Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գեղամ Գրիգորյանի ծննդյան օրը Պանթեոնում բացվեց նրան նվիրված հուշարձանը  

Գեղամ Գրիգորյանի ծննդյան օրը Պանթեոնում բացվեց նրան նվիրված հուշարձանը

 

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծանուն օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանի անունը ոսկե տառերով է գրվել հայ երգարվեստում, և նա  հավերժ կմնա հայկական կատարողական վարպետության մատյանում, դասագրքում: Այս մասին Գեղամ Գրիգորյանի հուշարձանի բացմանն ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ երգչի ծննդյան օրը` հունվարի 29-ին, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի

«Երբ ապրիլի 23-ին աշխարհն իմացավ Գեղամ Գրիգորյանի մահվան մասին, նույն օրը այն եվրոպական օպերային թատրոններում, որտեղ գոնե մեկ անգամ ելույթ էր ունեցել Գրիգորյանը, 24 ժամ շարունակ հնչել են նրա կատարումները: Գեղամ Գրիգորյանը, վաստակելով այդ սերը, համբավը, հեղինակությունը, չափազանց բարձր պահեց հայկական կատարողական արվեստի նշաձողը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նախարարը:

Մի առիթով երգիչն ասել է, որ եթե չդառնար օպերային երգիչ, շինարարի մասնագիտությունը կընտրեր:

Ամիրյանի խոսքով՝ Գեղամ Գրիգորյանը հայ ժողովրդի հոգիների, երևակայության շինարարությամբ էր զբաղված և կարողանում էր կառուցել մեր հայրենիքի այսօրն ու վաղը:

Նա շեշտեց, որ Գեղամ Գրիգորյանն ուներ շատ ծրագրեր ու նպատակներ՝ կապված օպերային թատրոնի հետ: Նախարարն ասաց, որ կփորձեն իրականացնել նրա նպատակները՝ բեմադրել ներկայացումներ, այս տարի կյանքի կոչել օպերային թատրոնի բացօթյա բեմահարթակի կառուցումը:

Երգչի գերեզմանի վրա տեղադրված խորհրդանշական արձանի հեղինակ հայտնի քանդակագործ, Վրաստանի վաստակավոր նկարիչ Թեյմուրազ Մուրվանիձեն ասաց, որ իր և Գեղամ Գրիգորյանի միջև եղբայրական մտերմություն է եղել: «Միասին ենք աշխատել Մարիինյան թատրոնում. նա համար առաջին մեներգիչն էր, իսկ ես՝ թատրոնի նկարիչը: Գեղամն ինձ համար աշխարհի լավագույն երգիչներից է, այդ պատճառով հուշարձանը ձոնել եմ նրա տաղանդին: Այն խորհրդանշում է նրա հանճարեղ ձայնը»,-ասաց նկարիչ-քանդակագործը:

Միջոցառմանը ներկա էին Գեղամ Գրիգորյանի արվեստի երկրպագուներ,

 Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական կազմի ներկայացուցիչներ, դեսպաններ:

 ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը նշեց, որ Գեղամ Գրիգորյանը շատ էր սիրում Լիտվան (որտեղ աշխատել էր մի քանի տարի-խմբ.), իրենց դեսպանությունը, և ինքն ուրախ է, որ բախտ է ունեցել առնչվել մեծահոգի և բարի օպերային երգչի հետ:

 Արձանն իրականություն դարձավ ՀՀ կառավարության աջակցությամբ:

Գեղամ Գրիգորյանը ծնվել է 1951 թվականի հունվարի 29-ին Երևանում։ Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Գրիգորյանն առաջին անգամ մեծ բեմում հանդես է եկել 1971 թվականին: 1975-ին կայացել է նրա առաջնելույթը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Նա հանդես է եկել Էդգարի դերերգով՝ Դոնիցետիի «Լուչիա դի Լամերմուր» օպերայում։ Դրան հաջորդել են Սարոյի, Տիրիթի, Սայաթ-Նովայի դերերգերը: Նա Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում առաջնելույթով հանդես է եկել Պինկերտոնի դերում (Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ» օպերա)։ Այս ելույթից հետո «Լա Սկալա»-ի թատրոնի հետ ստորագրել է պայմանագիր՝ այնտեղ «Բորիս Գոդունով» և «Տոսկա» օպերային ներկայացումներում գլխավոր դերերով հանդես գալու համար: Գրիգորյանը  հանդես է եկել «Եվգենի Օնեգին», «Դոն Կարլոս», «Տրավիատա», «Ռիգոլետո» և շատ այլ օպերաներում: 1999 թվականին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նրան հրավիրում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, որպես գեղարվեստական ղեկավար։ Այս պաշտոնում թատրոնը ղեկավարել է մինչև 2008 թվականը։ Այդ տարիներին թատրոնում Գրիգորյանը որպես ռեժիսոր բեմադրել է Վերդիի «Տրավիատան», հայ կոմպոզիտորների օպերաներ՝ Տիգրանյանի «Անուշը», Չուխաջյանի «Արշակ Երկրորդը» և այլն: 2015 թվականին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և օպերային թատրոնի աշխատակազմի խնդրանքով վերադարձել է Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ որպես գեղարվեստական ղեկավար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]