Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գևորգ Բարդակչյանի ժողովածուում հայ գրականությունը դիտարկվում է նաև արևելյան և եվրոպական գրականությունների համատեքստում

Գևորգ Բարդակչյանի ժողովածուում հայ գրականությունը դիտարկվում է նաև արևելյան և եվրոպական գրականությունների համատեքստում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օքսֆորդի համալսարանի դոկտոր, Միչիգանի համալսարանի դոկտոր, պրոֆեսոր, բանասեր, պատմաբան և գրականագետ Գևորգ Բարդակչյանի 7 հոդվածները թարգմանվել են հայերեն և հրատարակվել մեկ գրքում: Հոդվածները նվիրված են հայ միջնադարյան և նոր շրջանի մշակույթին, գրականությանը և պատմական հարցերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 29-ին Բարդակչյանի ծննդյան 75-ամյակին նվիրված նիստին կայացավ նաև «Պատմաբանասիրական հոդվածներ» գրքի շնորհանդեսը:

«Գիրքը արժևորվում է թե պատմագիտական, թե գրականագիտական առումով: Անգլերեն հոդվածների հայերեն թարգմանություններն ընդգրկել են հայ գրականության և հայոց պատմության տարբեր շրջանները: Ընտրվել են հատկապես այնպիսի հոդվածներ, որտեղ ինքնատիպ դրույթներ կան: Օրինակ՝ Կոնստանտին Երզնկացու մասին հոդվածում բանաստեղծին երազում շնորհ տրվելու երևույթի կիրառություններ է ներկայացրել նաև արևելյան ժողովուրդներում: Գիրքը կարևորում եմ ոչ միայն ինֆորմացիոն և գիտական, այլ նաև հետազոտության մեթոդի առումով: Այս հետազոտության մեթոդով հայ գրականության յուրաքանչյուր երևույթ դիտարկվում է ոչ միայն տվյալ գրողի ստեղծագործության, հայոց պատմության շրջանակում, այլ ընդհանուր արևելյան և եվրոպական գրականությունների համատեքստում»,-ասաց գրքի խմբագիր Վարդան Դևրիկյանը:

Գիրքը գիտելիքներ է տալիս ոչ միայն հայ գրականության, այլ նաև արևմտահայ միջավայրին վերաբերող ընդհանուր պատմագիտական հատվածներից:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի համար յուրօրինակ նշանակություն ունի սփյուռքում ապրող, արարող մարդու կերպարը, ով ոչ թե ընտրել է շահութաբեր, այլ հայոց լեզվի և պատմության մասնագիտությունը: «Կարծում եմ՝ այս քայլն արդեն խոսում է Գևորգ Բարդակչյանի ընտանիքի ազգային նկարագրի մասին: Որպես սփյուռքի պատասխանատու՝ ինձ համար մեծագույն շնորհակալության է արժանի նրա այսօրվա գործունեությունը՝ Միչիգանի համալսարանում ղեկավարել հայոց լեզվի ամբիոն: Նա կարողացել է հայոց լեզուն, հայ գրականությունը և պատմությունը ոչ միայն հայերին, այլ նաև օտարներին դասավանդել: Այս առումով մեծ գործունեություն է ծավալել»,-ասաց նախարարը:

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի կարծիքով՝ Բարդակչյանը մտավորականության այն ներկայացուցիչն է, ով իրեն նվիրել է գիտակրթական համակարգի զարգացմանը: «Սփյուռքում մենք շատ հայագիտական կենտրոններ ունենք: Այդ կենտրոնների մեջ Միչիգանի համալսարանի հայագիտական կենտրոնը կարևոր դեր է գրավում: Դրա հայագիտական ծրագրերը երկար տարիներ ղեկավարում է Գևորգ Բարդակչյանը: Նա մշտապես այցելում և մասնակցում է հայագիտական գիտաժողովներին՝ տալով դրանց բարձր բովանդակություն»,-ասաց նա ու շնորհավորեց Բադակչյանին ծննդյան և գրքի լույս ընծայման առիթով:

Բարդակչյանի խոսքով՝ ինքը հայերեն չի գրում: Եվ նա կարևորեց այն փաստը, որ իր մի քանի հոդվածներ թարգմանել և հրատարակվել են հայերեն: «Ներկայում թարգմանում եմ Գրիգոր Դարանաղցու «Ժամանակագրություն»-ը: Գրիգոր Դարանաղցու, Դավրիժեցու և Երեմիա Քյոմուրջյանի աշխատանքները և գործունեությունը շատ կարևոր են կանխորոշելու հայագիտության հետագա ընթացքը և հայ ժողովրդի պատմության հարցերը:Դարանաղցին ժողովրդի կյանքի մասին է պատմում: Նա ավելի շատ գրում է սոցիալական պատմություն, քան սուլթանի, մեծամեծերի մասին: Դարանաղցին ներկայացնում է ժողովրդի կյանքը, առօրյան»,-նշեց նա: 

Բարդակչյանը 1974-1987-ին դասախոսել է Հարվարդի համալսարանում: 1987-ից տեղափոխվել  Միչիգանի համալսարան, որտեղ մինչ օրս ղեկավարում է Մարի Մանուկյանի անվան հայոց լեզվի և գրականության ամբիոնը: Երկար տարիներ եղել է ԱՄՆ-ի Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության նախագահ: 1979-ից եղել է Օքսֆորդի համալսարանի  հայագիտության և արևելագիտության դոկտոր, 2006-ին ստացել է ԵՊՀ Պատվավոր դոկտորի, իսկ 2011-ին՝ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Պատվավոր դոկտորի կոչում: 2011-ին ընտրվել է ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am