուծել դրանց պատճառները: Ըստ զեկուցողի՝ 2017թվականի ընթացքում մարզում գրանցված հանցագործությունները նվազել են 11,2 տոկոսով: Ծանր հանցագործության դեպքերը նվազել են մոտ 16 տոկոսով, իսկ գրանցված 5 սպանության դեպքերից առայժմ չի բացահայտվել 1-ը: Հրազենի գործադրմամբ կատարված բոլոր 3 դեպքերն էլ բացահայտվել են: Նախորդ տարվա համեմատ մարզում փոքր- ինչ նվազել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշը: Արձանագրվել է, որ մեծ թիվ են կազմում չբացահայտված բնակարանային գողությունների դեպքերը: Դրական արդյունքներ են արձանագրվել հետախուզվող մեղադրյալների հայտնաբերման գործընթացում: Եթե 2016թվականին հայտնաբերվել է 68 հետախուզվող անձ, ապա 2017թվականին նրանց թիվը կազմել է 81: Նվազում է արձանագրվել մահվան ելքով ավտովթարների դեպքերի դինամիկայում:

Խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Գեղարքունիքի մարզում գոհացուցիչ չէ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետությունը:

Նա առանձնացրել է հատկապես այս ուղղությամբ օպերատիվ-հետախուզական աշխատանքներն ակտիվացնելու, նմանատիպ ցանկացած դեպքի քննության ընթացքում դրանում ներգրավված պաշտոնատար անձանց ամբողջական շրջանակը պարզելուն ուղղված քննչական եւ դատավարական գործողություններ իրականացնելու անհրաժեշտությունը: ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է, որ այդ գործողությունների պլանավորմամբ, նախաքննության ճիշտ մարտավարություն ընտրելու եւ գործադրելու, ինչպես նաեւ տեղին եւ ժամանակին դատախազական ներգործության միջոցներ կիրառելու շրջանակներում քրեական հետապնդման մարմինների միջեւ սերտ համագործակցությունը հանցագործությունների բացահայտման եւ լիարժեք, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն ապահովելու հիմնական երաշխիքներից է:

Այս տեսանկյունից Արթուր Դավթյանը կարեւորել է հատկապես ծանր, առանձնապես ծանր հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ քրեական հետապնդման մարմինների հետեւողականությունը: Հատկապես սպանության, սպանության փորձի եւ առողջությանը ծանր վնաս հասցնելու ցանկացած դեպքով քննության առարկա պետք է դարձնել նաեւ իրավապահ մարմինների կողմից դրանց կանխարգելման հնարավորությունը:

«Երբ այդ դեպքերի քննության արդյունքում կպարզվի, որ իրավապահ մարմիններից որեւէ մեկը, ցանկացածը, այստեղ անելիք է ունեցել եւ թերացել է, պետք է առանձին իրավական գնահատականի արժանանա»,-նշել է ՀՀ գլխավոր դատախազը:

Խորհրդակցության ընթացքում բարձրացված խնդիրների լուծման նպատակով նրա կողմից տրվել են հանձնարարականներ:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]